ԻԻՀ ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ: Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնեց, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:

Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Արցախի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին:




Լրահոս