Երեւանում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության համար ճանապարհային նշաններով սահմանված թույլատրելի առավելագույն արագություններում կատարվել են որոշ փոփոխություններ:
Այս առնչությամբ, Հայաստանի ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
“Տեղեկացնում ենք, որ բազմաթիվ քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ կրկին անգամ կատարվել են ուսումնասիրություններ, եւ հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթեւեկության ինտենսիվությունը եւ անվտանգության ապահովման պայմանները, Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության համար ճանապարհային նշաններով սահմանված թույլատրելի առավելագույն արագություններում կատարվել են որոշ փոփոխություններ (փոփոխությունները կատարվել են 6 ամիս փորձաշրջանով):
Մասնավորապես.
1. Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Հերացի փողոցից դեպի Աճառյան փողոց (վերեւ բարձրացող) ուղղությամբ տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով.
2. Երեւան քաղաքի Արցախի պողոտայում՝ Էրեբունի փողոցի խաչմերուկից մինչեւ Գործարանային փողոցի խաչմերուկ հատվածում տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով.
3. Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից 45.450 կիլոմետր հատվածում տեղակայված 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշանը հանվել է, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 20 կմ/ժ-ով.
4. Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից՝ 19.0 կմ հատվածում տեղադրվել է 3.25՝ “Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջե ճանապարհային նշանը, այսինքն 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանի ազդման գոտին նվազեցվել է.
5. Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի սկիզբը նշող 5.23.1 “Բնակավայրի սկիզբ” ճանապարհային նշաններից հետո՝ բնակավայր մտնող երկու ուղղություններով տեղադրվել են 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշաններ, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով.
6. Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի հատվածում տեղադրված 50 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները հանվել են, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով:
Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ եւս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ երթեւեկել տվյալ պահին ճանապարհի տվյալ հատվածի համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ: