Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործը կարծես թե հանգուցալուծվում է: Մարտի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ոստիկանապետի տեղեկալի եղբայրը, գործի քննությունը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, ու հիմա արդեն տեղի ունեցածի մասով ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:
Կոլեկտիվ ջանքերով
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի եւ Արթուր Գեւորգյանի միջեւ վիճաբանություն էր եղել, ինչի արդյունքում ոստիկանապետը ծեծի էր ենթարկել Արթուր Գեւորգյանին: Արթուրը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն է, որին դեպքից հետո ոստիկանապետ Ազիզյանը ազատել էր աշխատանքից:
Մեր կողմից հրապարակված տեսանյութում ակնհայտ երեւում է, որ ոստիկանապետը հարվածում է Արթուրին, ինչի ականատեսն են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը: Ու հենց նրանց գործուն ջանքերով էլ սցենար էր մշակվել՝ ինչպես մեղադրել Արթուր Գեւորգյանին՝ նրան առաջադրելով մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն: Սակայն դեպքից երկու շաբաթ անց ՀՀ վերաքննիչ դատարանը ազատազրկված Արթուր Գեւորգյանին ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց:
«Ժողովուրդ»-ը որոշեց զրուցել ծեծի կիզակետում հայտնված Արթուր Գեւորգյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ բախվեց ոստիկանապետ Ազիզյանի հետ, արդյո՞ք ճանաչելով է վիճել. «Ես չեմ ճանաչել ոստիկանապետին: Դատարանում էլ եմ ասել, որ եթե ճանաչեի՝ նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց կանգնած է իմ եղբայրը, քանի որ իմ հայրս 31 տարի ոստիկան է աշխատել, եղբայրս երկար տարիներ ոստիկան է աշխատում ու իր տեղակալն է, ես անկեղծ չեմ իմացել»:
Ցավում եմ
-Իսկ ե՞րբ իմացաք, որ Ձեզ հետ վիճողը ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն է, եւ ի՞նչ ասացիք:
-Որ ինձ տփելուց հետո տարան ոստիկանապետի մեքենայի մեջ, այնտեղ մի ոստիկան՝ Արա Միրզոյանը, տեղեկացրեց, թե գիտես՝ ում հետ գործ ունես, ոստիկանապետն է: Ես էլ ասեցի, հա, բայց, եթե նա ոստիկանապետն է, պիտի ինձ մերով քրֆի, ինձ ծեծի, տենց ո՞նց կլինի:
-Տեսանյութում նկատում ենք, որ Դուք փորձում եք ինչ-որ բան բացատրել կամ ասել: Ի՞նչ էիք ասում ոստիկանապետին:
-Ասում էի՝ ինձ մեր մի քրֆի, ես հիվանդ մեր ունեմ, իսկ ոստիկանապետը շարունակում էր:
-Ականատեսներն ասում են, երբ ոստիկանապետը մոտեցել է Ձեզ եւ ասել է, թե ինչո՞ւ եք ոստիկանի հետ «արա»-ով խոսում, Դուք առաջինն եք եղել, որ հայհոյել եք ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանին, ինչն էլ բարկացրել է նրան:
-Ինքը ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապեր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս արա, ու տփոց:
-Լավ, Ձեզ տարան ոստիկանության Գորիսի բաժին, Դուք արդեն գիտեիք՝ ում հետ գործ ունեք, փորձեցի՞ք հանգստացնել ոստիկանապետին, համաձայնության գալ՝ իրավիճակը հարթելու համար:
-Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել, ի՞նչ հանգստանալու մասին էր խոսքը, էլ հնարավոր չէր:
-Ի՞նչ դասեր քաղեցիք կատարվածից:
-Ես ցավում եմ ե՛ւ եղբորս, ե՛ւ ոստիկանապետի համար, որ երկուսն էլ չեն աշխատում, չէի ուզենա նման բան լիներ, ցավալի էր:
Ով ում գլխին սարքեց
Դեպքից հետո Գորիս քաղաքում տեղեկություններ տարածվեցին, որ ոստիկանապետ Ազիզյանի գլխին սարքեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, քանի որ ըստ լուրերի՝ ոստիկանապետի եւ մարզպետի «ջրերը մեկ առվով չեն հոսել»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արթուր Գեւորգյանը անդրադառնալով այս տեղեկություններին՝ ասաց, որ ինքը մարզպետին լավ ճանաչում է, բայց նա այս միջադեպի հետ կապ չունի:
Ինչեւէ, արձանագրենք, որ Գեւորգ Ազիզյանի ցուցաբերած պահվածքին օպերատիվ կերպով արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` մինչեւ քննության ավարտ դադարեցնելով նրա լիազորությունները: Իսկ ինչ է սպասվում ծեծի գործով կարկառուն վկաներին, որոնք, ըստ էության, գործը օբյեկտիվ քննելու փոխարեն, ծածկադմփոց էին արել, նրանց վերադասները լռում են:
Ինչու են լռում ղեկավարները
Ինչո՞ւ են լռում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ո՛չ տեսել, ո՛չ էլ լսել են կատարվածի մասին: Ակնհայտ է, որ մարզի քննչական կոմիտեի ղեկավար Վահան Ղադունցի, մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ու նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանի ջանքերի շնորհիվ է տուժողը մեղադրյալ դարձել: Ավելին՝ հիմա էլ առաջ են քաշում թմրամոլության վարկածը՝ թե երիտասարդները թմրանյութի ազդեցության տակ են եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հարցով կրկնակի փորձաքննություն կիրականացվի:
«Ժողովուրդ»-ը փորձեց Սյունիքի մարզի քննչական կոմիտեի ղեկավար Վահան Դաղունցից պարզել, թե մտավախություն չունի, որ ՀՔԾ-ում քննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գան, թե ինչպես են իրենք տուժողին մեղադրյալ սարքել, Վահան Դաղունցը պատասխանեց, թե մտավախություն չունի. «Այլ բան չեմ կարող ասել, դիմեք լրատվական բաժին»:
Իսկ, ահա, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ասպուր Ավետիսյանը խնդրեց չանհանգստացնել իրեն, քանի որ քննություն է ընթանում:
Դիմում ՀՔԾ
Արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանապետ Ազիզյանն իր ցուցմունքում գրել էր, թե Արթուր Գեւորգյանի նկատմամբ կիրառել է ոստիկանական հնարք, չի ծեծել: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն բովանդակությամբ ցուցմունք էր տվել նաեւ Արթուրի ընկեր Վահրամ Խաչատրյանը՝ նշելով, թե Ազիզյանը ոստիկանական հնարք է կիրառել իր ընկերոջ նկատմամբ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վ. Խաչատրյանը հայտնեց, որ ցուցմունքի մեջ գրել է, թե դեպքի օրերին ինքը հոգեբանորեն ճնշված է եղել. «Կյանքում ես ո՛չ ընկած եմ ոստիկանություն, ո՛չ էլ ցուցմունք տված եմ: Ես ասել եմ, որ ոստիկանապետը վզից բռնել, քցել է գետնին, ինձ ասել են՝ գրի ոստիկանական հնարք: Չգիտեմ՝ ինչ հնարք է դա, ինձ ասեցին, դե, գրի, հատուկ հնարքով քցեց գետնին: Հետո հասկացել եմ, ուզում եմ ուղղումներ անել, հատուկ հնարքը փոխեմ, քանի որ իրականում՝ չգիտեմ հատուկ հնարքը ինչ է»:
Ահա ինչպես են մարզի քննչականի ղեկավարն ու դատախազը «գործ սարքել» Արթուր Գեւորգյանի գլխին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՉՈՒ ՆԱ ԸՆՏՐՎԵՑ ԹԻՐԱԽ
Մարտի 25-ին՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, իր տան մոտ երկու դիմակավորված անձինք հարձակվել եւ դանակահարել էին Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանին: Ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների՝ բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել անձնական հողի վրա: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց բժշկի դստեր՝ Ելենա Ասատրյանի հետ. «Վստահեցնում եմ Ձեզ, որ իմ հայրիկը թշնամիներ չունի: Ավելին՝ նշեմ, որ կատարվածը անձնական հողի ու մասնագիտական գործունեության հետ էլ չի կարող կապ ունենել, որովհետեւ իմ հայրը շատ բարի մարդ է, որ հարցնեք մարդկանց, կտեսնենք, բոլորն էլ դա կհաստատեն »:
Ելենա Աստրյանի խոսքով՝ իր հայրիկի վրա հարձակվել են գողության նպատակով. «Այլ բան չի կարող լինել: Երբ հարձակվել են հայրիկիս վրա, նա օգնություն է կանչել, ու մայրիկիս գոռոցների օգնության կանչի վրա հանցագործները փախել են: Ես այդ ժամանակ տանը չեմ եղել: Հայրիկս մեզ ասել է, որ հանցագործները ոչ մի բառ չեն ասել իրեն եւ քանի որ դիմակավորված են եղել, չի կարողացել ճանաչել»:
Մեր զրուցակցից տեղեկացանք, որ իրավապահները տարածքում հսկողություն են իրականացնում եւ բոլոր քայլերն անում են՝ կատարվածը բացահայտելու համար. «Հայրիկիս տեղափոխել ենք տուն: Դե, հիմա ցավեր ունի, բայց դա ժամանակի ընթացքում կանցնի»:
Այս պատմության մեջ զարմանալին ավազակային հարձակում իրականացնողների կողմից ընտրված գործողության ժամն էր: Ի վերջո, այդ ժամին շատերը կարող էին կատարվածի ականատեսը լինել:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Ք. Մ.
ՄԵՐԺԵԼ ԵՆ
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու համար մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, որը, սակայն, մերժվել է: Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը NEWS.am-ին ասել է, որ պատրաստվում է բողոքարկել միջնորդությունը մերժելու մասին որոշումը:
ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ԱԻՆ տեղեկացմամբ` հանրապետության տարածքում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-31-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, 29-ի գիշերը1700 մ-ից սկսած՝ ձյան տեսքով, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է «Հայոց համազգային շարժման» (ՀՀՇ) պատվիրակությանը՝ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ: Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ ընդգծելով դրանց օգտակարությունը Հայաստանի եւ Ղարաբաղի համար:
ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։ ՔԿ տեղեկացմամբ` մարտի 24-ին` ժամը 13:20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման ծառայության կարգավարից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին։ «Մասնավորապես էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, որից հետո կպայթեցվի «Զվարթնոց» օդանավակայանը։ Հայաստանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների եւ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է», – ասված է հաղորդագրությունում:
ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: «Ողջունում ենք Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»,- նշված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ մարտի 27-ին սիրիական բանակը ամբողջությամբ ազատագրել է քաղաքը ԻԼԻպ-ից: Ահաբեկիչներն այն գրավել էին 2015 թվականի մայիսին եւ պայթեցրել ու ոչնչացրել մշակութային մեծ թվով կոթողներ: