Մինչ հասարակությունը պայքարում է տրանսպորտի թանկացման դեմ եւ պահանջում այն վերանայել, ժողովրդի կողմից «ընտրված» քաղաքապետ Տարոն Մարգարյանն «անհետ կորածների շարքն» է անցել եւ այս երեք օրերի ընթացքում անգամ փորձ չի արել հանդարտեցնել իր «ընտրողներին»:
Հիշո՞ւմ եք, 2013թ. մարտի 28-ին Տարոն Մարգարյանը, տարված նախընտրական քարոզչության գրավչությամբ, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել եւ առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»: Բայց, ինչպես շատ այլ հարցերում, այս անգամ էլ քաղաքապետը ստեց. հասարակական տրանսպորտի ուղեւարձը 100 դրամից դարձել է 150 դրամ: Եվ ահա Տարոնի փոխարեն Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տխրահռչակ պետ Հենրիկ Նավասարդյանն է հրապարակավ փորձել հիմնավորել ուղեվարձի թանկացման փաստը:
«Այս վերջին տարիների ընթացքում թանկացել են ե՛ւ մեքենաները, ե՛ւ ավտոպահեստամասերը, ե՛ւ վառելանյութը: Վերջին շրջանում դիզվառելիքի գինը նույնպես ավելացել է, եւ ստացված գումարի շուրջ 60-70 տոկոսը ծախսվում է դիզվառելիքի վառելանյութի վրա: 10 տարի շարունակ Հայաստանում գնաճ է գրանցվում, սակայն ուղեվարձի գինը չի փոխվում, թեեւ դա միշտ արդիական է եղել, եւ այդ հարցն ընկերությունները միշտ բարձրացրել են»,-ասել էր Նավասարդյանը` ներկայացնելով միկրոավտոբուսի մեկ ուղեւորի փոխադրման սակագնի հաշվարկը (մեկ ամսվա կտրվածքով).
1. օրական 1 միկրոավտոբուսի միջին վազք + 10 կմ զրոյական 215 կմ
(միկրոավտոբուսի 1 շրջապտույտը՝ 32 կմ, 6.5 երթ)
2. մեկ միկրոավտոբուսի վառելիքի միջին ծախսը՝ 100 կմ 18.5 մ3
3. 30 օրվա վառելիքի ծախսը (215 x 30 = 6450 կմ/100 x 18.5 ե 1195մ3)՝
1195մ3 x 220 դրամ 262.900 դրամ
4. յուղի փոխարինում ամսական
(6450 կմ համար՝ 6.8լ x 1900 դրամ)՝ 12.920 դրամ
5. այլ (տրանսմիսիոն) յուղեր եւ քսայուղեր (40.000 վազքի համար)՝ 1870 դրամ
6. մարտկոց (34.000 : 24)՝ 1417 դրամ
7. անվադողեր (վազքը 75.000 կմ) (6 x 38.000 : 11,6)՝ 19.655 դրամ
8. պահեստամասեր, ընթացիկ նորոգում (նախկին նորմ – 20%)՝ 65.000 դրամ
9. վարորդների աշխատավարձ (ներառյալ հարկեր)՝ 150.000 դրամ
10. հարկեր (հաստատագրված)՝ 33.600 դրամ
11. երթուղու սպասարկման վճար՝ 16.500 դրամ
12. գույքահարկ, տեխզննում, ԱՊՊԱ՝ 6.000 դրամ
13. ավտոմեքենայի ամսական ամորտիզացիան (ներառյալ վարկի %)՝ 190.138 դրամ
(11,408,280/60)
14. վերադիր ծախսեր (միջին)՝ 1.573 x 30 47.190 դրամ
15. ընդամենը ծախսեր՝ 807.190 դրամ
16. վճարովի ուղեւորների թիվը՝ 5.850
Ընդամենը ինքնարժեքը
((3 + 4 + 5 + 6 + 7 + 8 + 9 + 10 + 11 + 12 + 13 + 14) / 5.850) 138.0 դրամ
Շահույթ 5% 6.9 դրամ
Մեկ ուղեւորի փոխադրման սակագինը՝ 144.9 դրամ
Ավտոբուսի մեկ ուղեւորի փոխադրման սակագնի հաշվարկը (մեկ ամսվա կտրվածքով)
1. օրական 1 ավտոբուսի միջին վազք + 10 կմ զրոյական 230 կմ
(ավտոբուսի 1 շրջապտույտը՝ 36.7 կմ, 6 երթ)
2. մեկ ավտոբուսի վառելիքի միջին ծախսը՝ 100 կմ 25 լ
3. 30 օրվա վառելիքի ծախսը (230 x 30 = 6900 կմ/100 x 25 լ = 1725 լ)՝
1725 լ x 460 դրամ 793.500 դրամ
4. յուղի փոխարինում ամսական (6900 կմ համար՝ 10.5 լ x 1900 դրամ)՝ 19.950 դրամ
5. այլ յուղեր եւ քսայուղեր՝ 3.000 դրամ
6. մարտկոց (38.000 x 2 / 24)՝ 3.167 դրամ
7. անվադողեր (վազքը 80.000 կմ) (6 x 84.000 x 0.08625)՝ 43.470 դրամ
8. պահեստամասեր, ընթացիկ նորոգում (նախկին նորմ – 20%)՝ 106.947 դրամ
9. վարորդների աշխատավարձ (ներառյալ հարկեր)՝ 200.000 դրամ
10. հարկեր (հաստատագրված)՝ 44.000 դրամ
11. երթուղու սպասարկման վճար՝ 16.500 դրամ
12. գույքահարկ, տեխզննում, ԱՊՊԱ՝ 6.000 դրամ
13. ավտոմեքենայի ամսական ամորտիզացիան (ներառյալ վարկի %)՝ 316.600 դրամ
14. վերադիր ծախսեր (միջին)՝ 1.573 x 30 47.190 դրամ
15. ընդամենը ծախսեր՝ 1.600.324 դրամ
16. վճարովի ուղեւորների թիվը՝ 10.680
Ընդամենը ինքնարժեքը
((3 + 4 + 5 + 6 + 7 + 8 + 9 + 10 + 11 + 12 + 13 + 14) / 10.680) 149.8 դրամ
Շահույթ 5% 7.5 դրամ
Մեկ ուղեւորի փոխադրման սակագինը՝ 157.3 դրամ
«Հայ ազգային կոնգրես»-ի տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով քաղաքապետարանի կողմից ներկայացված թվերին, նշեց, որ այդ հիմնավորումը ոչ թե թանկացման անհրաժեշտություն է, այլ ապացույց, որ տնտեսվարողներն ու քաղաքապետարանը մինչ այժմ հսկայական գերշահույթներ են ստացել եւ շարունակելու են ավելի մեծ շահույթ ստանալ:
«Երբ ուսումնասիրում ենք ներկայացված թվերը, տեսնում ենք, որ թանկացման համար որեւէ հիմք չկա: Տնտեսվարողի վարկը ներկայացնում են որպես ծախս, այնինչ դա պետք է ներառել ոչ թե ծախսերի, այլ նրա ռիսկերի ոլորտ: Նման հաշվարկի պարագայում ուղեւորափոխադրումը դառնում է առանց ռիսկի, բարձր եկամտաբերությամբ հոյակապ բիզնես», -նշեց Վ. Խաչատրյանը:
Ըստ նրա` քաղաքապետարանի համեստ թվերն իրականում պետք է առնվազն կրկնապատկել, որովհետեւ միկրոավտոբուսները գրեթե առանց բացառության կանգնած ուղեւորներ են տեղափոխում, բացի այդ, երթուղու ընթացքում անընդհատ ուղեւորները ելումուտ են անում. «Նշված է, որ օրական մեկ մեքենան 6,5 երթ է կատարում, բայց սա էլ ֆիզիկապես հնարավոր չէ: Ամենաշատը 5 երթ կարող է կատարել: Նշված է, որ միկրոավտոբուսի վարորդը ստանում է 150 հազար, իսկ ավտոբուսինը՝ 200 հազար դրամ աշխատավարձ: Հարցրե՛ք ցանկացած վարորդի, 80 հազարից ավել աշխատավարձ չեն ստանում: Հիմնավորման մեջ գազի մեկ խմ գինը սահմանված է 215 դրամ, այնինչ հայտնի է, որ 200 դրամից ավել չէ: Եվ այսպես, գրեթե բոլոր կետերում չափազանցություններ կան»:
Ի դեպ, երեկ նաեւ տաքսի ծառայությունների գներն էին բարձրացել: Մինիմալ ծառայությունը կրկին 600 դրամ էր, սակայն 4 կմ վարելու համար տաքսու վարորդներից շատերը գանձում էին 700 դրամ. այսինքն` տեղի էր ունենում ակնհայտ խաբեություն: Իսկ 1 կմ-ի համար նախկին 100 դրամի փոխարեն պահանջում էին 130 դրամ` դարձյալ ուռճացված կիլոմետրերով: Վ. Խաչատրյանի խոսքով՝ տաքսիների գներն էլ բարձրացնում են, որպեսզի արդարացնեն հասարակական տրանսպորտի թանկացումը. «Ավազակապետությունը սա է, որ ասում էինք»:
ԸՆԴԴԵՄ 150 ԴՐԱՄԻ
Տրանսպորտային միջոցների ծառայության գների բարձրացման մասին Երեւանի քաղաքապետարանի որոշումը միանշանակ չընդունվեց քաղաքացիների կողմից: Հուլիսի 19-ից քաղաքապետարանի դեմ սկսվեց պայքարի առաջին ալիքը: Մի խումբ ցուցարարներ վերցրել էին «Չեմ հարստացնելու «գծի տերերին»», «Վարո՛րդ, միացի՛ր պայքարին» եւ այլ բովանդակությամբ պաստառներ եւ կանգնել փողոցում: Ի նշան բողոքի՝ մի խումբ ակտիվիստներ քաղաքապետարանի մուտքը փակած ոստիկանների գլխավերեւով 50-դրամանոց մետաղադրամներ էին նետել քաղաքապետարանի ուղղությամբ:
Թանկացման փաստով մտահոգված հայտարարություններ են արել մի շարք կուսակցություններ` «Ազատ դեմոկրատներ»-ը, «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Առաքելություն»-ը, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւա՛ն» խմբակցությունը:
Մի շարք հայտնի դերասաններ, հաղորդավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւս անտարբեր չեն մնացել թանկացմանը: Դերասան Հայկ Մարությանը, «Վիտամին» ակումբի Գարիկ Պողոսյանը, հաղորդավար Պետրոս Ղազարյանը, Ալեն Սիմոնյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ողջ օրը, իրենց մեքենաներով քաղաքացիներին անվճար տեղափոխում էին տարբեր ուղղություններով:
«Ժողովուրդ»-ի լրագրողներն էլ ցուցադրաբար նստեցին մի քանի երթուղայիններ եւ հրապարակավ կոչ արեցին մարդկանց վճարել 100 դրամ եւ իջնել:
«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան երեկ ավարտվեց: Արդյունքում՝ քաղաքացիական ակտիվիստներ Արսեն Օհանյանը, Դավիթ Հարությունյանը եւ Սոնա Մսրյանը բերման էին ենթարկվել, իսկ որոշ ակտիվիստների բերման ենթարկելիղ ոստիկանները հանդիպել էին քաղաքացիների դիմադրությանը եւ նահանջել: Այնուամենայնիվ ակցիան այսօր կշարունակվի: