Երեվանյան ամառ ծրագրի շրջանակում համաբուժարան է դիմել 195 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում գոստոսի 1-ից 31-ը անցկացվող “Երեւանյան ամառ” ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հայտարարված անվճար բուժօգնության ակցիայի շրջանակներում համաբուժարաններ է դիմել 195 քաղաքացի, 5-ն արդեն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Այդ մասին քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցել է առողջապահության վարչության պետը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  “Երեւանյան ամառ” ծրագրի շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների հետ կապված` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Կենդանաբանական այգուց: Առաջիկայում մշակութային հետաքրքիր ծրագրեր են նախատեսված Մանկական երկաթուղում, Ջրաշխարհում, Կարապի լճի հարակից տարածքում եւ մի շարք այլ վայրերում:  Զեկուցվել է նաեւ, որ մայրաքաղաքի առավել մարդաշատ վայրերում բաժանվում են տեղակատվական թերթիկներ եւ թանգարաններ այցելելու հրավիրատոմսեր:
Օգոստոսի 16-ին “Երեւանյան ամառ” միջոցառումների շարքում մայրաքաղաքում անցկացվելու է հեծանվային մարաթոն, ինչպես նաեւ հեծանվային որոշ կանգառների բացման եւ շահագործման հանդիսավոր արարողություն:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Էրեբունի-Երեւան տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ:




Լրահոս