Սիսիանի պանթեոնում այսօր վերջին հրաժեշտ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

vorotan.am-ը գրում է` Սիսիանի պանթեոնում այսօր, զինվորին վայել պատվով ու արժանապատվությամբ, հոգեւոր աղոթքով ու խնկարկումով, զինվորական համազարկերով ամփոփեցին ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում թշնամու անօդաչու թռչող ուղղաթիռից գնդակոծված սիսիանցի ազատամարտիկներ Մայիս Միրզոյանի, Արմեն Բերգլարյանի, Եղիշե Նիկալյանի, Սեդրակ Ասրյանի, Սերգեյ Դանղյանի աճյունները:

Զոհված ազատամարտիկ Դավիթ Սարգսյանը կամփոփվի հայրենի Շաղատ գյուղի պանթեոնում` վաղը:

Վերջին հրաժեշտին ներկա էր ողջ Սիսիանը, տարածաշրջանի համայնքների բնակչությունը, զինվորականներ, պաշտոնյաներ:

Պանթեոնը, որտեղից նրանք մարտադաշտ էին գնում` ընկերներին հրաժեշտ տված, եւ` վահանով, կամ` վահանի վրա երդում կերած, այս անգամ նրանց մոտ եկան վահանի վրա` ասես` հաստատելու, որ ինչպես կյանքը չի բաժանել իրենց, ինչպես` ճակատագիրը չի բաժանել, չբաժանեց նաեւ …մահը:

DSC03803-300x225

Ու մահն այսօր Սիսիանի պանթեոնում բնավ կյանքի հակառակ կողմը չէր, հակառակ երեսը չէր, ոչ էլ` հակադրությունը: Մահը այսօր կյանքը ինքն էր, որ սրտեսիրտ, ափե ափ, բերնեբարան, երկնքից գետին ու աշխարհից աշխարհ համախմբել-հավաքել էր մեր երեկվա նահատակին ու վաղվա հերոսին, մեր պատմությունն ու ապագան…

Դիմելով հայրենյաց նահատակների հուղարկավորությանը ներկա բազմահազարանոց թափորին` Վարոս Սիմոնյանն իր խոսքում ասաց` «Այս պանթեոնը քաջաց քաջերի ամրոցն է, այստեղ չեն հանգչում, այստեղ հավերժանում են դարերի համար, այստեղ ամեն մի քարակոփ մահարձան մի դյուցազնավեպ է, որը դարեր շարունակ քարեղեն լեզվով կխոսի սերունդների հետ, կշշնջա կարծես նրանց հոգիներում եւ լռելյայն կասի` հավերժություն տանող ճանապարհը մեկն է` ելիր մարտի հանուն հայրենյաց: Ահա այսպես նրանք նորից ելան` Սիսական աշխարհի հերոսական տարեգրության մեջ ձեռագրելով իրենց փառահեղ ու նվիրական անունները: Դեռ սերունդներ կայցելեն այստեղ եւ կսովորեն հայրենասիրության առաջին դասը»:

Ապա դառնալով նահատակների հարազատներին, ծնողներին, մայրերին, ասաց` «Սիսական աշխարհի փառահեղ մայրեր, մայրության տոնին ընդառաջ` սեւաթույր հագած մայրեր, հզոր մայրեր, ուժեղ մայրեր, վեհ ու անսասան մայրեր, դուք, որ երկնել եք առյուծ զավակներ, դուք, որ մանկան նման գրկած պահում եք մանուկ Հայաստանը, վերածնված այս Հայաստանը, երբ հայրենիքն է կանչում, դուք առաջինն եք մեկնում ճակատ, դուք բոլորդ միասին եք կռվում, միասին կրակ դառնում եւ այրվում, միասին աղոթում, միասին ծնկաչոք ողբում, միասին հպարտորեն ելնում- կանգնում եք հաղթանակած, քանզի մեծագույն սրբությունը` մայր հայրենիքը, մնում է անխոցելի»:

Զինվորականի հուղարկավորման ժամանակ առավել քան այլ երանգ ու իմաստ է ստանում զինվորական համազգեստ կրող զորականի խոսքը:

Դիմելով բազմահազարանոց թափորին` 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Մակարյանն ասաց` «Այսօրվա մեր այս հզոր, այս անպարտելի թափորը ունի մեծ եւ կարեւոր մեկ գաղափար` դա մեր հայրենապաշտության գաղափարն է»:

Ապա պատմական ակնարկ կատարելով` ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում հարհունչ հարցադրմանը, նշեց, որ գալիս ենք պատմական Հայաստանից, որի տերն ու տիրակալն էինք, բայց որը հետո դարձավ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստան: Արեւմտյան Հայաստանը հայաթափ եղավ, իսկ մեզ բաժին ընկած Արեւելյան Հայասատնից էլ զանազան անարդարությունների արդյունքում 29 հազար կմ տարածքը մնաց միայն. Գարդմանա աշխարհը նվիրեցին Ադրբեջանին, Արցախը նվիրեցին Ադրբեջանին, Նախիջեւանը նվիրեցին Ադրբեջանին:

Բայց հասել ենք մի դժվարին, սակայն` փառավոր դարաշրջանի: Մենք պետք է նորից գնանք ետ` մեր պատմական հայրենիքի պատմական տարածքները: 88-ից սկիզբ առած մեր ազգային-ազատագրական պայքարը մտել է նոր փուլ, իսկ հատկապես այս մի քանի օրվա ընթացքում այն ցույց տվեց, որ մենք մեկ ազգ ենք, մեկ պատմական հայրենիք եւ մեկ ծովից ծով Հայաստան:

«Ուզում եմ բոլոր զինվորականների անունից, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության, մեր բազմահազարանոց հայոց բանակի շարքային զինվորից մինչեւ գեներալ, մինչեւ գերագույն հրամատար խոնարհվել ձեր առջեւ այս համոզմունքի համար, որ մենք չունենք ոչ մի փրկություն, բացի մեր ազգի միասնական պայքարը, օգտագործելով մեր ազգային բարոյական, ֆիզիկական եւ մնացած բոլոր ուժերը: Խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, մեր ազատամարտի բոլոր նվիրյալների առջեւ, փառք նրանց, ովքեր սկիզբ դրեցին հայոց ազատագրական շարժմանը, փառք նրանց, ովքեր իրենց ուսերի վրա տանում են այդ հերոսական գործը, եւ փառք մեր ժողովրդին, որ այս գործը պիտի հասցնի մինչեւ վերջ: Հավերժ փառք` մեր հերոսներին: Պատիվ ունեմ»:

Այսօր սգո օր չէր, ոգեկոչման, վերհառնումի, ոգեղենացման օրն էր: Ով հայոց մեծ աշխարհ, ցնծա, ցնծա` հող, ցնծա, երկիր…որովհետեւ իր զինվորին խելահեղորեն սիրող ժողովուրդը նույն անխորտակ սիրով նաեւ զինվոր հուղարկավորել գիտի…

Թվում էր` եկել է այն երանելի պահը, որն այնպես կանխազգացել ու երազել է Հայոց վշտի մեծ երգիչը: Եկել է` հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած արշալույսը …

Չ´է, այս սիրով, այս ցավով, այս հպարտությամբ ու այս արժանապատվությամբ զինվոր սիրող ու զինվոր հուղարկավորող ժողովրդին հաղթել չի լինի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ




Լրահոս