Վրաստանը կարող է միջնորդի դեր խաղալ ԼՂ հակամարտության կոնֆլիկտում: Այս մասին հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Ցավալի է, որ այդ հարցը չի հաջողվել լուծել խաղաղ ճանապարհով մի շարք պատճառներով: Դա ցավալի գործընթաց է ողջ տարածաշրջանի համար: Ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Մենք սերտ կապեր ունենք Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ և ստանում ենք ողջ ինֆորմացիան»,- հայտարարել է Կապանաձեն և հույս հայտնել, որ կողմերին կհաջողվի դադարեցնել կրակն ու համաձայնության գալ:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ Վրաստանը կարող է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել Թբիլիսիում: