«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը համացանցի իր էջում գրում է. «Եվս մեկ անգամ դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական հարձակումները, միևնույն ժամանակ նշում, որ կապի մեջ եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի պետական ու քաղաքական գործիչների, ինչպես նաև Արցախում գտնվող «Հայկական վերածննդի» Ազատամարտիկների միության պատասխանատուների և մեր արցախյան հայրենակիցների հետ: Իմ շփումները ցույց են տալիս, որ ԼՂՀ զինված ուժերն ամբողջությամբ տիրապետում են ռազմական դրությանը, կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս օրերին շփումներ եմ ունեցել նաև Եվրոպայի և ռուս քաղաքական ու պետական գործիչների հետ, հայտնել եմ նրանց իմ մտահոգությունն Ադրբեջանի սանձազերծած, սադրիչ պատերազմական գործողությունների և ապակողմնորոշիչ և կեղծ տեղեկատվական քարոզչության մասին:
Ցանկանում եմ նաև իմ զորակցությունը հայտնել բոլոր հայ զինվորներին ու սպաներին իրենց աննկուն պայքարի համար, խոնարհվում եմ նաև հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելիս զոհված մեր խիզախ հայորդիների առջև, խորապես ցավակցելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Աստված պահապան մեր հայրենիքին և ժողովրդին»: