Հայաստան փոխանցվող գումարները շարունակում են նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները` տրանսֆերտները, այս տարվա ընթացիկ ժամանակահատվածում շարունակում են նվազել: Վերջին տվյալները, որոնք հրապարակվեցին երեկ, վերաբերում են այս տարվա հունվար-փետրվարին եւ փաստում են, որ տրանսֆերտների մակարդակը իջել եւ հավասարվել է 2006 թվականի ցուցանիշին:

Այսպես՝ ՀՀ կենտրոնական բանկի  հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան փոխանցված եւ մեր հանրապետությունից արտերկիր ուղարկված գումարների դրական տարբերությունը կազմել է 38 մլն 730 հազար դոլար: Սա այն դեպքում, երբ անցած տարվա փետրվարին, երբ տրանսֆերտներն առանց այդ էլ կտրուկ նվազել էին, զուտ ներհոսքը կազմել էր 41 մլն 269 հազար դոլար: Նկատենք, որ այս տարվա երկու` հունվար եւ փետրվար ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 68 մլն 126 հազար դոլար:

Տրանսֆերտների զուտ ներհոսքի նվազման դինամիկան առավել հասկանալի դարձնելու համար ներկայացնենք վերջին երեք տարիների տվյալները:

2014թ. 2015թ. 2016թ.
Հունվ. 78,614 մլն$ 38,821 մլն$ 29,396 մլն$
Փետր. 76,457 մլն$ 41,269 մլն$ 38,730 մլն$
Ընդ. 155, 071 մլն$ 78, 090 մլն$ 68,126 մլն$

Այսինքն՝ երկու տարվա կտրվածքով տրանսֆերտները կրճատվել են գրեթե երկուսուկես անգամ: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի տնտեսությունը մեծ հաշվով գոյատեւում է հենց տրանսֆերտների հաշվին, ստեղծված իրավիճակն է նաեւ պատճառը, որ բնակչության գնողունակությունը գնալով նվազում է: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ չնայած պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին երկու ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալների մոտ 10 տոկոս աճ են արձանագրել, սակայն առեւտրի շրջանառությունը Հայաստանում շարունակում է նվազել: Մասնավորապես այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ամիսների համեմատ, առեւտրի շրջանառությունը նվազել է մոտ երկու տոկոսով: Գումարային արտահայտությամբ առեւտրի անկումը կազմել է մոտ 5 միլիարդ դրամ:

Հատկանշական է նաեւ այն փաստը, որ առեւտրի շրջանառության անկումը հատկապես պայմանավորված է մանրածախ առեւտրի ծավալների անկմամբ, որը տոկոսային արտահայտությամբ կազմել է 5 տոկոս, իսկ գումարայինով` մոտ 8 միլիարդ դրամ: Ստացվում է, որ Հայաստանում բնակչության գնողունակությունն անցած տարվա սկզբի համեմատ նվազել է, կամ մարդիկ 5 տոկոսով ավել են աղքատացել:
Ի դեպ, իրավիճակը ավելի վատ կարող էր լինել, եթե այս տարվա սկզբից դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները չվերականգնվեին: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունում ստեղծված ճգնաժամը որոշակիորեն մեղմում է այն փաստը, որ այս տարվա սկզբից դեպի ԱՊՀ, իսկ ավելի կոնկրետ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինա հայկական ապրանքների արտահանումը կրկին վերսկսվել է:

Մասնավորապես, այս տարվա երկու ամիսների արդյունքներով ընդհանուր արտահանումը աճել է 23,6 տոկոսով, որը տեղի է ունեցել հենց դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների 73,4 տոկոս աճի շնորհիվ: Օրինակ՝ դեպի Ռուսաստան արտահանումը աճել է երկու անգամ, իսկ Ուկրաինա` երկուսուկես անգամ:
Հարկ է արձանագրել, որ այս տարվա երկու ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտներն անցած տարվա համեմատ նվազել են 2,1 տոկոսով:

Ի դեպ, պետբյուջեի հարկեր եւ տուրքերից ստացվող եկամուտները նվազել են 2 տոկոսով: Գումարային արտահայտությամբ նշանակում է, որ այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ամիսների համեմատ, հարկեր եւ տուրքերը պակաս են հավաքագրվել շուրջ 3 միլիարդ դրամով: Իսկ ինչպես հայտնի է՝ հարկեր եւ տուրքերի նվազումը տնտեսության լավ վիճակից չէ, որ տեղի է ունենում: Սակայն հաշվի առնելով մեր պաշտոնական վիճակագիրների «նկարչական հմտությունները»` կասկածից վեր է, որ նրանք պարտադիր տնտեսական աճ կարձանագրեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս