Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մարտական գործողությունները թեեւ նույն ինտենսիվությամբ չեն շարունակվում, բայց եւ այնպես չեն էլ դադարում: Թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի կողմից շարունակվող այս ագրեսիան, մանավանդ այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից զինադադարի ռեժիմին անցնելու հայտարարություններ եղան, փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից:
-Պարո՛ն Աղաբաբյան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ընթացող մարտական գործողությունները, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք էին, եւ որքանո՞վ կարելի է հուսալի համարել հրադադարի մասին համաձայնությունը:
-Վաղը մեր ջոկատի տղաների հետ զենք ենք ստանալու ու գնանք: Կարեւորը մենք պաշտպանում ենք մերը. թշնամին ուրիշի ունեցվածքի վրա է գալիս, եւ մեր գործը արդար պետք է լինի, մենք ճիշտ ենք եւ մենք պետք է պաշտպանենք մեր հողն ու ջուրը: Իսկ ինչ մնում է հետագային, մենք հասկանալով, որ թուրքերն ունեն շատ խորամանկ դիվանագիտություն, գիշերով են հարվածում, թիկունքից… դրա համար ես չեմ հավատում այս զինադադարին:
-Ի՞նչ եք կարծում՝ այս գործողությունները կարող են լայնամասշտաբ պատերազմի վերաճել:
– Ինձ թվում է՝ այս ամենը կշարունակվի, եւ հիմա էլ կրակոցներ կան: Դրա համար մենք պետք է բոլորս պատրաստ լինենք դրան: Մեր քաղաքական դաշտում մտայնություններ կան, որ Թուրքիան նախագահ փոխելու խնդիր ունի, որ իրենով անի Ադրբեջանը: Բնականաբար այս բազում զոհերից հետո Ադրբեջանի հանրապետությունում միգուցե հեղափոխություններ սկսվեն, նրանց ժողովրդի մեծ մասը կողմ չէ պատերազմի: Եւ, ընդհանրապես, նրանք կռվել չգիտեն, եթե վերցնում ենք մեր կորուստները եւ նրանց կորուստները… բոլոր դեպքերում միգուցե շարունակվի: Պատրաստվենք վատին, որ ուժեղ լինենք:
զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ