Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարգելի Նիկոլ,
Երկու նամակ եմ Ձեզ հղել, չեք արձագանքել, զանգերիս չեք պատասխանում, հավանաբար գերծանրաբեռնված եք: Նամակներս ու զանգերս կապված էին Ձեր պատգամավորական պարտականությունների կատարման հետ: Ձեզ դիմել էի խնդրանքով, որպեսզի Դուք հարցում անեք Հաշտության Համաձայնագրի վերաբերյալ կնքված “Գլոբալ Գոլդ” ընկերության և ՀՀ կառավարություն միջև: Դուք չարձագանքեցիք, ինչպես և չանդրադարձաք Մելիք գյուղի իրավիճակին, քաջատեղյակ լինելով, որը “Գլոբալ Գոլդ” ընկերությունը շահագործում է Թուխմանուկի հանքավայրը ապօրինաբար:
Չեմ կասկածում, որ տեղյակ եք, որ մոտ հինգ հարյուր տարի է, ինչ իրավունքների մասին անգլիական հռչակագիրը իրավական հիմքեր է ստեղծել խոսքի ազատության հարցում: Խոսքի ազատությունը, որպես կարևոր տեղեկատվական գործիք, ի սկզբանե, նպատակաուղղված է եղել պետական, ինքնակառավարման մարմինների գործունեության որակի բարձրացմանը, հասարակության անվտանգության ապահովմանը և մարդու իրավուքների լիարժեք իրացման երաշխավորմանը: Սակայն, մեզանում, կարծես թե խոսքի ազատությունը հեռացել է իր առաջնային առաքելությունից ու վերածվել է, հանրության համար լուրջ վտանգներ պարունակող մի բիզնեսի: Սա առանձին վերլուծության արժանի խնդիր է:
Ափսոսանքով պետք է նշեմ, որ 90-ական թվականներից այս կողմ Հայաստանում որակյալ լրագրությունը դառնում է եզակի, ծանրակշիռ կարծիքներ լսելու, կարոտն ու կարիքը արդեն կրում է խրոնիկ բնույթ: Էլ չեմ ասում մասնագիտական վերլուծությունների սակավության ֆոնի վրա մակերեսային գիտելիքներով ողողված հոդվածների մասին, որոնք ուղղված են էլ ավելի նվազեցնելու հանրության կրթական մակարդակը: Ինչո՞ւ է դա այդպես. միտում՞ է, թե այդպես ավելի հեշտ՞ է, գումարն էլ է հեշտ՞ վաստակվում, պատվեր են կատարում թե՞ լրագրողական պրոֆիսիոնալիզմը լուրջ խնդիրներ ունի:
Ինչևէ, սա իրականությունն է, որը փոխելու համար երևի ժամանակ է պետք: Սակայն վտանգավոր կետին ենք հասել: Հուսադրում է, այն փաստը, որ հասարակությունն է փոխվել, ինքնակազմակերպվել ու հակահարված է տալիս մանիպուլյացիայի յուրաքանչյուր փորձին:
Մելիք գյուղի օրհասական վիճակի հարցով զբաղվելիս հայտնաբերեցինք, որ մի լրագրողական ցանց է ստեղվել, իրենց “ընդդիմադիր” անվանող, որ տարիներ շարունակ ապատեղեկատվություն է տարածել, մարդկանց դժբախտության վրա հավանաբար փող դիզել, նենգափոխել իրականությունը:
Խնդրի ուսումնասիրությունը, մեզ բերում է եզրակացության, որ այդ նույն լրագրողները, ընդհանուր առմամբ, իմիտացիոն գործունեություն են ծավալում, լրագրողական հարձակումներ գործելով այս կամ այն անձի, պաշտոնիայի վրա տանում են հարցը անհատականացման ուղիով, նպատակային շեղում հիմնական, համակարգային բնույթ ունեցող խնդրից, դրանով իսկ հնարավորություն տալիս անարգել գործելու այն թաքնված կոռումպացված համակարգին, որը տարիներ շարունակ քայքայում է պետությունը, անսահմանափակ շահույթ բերում յուրայիններին:
Նմանակերպ գործելաոճը, պսևդո-մարդու իրավունքների ջատագող ներկայանալը այդ լրագրողներին հնարավորություն է տալիս նաև հերոսանալ, հայտվել “հետապնդվողների” շարքերում, պաշտպանված լինել միջազգային կազմակերպությունների կողմից:
Սա դեռ սառցաբեկորի երևացող մասն է: Չերևացողը, շատ ավելի ծանր է, ու հետապնդում է ճիշտ նույն նպատակը, ինչ կարծում եմ այսպես կոչված “ընդդիմադիր” գործիչները ունեն`թույլ չտալու ձևավորվել իրական ընդդիմությանը, թույլ պահելու պետությունը, վերահսկելի ու կառավարելի դարձնել գործընթացները, ծառայեցնել իրավիճակը իրենց շահերին: Դե պարզ է, որ այդ խումբը շահագրգռված է պահել առկա վիճակը անսահմանափակ երկար: Բայց մենք դրան հանաձայն չենք:
Բարեբախտաբար իրավիճակը իսկապես փոխված է, հասարակությունը արդեն իրավագիտակից է, տեղեկատվական աղբյուրները շատ, հանրության պահանջները բարձր: Ուստի ստանդարտների վերանայման կարիք կա բոլոր բնագավառներում, այդ թվում` լրագրության: Կարծում եմ, նոր լրագրողի որակի հայտվելը մեր պետությունում անխուսափելի է` բարոյական ու մտածող, կիրթ և օրինակելի:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյան




Լրահոս