ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ ծավալված իրադարձությունները, ըստ էության, ստվերեցին ռուս-ադրբեջանական ռազմական գործարքը: Խոսքը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու մասին է:
Այնինչ կատարվածը կարեւոր է մի քանի առումով. ՀՀ հակառակորդ համարվող Ադրբեջանին զենք է վաճառում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, մի երկիր, որը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում է: Ասել է թե՝ համանախագահ երկիրը, որն «ի պաշտոնե» պետք է նպաստեր ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, բիզնես է անում` զինելով տարածաշրջանը եւ կոնկրետ հակամարտող երկրները:
Քաղաքական գործիչներն այս խնդրի վերաբերյալ մի քանի կցկտուր գնահատական արդեն հնչեցրել են: Եվ հայաստանցի լրագրողների` ԼՂՀ եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ կատարած այցելության ժամանակ «Ժողովուրդ»-ը փորձեց հենց զինծառայողներից հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերում Ադրբեջանում սպառազինությունների թվի ավելացմանը:
ԼՂՀ Մարտունիում տեղակայված N զորամասի ժամկետային զինծառայող Սամվել Մելիքյանն ասաց, որ ամեն անգամ նման լուրեր լսելուց հետո զինվորներն էլ ավելի զգոն են դառնում եւ փորձում էլ ավելի լավ, էլ ավելի հմուտ տիրապետել զենքին. «Ու ցանկացած պահի պատրաստ ենք հակահարված տալ հակառակորդին»: Մեկ այլ զինծառայող` Մովսես Խամոյանն էլ, այս մասին մեր հարցին ի պատասխան, նշեց, թե իրենք նման լուրերին նույնիսկ ուշադրություն չեն դարձնում: «Սովորական բան է դա, նույնիսկ չենք էլ լսում այդ մասին: Զինվում են, թող զինվեն: Դրանով ո՛չ կարող են մեզ վախեցնել, ո՛չ էլ այդ լուրերը որեւէ բացասական ազդեցություն են թողնում զինվորների վրա»,-ասաց նա ու հավելեց, որ իրենք ցանկացած դեպքում լավ գիտեն իրենց անելիքը:
Մարտունու N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Առուստամյանը ժամանակին մասնակցել է արցախյան ազատամարտին: Ադրբեջանական սպառազինությունների ավելացման մասին մեր հարցը նրա համար սովորական է հնչում: «Պատերազմի ժամանակ մենք թե՛ մարդկանց թվաքանակով, թե՛ տեխնիկայի քանակով զիջել ենք Ադրբեջանին: Այն ժամանակ էլ իրենք մեզանից մի քանի անգամ շատ են եղել: Բայց մենք նրանց գերազանցել ենք մեր մարտական ոգով, մեր հայրենասիրությամբ: Արդյունքը մեր հաղթանակն է: Մենք պատերազմում ապացուցել ենք մեր ուժը եւ պատրաստ ենք ապացուցել ամեն անգամ»,-վստահեցրեց նա:
Ադրբեջանի կողմից ռուսական զենք գնելու փաստին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը եւ այդ մասին բարձրաձայնելը կապված են այնտեղ սպասվող նախագահական ընտրությունների հետ, քանի որ Իլհամ Ալիեւը երրորդ անգամ է առաջադրվել: «Ադրբեջանի ժողովուրդն ինքնասիրություն ունեցող ժողովուրդ է, եւ Ադրբեջանի նախագահի ընտրությունը հեշտ չի անցնում. որոշակի լարվածություն ստեղծվելու է: Այս ամենն արված է նրա համար, որ ինչպես ներքին, այնպես էլ մեզ ու միջազգային կազմակերպությունների համար լարվածություն ստեղծի, թե ինքը պատրաստվում է գրավել Լեռնային Ղարաբաղի հենակետերը»,-ասաց պարոն Հակոբյանը` հավելելով, որ, անկախ այդ ամենից, հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստում եւ Ադրբեջանի` սպառազինություններն ավելացնելուն զուգահեռ ինքն էլ է քայլեր կատարում այդ ուղղությամբ: Բացի այդ, ԼՂՀ պաշտպանության նախարարը բերեց ղարաբաղյան պատերազմի իր օրինակը. «Լինելով պաշտպանական շրջանի հրամանատար՝ պատերազմի ժամանակ ես ունեի 45 տանկ, այդ ժամանակ ես նաեւ 24 տանկ կորցրել էի մարտի ժամանակ: Բայց ընդհանուր մեր պետության կողմից ստացել եմ ընդամենը ութ տանկ: Այսինքն՝ այդ 61 տանկը հակառակորդի կողմից առգրավված տանկեր են: Մոնթե Մելքոնյանի խոսքերն եմ ուզում հիշեցնել, ասում էր` Էլչիբեյը լավ մարդ է, մեզ լավ կզինի: Միգուցե հիմա էլ այդ սպառազինության մի մասը ձեռք են բերել մեզ համա՞ր»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի` հենց ՌԴ կողմից զինվելուն, նախարարը հրաժարվեց մեկնաբանել` նշելով, թե դա ոչ թե իր, այլ քաղաքական գործիչների խնդիրն է. «Իմ գործը մեկնաբանելը չէ, իմ գործը զենքերը հաշվառելն է, դնել մարտի դաշտում իրենց տեղերը եւ համահունչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք արդյունավետ չկիրառեն այդ զենքերը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս