ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամ երեխային կամ 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվո՞ւմ է աշխատանքային ստաժում: Եվ կցանկանայի իմանալ՝ ընդհանրապես երեխային խնամելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվո՞ւմ է, թե՞ ոչ:
Ռաիսա Սայադյան (37 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Սայադյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում հաշմանդամ երեխային, մինչեւ նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է ծնողի, որդեգրողի, խնամակալի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամակալի հաշմանդամության ժամանակահատվածը հաստատող տեղեկանք, իսկ խնամակալի դեպքում՝ նաեւ խնամակալ ճանաչված լինելու եւ խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տասը տարուց ոչ ավել, մինչեւ կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածում:
Հայտնում ենք նաեւ, որ սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի՝ մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը՝ վեց տարուց ոչ ավել:
Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավել աշխատանքային ստաժ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում: