Ապրիլի 6-ի երեկոյան՝ ժամը 23-ից մինչեւ 23-անց 30-ը, ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Կրակը բացվել է 12.7 մմ տրամաչափի գնդացիրներից՝ «ԴՇԿ»-ներից:
Բաղանիսի բնակիչներն ասացին, որ ադրբեջանական կրակոցներն իրենց համար արդեն սովորական են դարձել, ապրիլի 6-ի կրակոցներից գյուղում էական վնաս չկա: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը, որը ձգվում է սահմանի երկայնքով, բաց է, շատ վարորդներ այժմ այդ վտանգավոր ճանապարհով են երթեւեկում:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Տավուշի սահմանագոտու բնակավայրերում համեմատաբար հանգիստ է, ապրիլի 6-ի գիշերը ադրբեջանական գնդակոծությունը Վարդենիսի վրա ավելի ուժեղ է եղել, քան Բաղանիսի վրա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ