Բոլոր երկրների առաջնորդներին հատուկ է քաղաքական նորարարությունը, անգամ եթե նրանք նույնությամբ շարունակում են իրենց նախորդների ներքին և արտաքին քաղաքական գիծը: ԱՄՆ նախագահները բացառություն չեն: Բացի այդ, նրանք սիրում են նաև հանդես գալ նորաբանությամբ (նեոլոգիզմ)` շրջանառության մեջ դնելով արտահայտություններ, որոնք դառնում են նշանաբան` տվյալ փուլում նրանց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Օրինակ, ԽՍՀՄ-ի դեմ իր գաղափարախոսական պայքարն արդարացնելու համար Ռեյգանն այն անվանում էր “Չարյաց կայսրություն”:
Իրաքյան ողջ կամպանիայի (2003-2011թթ.) ընթացքում Ջորջ Բուշը մի քանի անգամ փոխեց բառապաշարը` հայրենակիցներին և ողջ աշխարհին ապացուցելու համար, որ ագրեսիան Իրաքի դեմ տեղի է ունենում այդ երկրում ամբարված զանգվածային ոչնչացման զենքերը հայտնաբերելու և մարդկությանը փրկելու նպատակով: “Իրաքյան ազատություն”, “Մեծ ալիք”, “Նոր արևածագ”. սրանք նրա հորինած թևավոր խոսքերից մի քանիսն են:
Իսկ Բարաք Օբաման պատմության մեջ կմնա “կարմիր գիծն” անցնելու կամ չանցնելու իր սակրամենտալ արտահայտությամբ: Նախ, այն կիրառվում էր Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ. եթե Թեհրանը ստեղծի ատոմային ռումբ, ապա խախտած կլինի “կարմիր գիծը” և կպատժվի: Իսկ թե ինչու նման քայլի չդիմեց միջազգային դատավորի դեր ստանձնած Վաշինգտոնը, երբ նման զենք ձեռք բերեցին Իսրայելը և Պակիստանը, պետք է հարցնել ամերիկյան կրկնակի հաշվապահության փորձագետներին:
Իրանից հետո “կարմիր գիծը” հասավ Սիրիա և 2011 թվականից ի վեր դարձավ Ամերիկայի հակաասադական դիրքորոշման հիմնական չափանիշը, որի հիմքում ընկած է դեմոկրատիան պաշտպանելու վաշինգտոնյան ստանդարտ բանաձևը:
Իսկ թե ինչու պետք է Սիրիայի կառավարությունը տապալվի, և թե ինչու են նրա դեմ կռվողները դեմոկրատներ, ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ բացատրել ոչ աշխարհին և ոչ էլ իր քաղաքացիներին: Եվ չէր էլ կարող, քանի որ շատ շուտով պարզվեց, որ ողջ երկրագնդից այստեղ հավաքված “ազատամարտիկները” պրոֆեսիոնալ ահաբեկիչներ են, զոմբիացված մարդասպաններ, որոնք հաստատում են իրենց գերակայությունը երկրում գործող 1,2 հազար ընդդիմադիր խմբավորումների վրա:
Եվ քանի որ ինչ-որ կերպ պետք է արդարացվեր արմատական իսլամիստներին ծանր սպառազինություն մատակարարելու անհրաժեշտությունը, առանց որի նրանք հազիվ թե կարողանան տապալել Ասադի ռեժիմը, Արևմուտքը և Արևելքի նրանց համախոհները ասպարեզ նետեցին կառավարության կողմից քիմիական ու զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման վարկածը, որը ցայսօր այդպես էլ չի ապացուցվել: Ընդհակառակը, որոշ աղբյուրներ պնդում են, որ “զարին” կոչվող քիմիական զենքն օգտագործել են ծայրահեղական մուսուլմանները:
Համաշխարհային հասարակությունը վաղուց պետք է վարժված լիներ փաստերի և իրողությունների դիվանագիտական մանիպուլյացիաներին: Մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես 10 տարի առաջ պետքարտուղար Քոլին Պաուելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր ամբիոնից շապիտոյի ձեռնածուի վարպետությամբ ցուցադրեց մի սրվակ` պարունակությունը ներկայացնելով իբր Իրաքում հայտնաբերված թունավոր նյութ: Իսկ մի քանի տարի անց նա առանց կարմրելու հայտարարեց, որ ոչ մի արգելված զենք էլ այդ երկրում չի հայտնաբերվել, այլ ընդամենը տեղի է ունեցել ԿՀՎ-ի և Պենտագոնի ապատեղեկատվություն:
Հիմա եթե Վաշինգտոնը հալած յուղի տեղ ընդունի իր հատուկ ծառայությունների ինֆորմացիան այն մասին, թե Ասադն անցել է ,կարմիր գիծըե (օգտագործել է քիմիական զենք), և ապստամբներին փոխանցի ամենակործանիչ ժամանակակից ռազմական տեխնիկա, իսկ հետո պարզվի, որ նման բան չի եղել, դե ինչ, աշխարհը հո փուլ չի գա: Իսկ քավության նոխազ միշտ կա ու կա:
“Կարմիր գծի” հայտնաբերման սպասումները չպետք է այն տպավորությունն ստեղծեն, թե սուննիներն ասադականների, շիաների, քրդերի, հըզբոլլահականների և մյուս “անհավատների” դեմ կռվում են պարսատիկով և նետ ու աղեղով: Նրանք լի ու լի ստանում են զենք ու զինամթերք և ամեն կարգի օգնություն նույն Արևմուտքից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և Ծոցի երկրներից` ներառյալ ,երկիր-երկինքե հրթիռները, բայց անհամբերությամբ սպասում են խոստացված նորագույն տեխնիկային:
Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը: Ծրագրում է Ասադին փոխանցել C-300 հրթիռային համակարգեր: Մոսկվան հայտարարում է, որ դա միջազգային իրավունքի խախտում չէ և կատարվում է Ռուսաստան-Սիրիա վաղօրոք ստորագրված պայմանագրերի համաձայն: (Մոտավորապես նույն պատճառաբանությունն է հնչում Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու դեպքում):
Յուրաքանչյուր 10 օրը մեկ Ասադի ռեժիմը Ռուսաստանից և Իրանից ստանում է 400 տոննա ռազմամթերք: Ռուսական բեռնատար նավերը զենք են փոխադրում Տարտուս նավահանգիստ կամ Բեյրութից նույն նավահանգիստ են հասցնում “Հըզբոլլահի” գրոհայիններին:
(Իրանն այսպիսով նպատակ է հետապնդում փոխել Սիրիայի երրորդ քաղաքի` Հոմսի ազգագրական դեմքը, որտեղ բնակչության 60%-ը սուննի է: Ավելացնելով շիա համայնքը մի քանի հարյուր հազար մարդով` Իրանը ձգտում է ուժեղացնել շիիզմը Սիրիայում` այն օղակելով Լիբանանի` նույն ուղղության մուսուլմանների հետ):
Սիրիական քաղաքացիական պատերազմի շուրջն ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ: Ռուսաստանը և Ամերիկան միակարծիք են, որ կոնֆլիկտի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Նրանք ծրագրում են “Ժնև-2” համաժողովը` կողմերին հաշտեցնելու նպատակով: Պուտինը խոսում է “կրեատիվ” որոշումներից` վախեցնելով “համաշխարհային պատերազմի” վտանգով: Օբաման նրանից հետ չի մնում իր մռայլ կանխատեսումներով, եթե պատերազմը շարունակվի:
Իսկ արդյունքո՞ւմ: Արդյունքում այդ երկու շատ խելացի և փորձառու գործիչները կարծես թե մոռանում են մի շատ կարևոր հանգամանք, այն, որ կռվի դադարեցումը պահանջում է զենքի բացակայություն: Եվ շարունակում են զինել կռվողներին ու հրել մեկմեկու դեմ:
Իսկ ի՞նչ է սպասում այդ չարաբաստիկ “կարմիր գծից” անդին: Երևակայելն անգամ ծնում է մռայլ պատկերներ:
Սիրիական պատերազմը, շարունակվելու դեպքում, դուրս կգա ազգային սահմաններից և կունենա լայնամասշտաբ ապակայունացնող հետևանքներ հարևան երկրներում, առաջին հերթին` Լիբանանում ու Հորդանանում:
Իրաքը կդառնա սուննիների և շիաների խորը կոնֆլիկտի թատերաբեմ:
Այս ամենի ֆոնին բացառված չէ Ամերիկա-Իրան բախումը` իր շղթայական ռեակցիայով (Անդրկովկաս, Կովկաս, Ռուսաստան):
Անգամ հեռավոր Չինաստանը չի կարող հանգիստ ապրել իր պատից այն կողմ, եթե հաշվի առնենք, որ սալաֆական ծայրահեղական իսլամիզմի շոշափուկները տարածվում են Սինցզյան-ույղուրական նահանգում` սպառնալով իսլամական “ցունամի” բարձրացնել երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում:
Սիրիական պատերազմն աշխարհաքաղաքական դիվիդենտներ չի բերի հիմնական խաղացողներից և ոչ մեկին:
-Ամերիկայի դիրքերը խիստ կթուլանան Մերձավոր Արևելքում:
-Նույնը սպասում է Թուրքիային:
-Իսրայելը՝ այդ 6-միլիոնանոց փոքր երկիրը, գոյատևելու վտանգի առաջ կկանգնի արաբական օվկիանոսում, եթե զրկվի ամերիկյան թիկունքից:
-Ռուսաստանը չի վերագտնի խորհրդային տարիների իր ուժեղ դիրքերը տարածաշրջանում` ընդհանրապես, և արաբական աշխարհում` մասնավորապես: Նույն քաղաքական գետը երկու անգամ չեն մտնում:
-Իսկ Եվրոպայից արաբները, մեծ հաշվով, վաղուց են երես թեքել: Այդ միտումը կուժեղանա:
Արդ, մեր մտահոգության գլխավոր առարկան, բնականաբար, սիրիահայությունն է: Որքան էլ մենք փնտրենք հայ համայնքին սպառնացող վտանգի պատճառները, իրավունք չունենք մոռանալու կրոնի գործոնը:
Դատեք ինքներդ: Պաշտոնական տվյալներով` աշխարհում 100 միլիոն քրիստոնյա ենթարկվում է հալածանքների: Սպանություններ, առևանգումներ, բռնաբարություններ, սրբավայրերի պղծումներ` այս ամենը դարձել են զանգվածային այն երկրներում, որոնց վրայով անցել է “արաբական գարունը”:
Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բնակչության 356 միլիոնից 20 միլիոնը քրիստոնյա է: Փորձագետների կարծիքով` նրանց սպառնում է մահացու վտանգ:
Տագնապալի է Սիրիայում, որի բնակչության տասներորդ մասը քրիստոնյա է` հայկական բազմադարյան կազմակերպված և ծաղկուն համայնքով հանդերձ:
Հուսանք և մաղթենք, որ ահագնացող արհավիրքը շրջանցի մեր հայրենակիցներին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat .am