Պոլիտեխնիկի ռեկտորատի ընդլայնված նիստ` նվիրված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի իրադարձություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. ապրիլի 5-ին ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ռեկտորատի ընդլայնված նիստ, որին ռեկտորատի անդամներից բացի, հրավիրված էին ամբիոնի վարիչներ, սեկտորի ղեկավարներ, կենտրոնի տնօրեններ և աշխատակիցներ: Ռեկտոր, պրոֆեսոր Մարուխյանի առաջարկով նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախի սահմանին Ադրբեջանի կատարած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը:

Ռեկտոր Ո. Մարուխյանը խոսքը տրամադրեց  Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Նելլի  Բաղդասարյանին և ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանին, ովքեր հնչեցրին Արցախի սահմանին Ադրբեջանի ստեղծած պատերազմական վիճակը դատապարտող՝ Համալասարանի աշխատակիցների և ուսանողների կոչերը:

«Այսօր վտանգված է մեր հայրենիքը, և բոլորիս պարտքն է՝զինվորագրվել նրան: Ապավինենք մեր ուժին, տեր կանգնենք մեր պապերի երազանքներին», – նշեց Ն.Բաղդասարյանը:

ՈւԽ նախագահ Գ.Վարդանյանը ներկայացնելով ՈւԽ-ի ապրիլի 5-ի արտահերթ նիստում ընդունված հայտարարությունը, մասնավորապես նշեց. «ՀԱՊՀ  ՈՒԽ-ն  դիմում է միջազգային, ԱՊՀ և ԵԱՀԿ անդամ պետությունների ուսանողական երիտասարդական կառույցներին՝ իրենց երկրների ղեկավարության  ուշադրությունը հրավիրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններին»:

ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանը ելույթից հետո տեղեկացրեց, որ րոպեներ առաջ ՈՒԽ արտահերթ նիստում ստեղծվել է Արցախի օգնության և աջակցման ուսանողական շտաբ, որը և կհամակարգի ուսանողների հետ տարվող աշխատանքները, և կպատրաստի ՈւԽ-ի կողմից դատապարտող կոչը օտար լեզուներով` ուղարկելու միջազգային այն կառույցներին, ում հետ համագործակցում է Պոլիտեխնիկը:

Նիստին քննարկման էր դրված Արցախի Պաշտպանության բանակին աջակցելու օգնություն կազմակերպելու հարցը:

Լսելով ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աջակցության կոչը՝ կապված արցախյան իրադարձությունների հետ, ռեկտորատը որոշեց.

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության տրամադրած՝ «Արցախբանկի» 22300612211100 հաշվեհամարին փոխանցել 8 000 000 ՀՀ դրամ. համապատասխանաբար (ԼՂՀ կառավարությունը վարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, և օգնությունները փոխանցվում են ԼՂՀ ֆինանսների նախարարության «Արցախբանկում» բացած հաշվեհամարին)`
  • Երևանի կրթահամալիրից 5 000 000 ՀՀ դրամ,
  • Վանաձորի, Գյումրու, Կապանի մասնաճյուղերից՝ 1 000 000-ական ՀՀ դրամ:

Արցախին աջակցելու և օգնելու համար ՀԱՊՀ Կոնվերսբանկի 19300045349102000 հաշվեհամարը վերանվանվեց «Արցախ» անունով, որին այսօրվանից կարող են դրամական փոխանցումներ կատարել ոչ միայն ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրի այլև մասնաճյուղերի աշխատակիցները։

Համալսարանի Կոնվերսբանկի 1930004534910200 հաշվեհամարը վերանվանել «Արցախ»  և հավաքագրել համլասարանի, այդ թվում մասնաճյուղերի աշխատակիցների տրամադրած օգնությունները, պարբերաբար դրանք փոխանցելով  ԼՂՀ ֆինանսների նախարարության հաշվեհամարին:

  1. Ստեղծել Արցախի օգնության և աջակցման շտաբ, որում կընդգրկվեն Պոլիտեխնիկի 14 աշխատակիցներ: Շտաբը պետք է համակարգի և կոորդինացնի աջակցության և օգնության հետ կապված հարցերը և կազմակերպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ազատամարտիկ-աշխատակիցների, պարտադիր զինվորական ծառայություն անցած աշխատակիցների կամավոր զինվորագրումը:




Լրահոս