Օգոստոսի 4-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելեց Գյումրի՝ մասնակցելու երկաթուղայինների օրվա միջոցառումներին:
Ծրագիրը հետաքրքիր էր, լի պատմական էքսկուրսներով. Նախ, ինչպես հարյուր տարի առաջ, ժամանեց շոգեքարշը, որի դիմավորողների թվում էին նաև ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպան Ի. Վոլինկինը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր, վետերաններ: Հետո տեղի ունեցավ երկաթուղային թանգարանի բացումը, որը միակն է Հայաստանում և եզակի՝ տարածաշրջանում: Հյուրերը շրջեցին հնագույն շոգեքարշի, վագոնների, այլ ցուցանմուշների կողքով, ու դեպոյից հնչող զանգերն ու շոգեքարշի սուլոցները մարդկանց տեղափոխեցին տասնամյակներ և նույնիսկ հարյուրամյակ հետ՝ դեպի Լենինական ու Ալեքսանդրապոլ:
“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Ռեբեցը՝ շնորհավորելով բոլոր երկաթուղայիններին իրենց օրվա կապակցությամբ, նշեց, որ Գյումրին ԱՊՀ մշակութային կենտրոն է և նման թանգարանի բացումը հենց Գյումրիում շատ hատկանշական է, քանզի դեռևս 1899թ. այստեղ ժամանեց առաջին գնացքը Ռուսաստանից: Սա այն քաղաքն է, որտեղ ստեղծվեց առաջին երկաթուղային հանգույցը, որտեղից սկսվեց երկաթուղու ծնունդը:
Նախարար Ա. Երիցյանը՝ շնորհավորելով ընկերության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, մասնավորապես ասաց.
– Մի պահ մենք մոռացել էինք, որ ունենք երկաթուղի, սակայն ,Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ի գալստյան հետ ամեն ինչ կտրուկ փոխվեց: Այս 5 տարիների ընթացքում ընկերությանը հաջողվեց մտնել հանրապետության հզոր կառույցների հնգյակի մեջ: Տարերային և մարդածին աղետներից խուսափելու համար մեր գերատեսչությունները կնքել են փոխշահավետ համագործակցության համաձայնագիր և հուշագիր, որոնք ենթադրում են կոնկրետ գործողություններ աշխատակիցների վերապատրաստման համար՝ արտակարգ պատահարների հետևանքները վերացնելու նպատակով: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ, և կնվազեցնի երկաթուղում տեղի ունեցող պատահարներն ու նոր զարգացումներ կստանա ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:
ՀՀ ԱԻ նախարարը “Համագործակցություն հանուն փրկության” մեդալով պարգևատրեց “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին և փոխադրումների տնօրեն Եվգենի Մելինկովին: Իսկ պատվոգրեր հանձնեց գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Դանչենկոյին և ճանապարհների գլխավոր վերստուգող Լևոն Հակոբյանին:
Շնորհավորելով երկաթուղայիններին ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպան Ի. Վոլինկինը ասաց, որ տպավորված է տեսածով և փաստում է,որ ներդրումներն իրենց արդարացնում են:
Պարգևներ հանձնեցին նաև ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հ. Բեգլարյանը:
Երկաթուղայինի օրը, ըստ ավանդույթի, նշվում է ամեն տարի՝ օգոստոսի առաջին կիրակի օրը: Առաջին շոգեքարշը Ալեքսանդրապոլ (Լենինական, Կումայրի, Գյումրի) մուտք է գործել 1899-ին, երբ ավարտվել է Ջաջուռի երկաթուղային թունելի շինարարությունը: 1911-ին Լենինականում շահագործման է հանձնվել վագոնային դեպոն, իսկ 1941-42թթ.՝ լոկոմոտիվային դեպոն: