
“Փաստինֆո”. Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթ է ընդունվել համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կնիքն ու ապոստիլը կեղծելու գործը: Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Հովսեփ Ավագյանը 2011թ. սեպտեմբերին իր ծանոթ Ռոհոլլահ Զաբիհոլլահ Ասլբեգիից վերցրել է “Ոոմի-Մերի գրուպ” ընկերության “ԹՈՄԻ-ՄԵՐԻ Գրուպ” ՍՊԸ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան, գյուղ Դդմաշենե բլանկով և ,Սաֆադ-Գուստար-Զագրոսե ընկերության պարսկերեն գրառմամբ բլանկով, պարսկերեն լրացված թվով 2 իրավունք վերապահող փաստաթղթերը և համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կեղծ կնիք և կեղծ ապոստիլ տեղադրելով ու ձեռագիր գրառումներ կատարելով այդ 2 փաստաթղթերի դարձերեսին, 2011թ. տվել է Ասլբեգիին ՝ հետագայում օգտագործելու համար: Վերջինս չիմանալով, որ դրանք կեղծ են, որպես իրավունք վերապահող փաստաթուղթ ներկայացրել է ՀՀ Ոստիկանություն: Հովսեփ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խափանման միջոց ընտրվել կալանավորումը: