Պռոշյանի գյուղապետարանի 15 աշխատակիցներից 13-ն այսօր ինքնակամ հրաժարականի դիմում են ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու պահանջով, պատճառաբանելով, որ իրենք չեն կարող աշխատել նոր գյուղապետ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մուրադյանի հետ, որովհետև գյուղապետարանում անվստահության մթնոլորտ է։
Աշխատակազմը հիմնավորում է իր այս քայլը նրանով, որ Հրաչ Մուրադյանի սպանությունից մինչև այսօր չեն բացահայտվել սպանության պատվիրատուները: Նորընտիր գյուղապետը, ըստ նրա, ընտրվելուց հետո որևէ կերպ աշխատակազմի հետ չի փորձել կապի մեջ մտնել, միայն մեկ անգամ մարզպետարանի ներկայացուցիչը նրան ներկայացրել է աշխատակազմին: Այս օրերին, սակայն, աշխատակազմն աշխատել է, իրենց պարտականությունները կատարել են:
“Մենք պատճառաբանում ենք, որ չունենք վստահության մթնոլորտ, գյուղապետի սպանության գործը բացահայտված չէ”,- ասաց Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը:
Նա նշեց, որ գյուղապետի նկատմամբ էլ չկա վստահություն, որ գյուղապետի սպանությունն, իրենց կարծիքով, ունի քաղաքական ենթատեքստ։ “Մտածում ենք, որ մարդիկ կային, որ ձգտում էին այդ պաշտոնին, ընտրությունների ընթացքը քարոզարշավը նույնպես ապացուցեց, որ լարված ընտրապայքար էր”,- ասաց նա:
Նշենք, որ աշխատակիցները դժգոհում են՝ ասելով, թե նոր գյուղապետն ամեն օր իր հետ մարդիկ է բերում գյուղապետարան, որոնք ոչ մի կապ չունեն գյուղապետարանի հետ։ Այդ մարդկանց թվում է նաև Արմենուհի Մելիքյանը, ով Պռոշյանում Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել։