Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատճառով թուրք նախկին պաշտոնյայի դեմ հետաքննություն է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք նախկին պաշտոնյայի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատճառով: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet»  թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի նախկին ղեկավար (2004-2014թթ.) Աբդուլլահ Դեմիրբաշը մեղադրվել է «առանց կառավարությունից թույլտվություն ստանալու» ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեջ:

Նշենք, որ Դեմիրբաշը 2015թ. օգոստոսի 4-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած թուրքական պատվիրակության անդամ էր: Պատվիրակությունը կազմված էր Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) ու «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) ղեկավար ներկայացուցիչներից:

Հարուցված հետաքննության շրջանակներում կազմված և 2016թ. հունվարի 27-ին հրապարակված տեսչական զեկույցում մասնավորապես արձանագրվել է, որ  Դեմիրբաշը 04.08.2016թ.-ին HDP/BDP պատվիրակության հետ Հայաստան է մեկնել և հանդիպել  ՀՀ նախագահի հետ, ինչի համար որպես պատիժ 3 տարի ժամկետով պետք է կասեցնել նրա պաշտոնեական առաջխաղացումը և տուգանել:

Առաջարկվել է նկատողություն և տուգանք սահմանել համատեղության կարգով ուսուցչկան գործունեություն ծավալող Դեմիրբաշի նկատմամբ, քանի որ նա երկրից դուրս գալիս իր աշխատավայրը հանդիսացող դպրոցի տնօրենին չի տեղեկացրել այդ մասին:

Իր պաշտպանական խոսքում Դեմիրբաշը նշել է, որ Հայաստան է մեկնել ամառային արձակուրդների ընթացքում, հետևաբար դպրոցի տնօրենին տեղեկացնելու անհրաժեշտություն իրականում չկար: Նա այս մեղադրանքը որակել է որպես «ճամփորդելու ազատության և մարդու իրավունքների» ոտնահարում:

Դեմիրբաշը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն  իրեն հրավիրել էր որպես Սուր շրջանի  նախկին ղեկավարի: Նա ընդգծել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպելը երբեք էլ Թուրքիայի օրենսդրության համաձայն հանցանք չի համարվել:

Նախկին պաշտոնյան  հայտնել է, որ ինքը 3 անգամ հանդիպել է նաև Հռոմի Պապի և բազմաթիվ անգամ՝ ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Նա շեշտել, որ որևէ պաշտոնատար անձի հետ հանդիպելու վերաբերյալ ոչ մի իրավական սահմանափակում գոյություն չունի:

Դեմիրբաշի խոսքով՝ եթե իր փաստարկներն ու ինքնապաշտպանությունն անհրաժեշտ արդյունքը չտան և Թուրքիայում իրավական մարմինները չչեղարկեն իրեն սպառնացող պատիժը, ապա նրա հաջորդ քայլը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելը:




Լրահոս