“2011թ. սեպտեմբերի 23-ին մեծ աղմուկով բացահայտված նախկին պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ կատարած հանցավոր բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը (հայտնի “Գառնու լավաշ”-ի Սուրիկը), “Ժողովուրդ” օրաթերթի միջոցով բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին։ “Արդեն մի քանի ամիս է, ինչ դատավարությունը ձգվում ու երկարում է, բայց ոչ մի վկա իմ տղային մատնացույց չի արել, ոչ մի իրեղեն ապացույց չկա, բանդայի ոչ մի անդամ իմ տղային երբեք չի տեսել և միայն դատարանի դահլիճում է իմացել նրա ով լինելը”,-նշել է Ս. Հակոբյանը։
Նա նաև սենսացիոն բացահայտում է արել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին. “Նախկին ոստիկանապետի հիշաչարության արդյունքում ծնված գործը (պատանի տարիներին տղաս երկու անգամ հարվածել է նրան) քանի գնում, խճճվում է, և քանի գնում, մեծանում է իմ տագնապը, որովհետև օրենքի մարդիկ ամեն գնով փորձում են արդարացնել իրենց արած “հերոսությունը”։ Այսպես կեղծիքներով որոշ դուրսպրծուկներ իրենց իշխանավոր են երկրին կարգում և իրենց վարքով ազգը դարձնում են գաղթական ու վտարանդի, այսպես ոմանք իրենց անբարոյական ճահիճներում ժողովրդի բարոյականությունն են խեղդում, ոմանք էլ իրենց չարագործությունների ճիրաններում ժողովրդի լույսն են աղճատում։ Խնդրանքս, հորդորս, պահանջս, պարոն նախագահ, ազատեք մեր հայրենիքը նրանց հանցավոր ներկայությունից, թույլ մի տվեք, որ ազգը շնչահեղձ լինի, թույլ մի տվեք, որ և դատն էլ նրանցը լինի, և դատաստանն էլ, ու բոլորս պարտվենքե։
Նամակն ամբողջությամբ՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում