«ԱՐՏԱՎԱԶԴ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի միջազգային օրվան` մարտի 27-ին ընդառաջ, անցկացվեց «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: «Արտավազդ» մրցանակն այս տարի տրվեց 13 անվանակարգերում: «Լավագույն երիտասարդ դերասան» դարձավ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամվել Թադեւոսյանը («Էգոիստ» ներկայացում): «Ժողովուրդ»-ը դերասանի հետ զրուցել է մրցանակի նշանակության, լայն զանգվածներին հայտնի չլինելու պատճառների, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից իր հեռացվելու եւ այլ թեմաների շուրջ:

-Սամվե՛լ, «Արտավազդ» մրցանակը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեցավ: Այն դերասանի համար կարո՞ղ է ինչ-որ դռներ բացել:
-Անիմաստ է կազմակերպել ցանկացած մրցանակաբաշխություն, փառատոն, եթե այն արդյունք չի ունենում: Երբ Պարոն Բաբայանը (Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան, հեղ.) առաջադրեց ինձ այդ անվանակարգում, ես մտածում էի, թե մասնագիտական, ֆինանսական առումներով դա ինչ է տալու ինձ: Ես դեռ չեմ հասկացել. ժամանակը ցույց կտա:
-Նախորդ տարի Դուք «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական 3-րդ բաց փառատոնի շրջանակում եւս լավագույն դերասան եք ճանաչվել: Փորձը ի՞նչ ցույց տվեց` այդ մրցանակն ի՞նչ տվեց Ձեզ:
-Որ ասեմ` հոգեւոր սնունդ, ոչ: Դրա միջոցով շատ ստեղծագործ երիտասարդների հետ ծանոթացա. սա էր իմ ձեռքբերումը: Իսկ, առհասարակ, կարծում եմ` փառատոնը պետք է տոն լինի: Ես դրա համար եմ մասնակցել «Արտ ֆեստ»-ին:
-Իսկ «Արտավազդ»-ը հնարավոր եղա՞վ վերածել տոնի:
-Այո՛, այդ օրը տոնական էր, չնայած շատ փնթի մրցանակաբաշխություն էր, իմ կարծիքով: Պետք է նախապես փորձեր անեին, որ տեխնիկական խնդիրներ չառաջանային: Բացի այդ` փառատոնի կամ մրցանակաբաշխության շրջանակում պետք է առկա լինի շոուի տարրը: Միայն մրցանակ տալով չէ. հարկավոր է շփում, բեմում էլ բում պետք է լինի, որ բոլորը հաճույք ստանան: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը միակն է, որ հասել է դրան:
-Ի՞նչն է պատճառը, որ Ձեր անունը հանրության լայն զանգվածներին հայտնի չէ:
-Խնդիրը համակարգային է` կապված արժեհամակարգի փոփոխության, հեռուստատեսության մտածողության, գեղագիտական արժեքների պրոպագանդայի հետ: Մենք մինչ օրս առաջնորդվում ենք սովետական մտածելակերպով` արտիստներին որակելով որպես ժողովրդական, վաստակավոր, «ա» կլասի, «բ» կլասի եւ այլն: Եթե անկեղծ լինենք` ժողովրդական արտիստի կոչում պետք է տան սիթքոմների դերասաններին: Իսկ ինձ եթե 100-ից 50-ը ճանաչի, եւ դրանք լինեն կիրթ, գեղարվեստական բարձր ճաշակով մարդիկ, ես ուրախ կլինեմ: Ժամանակն ամեն բան իր տեղը կգցի:
-Դուք նաեւ «Էգոիստ» ներկայացման բեմադրիչն եք: Այն էլի ինչ-որ ճանապարհ ունի՞ անցնելու:
-«Էգոիստը» իմ երկրորդ բեմադրությունն էր. առաջինը եղել է «Ինքնասպանի գրառումներ» բալետային փսիխոդրաման: Իսկ «Էգոիստը» շուտով կմասնակցի միջազգային փառատոնի: Ֆինանսական հարցեր կան, որոնք փորձում ենք լուծել:
-Իսկ ո՞րն է Ձեր հիմնական աշխատավայրը:
-Չունեմ հիմնական աշխատավայր, եւ այդ ազատությունն ինձ դուր է գալիս: Չնայած առաջարկ եմ ստացել «Մհեր Մկրտչյան» թատրոնից, որն այժմ ֆունդամենտալ փոփոխությունների շեմին է կանգնած, տեսնենք` ինչ կլինի: Հիմա Տիկնիկային թատրոնում ընդգրկված եմ 4 ներկայացման մեջ եւ անդադար նկարահանվում եմ ֆիլմերում, օրինակ` «Բրավո՛, Վիրտուոզ» հայ-ֆրանսիական արտադրության նախագծում, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում:
-Դուք կրթությամբ դերասա՞ն եք:
-Այո, թատերական ինստիտուտում Արմեն Մազմանյանի արվեստանոցում եմ սովորել:
-Ինստիտուտի որոշ շրջանավարտներ պարբերաբար խոսում են այն մասին, որ այդ կառույցը էկրանի մարդուն պրակտիկ գիտելիքներ չի փոխանցում: Ի՞նչ պետք է անել` այդ բացը լրացնելու համար:
-Նախեւառաջ ինստիտուտի ղեկավարությունը պետք է ցանկություն հայտնի որդեգրելու մի քաղաքականություն, որի համաձայն նոր մտածողություն, ինտելեկտ ունեցող ազատ, անվախ երիտասարդներին ամեն կերպ կխցկեն այդ կառույց: Վերջիններս այնտեղ կարող են դասախոսել, մաստեր կլասներ կազմակերպել եւ այլն: Ղեկավարությանը հարցնեք` միանշանակ կասի, որ դա այդպես է, բայց թե ովքեր են այնտեղ, ինչ են անում, չգիտեմ: Ես չեմ ուզում փնովել… Ինձ վերջերս հեռացրին թատերական ինստիտուտից, ես չեմ էլ ուզում անդրադառնալ այդ հարցին:
-Իսկ ի՞նչն էր պատճառը:
-Սովորում էի մագիստրատուրայում եւ զուգահեռաբար նկարահանվում գեղարվեստական ֆիլմում: Այդ ժամակաշրջանը համընկավ քննաշրջանի հետ: Նամակ գրեցինք, որպեսզի թույլ տան մի փոքր ուշ հանձնել քննություններս, չընդառաջեցին: Բայց չարություն կամ նեղվածություն չունեմ ԵԹԿՊԻ-ի հանդեպ. կա այն, ինչ կա: Ինչ վերաբերում է պրակտիկային, ապա ասեմ, որ եթե ինստիտուտի ուսանողները չզբաղվեն ինքնակրթությամբ, բանից դուրս կգա, որ դիլետանտներ են: Ինձ` որպես կինոյի դերասան, ինստիտուտը պրակտիկ գիտելիքներով չի ապահովել: Հուսով եմ` մի բան կփոխվի:
-Կա՞ մի գաղափար, թեմա, որը պտտվում է Ձեր գլխում եւ հավակնում կյանքի կոչվելու:
-Կա մի թեմա, որը վերաբերում է փնտրող մարդու տեսակին, մարդու, որը կանգնած է ընտրությունների առաջ: Հիմա որոնում եմ համապատասխան գրականություն, որից կարելի է կառչել: Տեսնենք` ինչ կստացվի:

 

 

 

 

 

ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ 6/8 ԷԼ ԿԵՐԳԻ

«Ժողովրդական երգիչ» նախագծից հանրությանը հայտնի դարձած Մավր Մկրտչյանը երկրպագուներին խոստանում է առաջիկայում ժանրային թարմություն մտցնել իր երգացանկում: «Բացի ժողովրդական երգերից՝ այլ ժանրի ստեղծագործություններ սպասե՞նք»,- հարցրինք մենք: «Ամեն ինչ էլ հնարավոր է, երգելու եմ այն, ինչ սիրում եմ, իսկ ես, բացի ժողովրդականից, ուրիշ ժանրեր էլ եմ սիրում: Եթե, օրինակ, վաղը իմ երգերը լսեք ակումբային մեկնաբանությամբ, չզարմանաք»,-«Ժողովուրդ»-ին պատասխանեց Մավրը:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նա հանդիսատեսին կներկայացնի 6/8 ժանրի երգեր. «6/8-ը մարդկանց մոտ վատ ասոցիացիաների տեղիք է տալիս, բայց այդ ժանրում էլ կարելի է լավ, գեղեցիկ երգեր ստեղծել, իհարկե, կլսեք: Դա կախված է այն հանգամանքից, թե ինչպես դա կմատուցվի եւ ինչ որակով: Ամեն դեպքում, իմ ստեղծագործությունների մեջ առանցքային տեղում կլինի ժողովրդական երգը»,-մեկնաբանեց նա:
Մավրի խոսքով` ինքն այժմ մտածում է երեւանյան մեծ համերգի մասին, բայց մինչ այդ մայրաքաղաքում հանդես կգա ծրագրային փոքր համերգներով: Նա պատմեց, որ երգահան Սասուն Պասկեւիչյանն իր համար երգ է գրել, որն ապրիլին կներկայացվի հանդիսատեսին: Մավրն արդեն հասցրել է մի շարք հրավերներ ստանալ նաեւ արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, իսկ, օրինակ, Կանադայից ստացած առաջարկի շուրջ բանակցություններ են ընթանում:
Խոսելով հանրության շրջանում ժողովրդական երգի նկատմամբ առաջ եկած մեծ ուշադրությունից, երգիչը նկատեց, թե դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մեզ հայտնի ստեղծագործությունների նորովի մատուցումների թիվն աճել է. «Այս պահին նույնիսկ շատ էստրադային երգիչներ փորձում են լսարան գրավել եւ պահել հենց ժողովրդական երգերի միջոցով, ինչը լուրջ միտում է»,-ասաց նա:
«Ժողովուրդ»-ը երգչի հետ զրույցում անդրադարձավ նաեւ նրա անձնական կյանքին: Գաղտնիք չէ, որ Մավրը 2015-ին նշանադրվեց, եւ դրանից հետո սկսեցին խոսակցություններ պտտվել, թե նա ամուսնացել է. «Դեռ չեմ ամուսնացել, բայց նման մտադրություն կա, չեմ կարող ասել` երբ: Այդ ուղղությամբ մտածում եմ, բայց չեմ շտապում»,-նշեց նա:
Ի դեպ, Մավրի նշանածը եւս երգչուհի է, սակայն հանդես է գալիս դասական ժանրում: Մենք հարցրինք` հնարավոր է, որ մի օր ինքն ու նշանածը բեմում ներկայանան միասին. «Այո, հնարավոր է, չի բացառվում, որ ժամանակի ընթացքում դա էլ լինի»,-եզրափակեց երգիչը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
Թատրոնի միջազգային օրվա առթիվ Երեւանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կինոգետ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին, դերասան Արա Սարգսյանին եւ դերասան, բեմադրիչ, ԵԹԿՊԻ դասախոս Սամսոն Ստեփանյանին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Նույն մեդալով պարգեւատրվել է նաեւ երաժշտական թատրոնի դերասան, պարող Հրաչյա Բադալյանը:
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանը, դերասան¬ռեժիսոր Սամվել Սարգսյանը, Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարուժան Մանուկյանը եւ «Միմ ստուդիոյի» գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ դասախոս Արա Հարությունյանն էլ պարգեւատրվել են «Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

 

 

ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ
Հայտնի կատարող Դեւիդ Բոուիի տաղանդի երկրպագուները կկարողանան Նյու Յորքում նրա հիշատակի համերգը դիտել համացանցով: Նյու Յորքի Radio City Music Hall համերգասրահում ապրիլի 1¬ին կայանալիք ելույթն ուղիղ եթերում դիտելու հնարավորություն ստանալու համար երկրպագուները պետք է միջոցներ փոխանցեն բարեգործական կազմակերպություններից մեկի հաշվին: Նշվում է, որ նվիրատվության նվազագույն գումարը կկազմի 20 դոլար, իսկ հավաքված բոլոր փողերը կօգտագործվեն երիտասարդ երաժիշտներին ու նկարիչներին աջակցելու, ինչպես նաեւ` երեխաների կրթական ծրագրերի համար: Ammado առցանց¬հարթակի օգնությամբ փոխանցելով միջոցները՝ երկրպագուները կստանան համերգը դիտելու հատուկ հղում: Ընդհանուր առմամբ Նյու Յորքում ելույթ են ունենալու 18 հայտնի երգիչներ ու երաժշտական խմբեր, այդ թվում՝ Mumford & Sons¬ը, Blondie¬ն եւ The Pixies¬ը, որոնք հավաքվածների համար կկատարեն Բոուիի առավել հայտնի կոմպոզիցիաները: Հիշեցնենք, որ Դեւիդ Բոուին մահացել է այս տարվա հունվարի 10¬ին` լյարդի քաղցկեղից:

 

 

ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԷԼԹՈՆ ՋՈՆԻՆ
Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնի նախկին թիկնապահ Ջեֆրի Ուենինգերը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ: Նա մեղադրել է իր գործատուին սեռական ոտնձգությունների համար: Ինչպես փոխանցում է TMZ պարբերականը, դատական հայցում պատմվում է մի քանի դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել 2014 թվականին: Թիկնապահի խոսքով` վերոնշյալ ոտնձգություններն ուղեկցվել են հաճոյախոսություններով եւ սեռական օրգանը ցույց տալու պահանջներով։
Ուենինգերը պատմել է, որ ֆիզիկապես դիմադրել է Էլթոն Ջոնին եւ զգուշացրել է, որ նման գործողություններն անթույլատրելի են, սակայն երաժիշտը շարունակել է ցուցաբերել նույն վարքագիծը:




Լրահոս