Ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերական կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։
Նշենք, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո սրանք ամենախոշոր գործողություններն են, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Այս ողջ ընթացքում մեր հայրենակիցներն աչքի ընկան իրենց համախմբվածությամբ: Ամեն մեկն իր ուժերի ներածին չափով փորձում է սատարել սահմանին կանգնած զինվորին, իսկ առաջին գիծ մեկնելուն պատրաստ կամավորների շրջանում պարզապես հերթեր են գոյացել:
«Ժողովուրդ»-ը արվեստագետներից հետաքրքրվեց` ինչ կարծիք ունեն նրանք ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես են մտադիր աջակցել հայ զինվորին:
Երգչուհի Ալլա Լևոնյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը դիմել է համապատասխան օղակների` առաջարկելով երգի միջոցով աջակցել մեր զինվորներին. «Ես ասացի` եթե դրա անհրաժեշտությունը կա, ես այս վայրկյանին էլ պատրաստ եմ մեկնել Արցախ, ինձ, սակայն, պատասխանեցին, որ հիմա հեչ դրա ժամանակը չէ»:
Երչուհին խոստովանեց, որ հետեւելով վերջին իրադարձություններին, մեր զինվորների հերոսական քայլերին՝ լաց է եղել միաժամանակ հուզմունքից եւ հպարտությունից. «Ամեն ինչ խառնվել էր իրար: Տեսնում եք՝ այս ինչ ոգեղեն, թասիբով ժողովուրդ ենք, նաև լաց եմ եղել` հպարտանալով, որ էսպիսի ժողովրդի զավակ եմ»: