ԵՏՄ-ում որոշել են չեղյալ հայտարարել Երևանում վարչապետերի գագաթաժողովը՝ կապված Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրացման հետ: Հանդիպման ամսաթիվը տեղափոխվել է, այն կկայանա ավելի ուշ, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան այցի մասին հայտարարվել էր մարտի 24-ին: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ապրիլի 7-8-ը Մեդվեդևը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաև բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվելու էր նաև համագործակցությունն առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:
ՌԴ կառավարությունում հայտնել են, որ չնայած Մեդվեդևի այցը չեղյալ է համարվում, առաջնային խումբն արդեն մեկնել է Երևան: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ Երևան այցի չեղյալ համարման պատճառն այն է, որ Հայաստանի և Ադբրեջանի միջև կոնֆլիկտի ժամանակ այն կարող էր որպես կողմերից մեկին աջակցություն գնահատվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին գերատեսչությունը հայտնել էր, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարի Բաքու այցը:
Հ.Գ. ստացվում է, որ Հայաստան այցը չեղյալ հայտարարելով ազդեցություն չե՞ն ունենում կոնֆլիկտի վրա, իսկ Ադրբեջան այցով՝ հակառակը: