Չպետք է թույլ տանք, որ ադրբեջանցիները թեկուզ աննշան հաջողություն ունենան. Ստեփան Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդեն ասել եմ, որ սա զինադադարի խախտում չէ, սա պատերազմական գործողություններ են։ Երբ որ Ադրբեջանը օգտագործում է տանկեր, ուղղաթիռներ, ակնհայտ է, որ սա պատերազմ է։ Քանի որ Ադրբեջանը ոչ թե մի կետում, այլ շփման ամբողջ գծով սկսեց գործողությունները, դա մտածելու տեղիք է տալիս, որ նրանք լուրջ պատրաստվում էին այս իրավիճակին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ատեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը մտահոգություն հայտնեց միջազգային հանրության արձագանքի կապակցությամբ՝ նշելով, որ բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից դեռևս ոչ ոք օբյեկտիվորեն չի նշել, թե ով է մեղավոր։
«Կարծում եմ՝ միջազգային արձագանքը ինչ-որ չափով ազդել է, քանի որ ադրբեջանցիները այժմ մի քիչ զգույշ են գործում, նրանք էլ ունեն մտավախություններ, որ ի վերջո նրանց կմեղադրեն։ Սակայն եթե դու ուզում ես, որ այդ գործողությունները իսկապես դադարեցվեն, պետք է նշել՝ ով սկսեց, ով էր մեղավորը»,- ընդգծեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Ադբբեջանը այս կերպ փորձում է լուծել 2 հարց.
«Առաջինը, որ ցանկանում է լուծել, և կարելի է ասել՝ ինչ-որ չափով լուծել է, աշխարհի ուշադրությունը ղարաբաղյան հարցին սևեռելն է։ Զինադադարի այդ խախտումները միշտ էլ նմանատիպ կոմպոնենտ ունեցել են։ Սա շատ կարևոր էր նրանց համար, որ այդ հարցը երկրորդ պլան չմղվի։ Իսկ երկրորդն այն է, որ նրանք ուզում են թեկուզ մի փոքր հաջողություն ունենալ։ Նրանք հիմա համոզված են, որ չեն ուզում շատ մեծ տարածքներ գրավել, հասկանում են, որ այդքան ուժեղ չեն, որ լավ էլ հակահարված կստանան։ Եվ Աստված ոչ անի, որ այդ երկրորդ նպատակին հասնեն։ Եթե անգամ կարևորություն չունեցող մի հենակետ վերցնեն, դա շատ լուրջ հոգեբանական առավելություն կտա նրանց, չնայած որ ես կասկած չունեմ , որ մերոնք կշարունակեն լուրջ հակահարված տալ։ Իսկ մեզ համար շատ կարևոր է գրավել որոշ դիրքեր, որտեղից նրանք մեզ խփում են։ Գոնե մի քիչ պետք է ընդլայլենք մեր անվտանգության գոտին»։

Քաղաքագետը նշում է, որ չպետք է թույլ տալ թեկուզ աննշան հաջողություն, պետք է պատժել նրանց, որ խելքի գան. «Ակնհայտ է, որ Արցախի և Հայաստանի ներսում բոլորը պետք է համախմբվեն։ Վտանգը շատ լուրջ է։ Կարծում եմ՝ եթե հակահարվածը շարունակվի, մեկ-երկու օրում վերականգնենք դիրքերը, նրանք խելքի կգան, կդադարեցվեն գործողությունները։ Հիմա է որոշվում՝ ինչքան կտևի այս իրավիճակը»։

Սյուզի Մուրադյան




Լրահոս