ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում: Խոսքն առաջին հերթին Հանրապետական կուսակցությունում տիրող անորոշ իրավիճակի եւ թշնամական մթնոլորտի մասին է: Այս շաբաթվա ընթացքում կուսակցության ներսում բացասական միտումներն էլ ավելի խորացան, եւ պարզվեց, որ միասնական թեկնածուի հարցում պառակտումն անխուսափելի է լինելու: Ուժերի մեկտեղման ու հաղթանակ տանելու հեռանկարը ԱՄՆ-ի հանրապետականների մոտ նույնքան մշուշոտ է, որքան հայաստանյան ընդդիմության շրջանում:

Հիշեցնենք, որ դեռեւս աշնանը Հանրապետական կուսակցության թեկնածուները հանրապետական ազգային համաժողովի նախագահ Ռեյնս Փրայբուսի նախաձեռնությամբ ստորագրել էին համապատասխան փաստաթուղթ, որով պարտավորվում էին նոյեմբերին կայանալիք ընտրություններում անվերապահորեն սատարել մեկ միասնական թեկնածուի: Հանրապետական կուսակցության «բոսերը», սակայն, մի շատ կարեւոր վրիպում էին թույլ տվել` չնախատեսելով, թե ինչ կլինի, եթե թեկնածուներից որեւէ մեկը հրաժարվի կատարել այդ պարտավորությունը: Առհասարակ, ԱՄՆ-ում ձեւավորված քաղաքական ավանդույթի համաձայն՝ եթե քաղաքական գործիչը հայտարարություն է անում կամ առավել եւս որեւէ փաստաթուղթ ստորագրում, դրանից հրաժարվելը նրա համար կարող է ունենալ քաղաքական կարիերայի ավարտին հավասար նշանակություն: Ըստ էության, հենց այդ հանգամանքն էին հաշվի առել հանրապետականները, երբ բավարարվել էին որեւէ զպսման մեխանիզմ չենթադրող պարտավորագրի ստորագրմամբ: Սակայն գործարար Դոնալդ Թրամփի հետագիծը պետք է նրանց հուշեր, որ այս գործչի համար քաղաքական գնահատականն ու կեցվածքը ժամերի ընթացքում կարող է փոփոխվել` առանց ազդելու նրա հանրային վարկանիշի վրա: Ընտրարշավի ընթացքում Թրամփը բազմիցս հակասական հայտարարություններ էր արել, հաշված ժամերի ընթացքում նույն հարցի շուրջ տրամագծորեն հակառակ տեսակետներ հայտնել` առանց խաթարելու սեփական հեղինակությունը: Որքան նրա հակառակորդները մատնացույց էին անում Թրամփի անհետեւողականությունն ու խառնափնթոր մոտեցումները, այնքան աճում էր նրան ձայն տվողների քանակը: Իսկ գործարարը նույն հարցի շուրջ իր հայտնած հակառակ կարծիքները պաշտպանում էր մեծ փութաջանությամբ` այդպիսի պահվածքը անվանելով ճկունություն:
Եվ, ահա, Թրամփի «ճկունությունից» բաժին հասավ նաեւ մեկ միասնական թեկնածուի պաշտպանելու պարտավորագրին: Օրեր առաջ CNN-ին տված իր հարցազրույցում, անդրադառնալով միասնական թեկնածուին պաշտպանելու հարցին, եթե, իհարկե, ինքը չդառնա այդ թեկնածուն, Թրամփը հայտարարել էր, որ այլեւս անկարող է հավատարիմ լինել իր ստորագրությանը: Գործարարի պնդմամբ` Հանրապետական կուսակցությունն իր հանդեպ վարվում է խիստ անարդար, ինչն անհնարին է դարձնում այլ թեկնածուի պաշտպանելը: Այն, որ Թրամփը հավակնում է Հանրապետականի առաջնորդի կարգավիճակին ու միաժամանակ մերժում կուսակցության հանդեպ հավատարմությունը, արդեն իսկ անհեթեթ իրավիճակ է ստեղծում հենց հանրապետականների ներսում: «Յուրայինների մեջ օտար» կարգավիճակով Թրամփը այս հայտարարությամբ ոչ միայն վերացրեց համաժողովում թեկնածու ընտրվելու իր` առանց այն էլ նվազ հնարավորությունը, այլեւ ծաղրի ենթարկեց Հանրապետական կուսակցության բոսերից համարվող Ռեյնս Փրայբուսին: Եթե Թրամփը չի կարողանում հավաքել 1237 լիազորներ Քլիվլենդի համաժողովին ընդառաջ, ինչի հավանականությունը խիստ մեծ է` հաշվի առնելով ապրիլի 5-ին Վիսքոնսինում նախատեսված քվեարկությանը Քրուզի սպասվող հաղթանակը, ապա բացեիբաց թշնամությունը հանրապետական վերնախավի հետ համաժողովի երկրորդ փուլում նրան զրկելու է անգամ ցայսօր կուտակած 752 լիազորներից:
Ինչ վերաբերում է Փրայբուսի նախաձեռնության տապալմանը, ապա հարկ է շեշտել, որ ի սկզբանե թերի լինելով` այն մեծ օժանդակություն էր հենց Թրամփի համար: Վերջինիս մրցակիցներ Բուշը, Ռուբիոն, Քրուզը եւ այլք, գործարարին ուղղված ամենադաժան քննադատություններին զուգահեռ` ամեն անգամ հարկադրված էին լինում դրական պատասխան տալ միասնական թեկնածուին պաշտպանելու պարտավորությանը: Ստացվում էր, որ Թրամփն այդքան էլ վատը չէ, եթե նրա նախագահությունն անվանում ես «աղետ»` միաժամանակ պատրաստ նրան սատարելու: Սովորական ընտրողների մոտ այդպիսի դիրքորոշումը փարիսեցիության տպավորություն էր թողնում` նպաստելով Թրամփի հաղթարշավներին: Հանրապետականներն էլ կաշկանդված լինելով իրենց ստորագրությամբ եւ դրանով էլ պայմանավորված հանրային պատասխանատվության կարծրատիպով` լրագրողների համառ հարցերին ի պատասխան` չէին կարողանում հրաժարվել Թրամփին սատարելու պարտավորությունից: Արդյունքում` Թրամփին զսպելու փոխարեն` Փրայբուսի «պարտավորագիրը» լիովին հակառակ նշանակությունն ունեցավ: Այն նպաստեց Թրամփի առաջխաղացմանն ու մեկը մյուսի հետեւից ջախջախեց հանրապետական թեկնածուներին: Իսկ Թրամփը դրսեւորեց մաքուր քաղաքական օպորտունիզմ` հրաժարվելով աջակցել կուսակցության կողմից առաջադրվելիք այլ թեկնածուի, ինչից շահելու է բացառապես Հիլարի Քլինթոնը: Արդյունքում Թրամփը, չդառնալով նախագահ, հեշտությամբ կմոռացվի, ինչպես խոսքի արժեքը արհամարհող բազմաթիվ այլ գործիչներ:
Հայաստանում եւս ընդդիմության թշնամությունից շահել է բացառապես իշխանությունը: Նման իրավիճակի հատկապես ականատես եղանք 2008թ. նախագահական ընտրություններում, երբ Արթուր Բաղդասարյանը վերջին պահին հրաժարվեց սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընդդիմադիր հայտարարություններ անող, Սերժ Սարգսյանին իրեն սպանելու ցանկություն ունենալու մեջ մեղադրող Բաղդասարյանը ընտրություններից տասն օր հետո միացավ նույն Սարգսյանին: Անշուշտ, Բաղդասարյանը չէր ստորագրել որեւէ պարտավորագիր, սակայն նրա հրապարակային հայտարարություններն իշխանության հանցավոր էության ու կոռումպացվածության մասին հույս էին տալիս, որ «հաճախորդ» լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը կեղծիք էր: Միայն Մարտի 1-ի նախօրեին պարզվեց, որ սկզբունք ասվածը առ ոչինչ էր ընդդիմություն ձեւացող ՕԵԿ-ի ու նրա ղեկավարի համար: Ի դեպ, պատահական չէր, որ այդ իրադարձություններից հետո Բաղդասարյանի վարկանիշը շեշտակիորեն ընկավ եւ այսօր նույնիսկ իշխանության օգնությամբ 5 տոկոսի չի հասնում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ ՊԱՐՏՔԵՐԸ

Ինչպես հայտնի է՝ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արմավիրի եւ Արարատի մարզերի հարյուրավոր խաղողագործներ վերամշակող ընկերություններից պահանջում են իրենցից մթերած խաղողի գումարները: Նրանք կա՛մ բողոքի ակցիաներ են անցկացնում, կա՛մ էլ ավտոճանապարհներ փակում:

Նախօրեին նույն պահանջով Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում բողոքի ակցիա անցկացրին Քաղցրաշենի բնակիչները: Ավելին՝ երեկվա համարում հրապարակել էինք, որ քաղցրաշենցիների՝ նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիային ներկա չի գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Հավանաբար «Ժողովուրդ»-ի այս հրապարակումից հետո մարզպետը ուշքի է եկել եւ երեկ արդեն նա բնակիչների հետ հանդիպմանն էր: Խաղողագործների հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը, ով իրեն պատկանող տարածքը վարձակալությամբ հանձնել է «Վինար» ընկերությանը: «Վինար»-ի տնօրեն Ավետ Գալստյանը բնակիչներին խոստացել է, որ վճարումները կսկսի ապրիլի 4-ից: Այս խնդրի շուրջ դժգոհություններ ունեն նաեւ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Հովտաշատ, Ամասիա եւ Նորապատի խաղողագործները:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի տիկին Ալլան: Նրա խոսքերով՝ «Շահնազարյան գինու, կոնյակի տուն» ընկերությունն իրենից անցած տարի 3 տոննա խաղող է մթերել, սակայն մինչ օրս չի վճարել գումարը:
Բամբակաշատցիների պատմելով՝ ընկերությունը գյուղում մոտ 15 ընտանիքի գումար է պարտք: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող «Շահնազարյան գինու, կոնյակի տուն» ՍՊԸ-ի հետ, որտեղից հավաստիացրին, որ ապրիլի 4-ից ընկերությունը կսկսի վճարումները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՋՐԻ ԱՓԻՆ` ԱՌԱՆՑ ՋՈՒՐ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը գտնվում է Ջողազի ջրամբարի աջ ափին: Նախկինում գյուղը կրում էր Ջողազ անունը, հետո վերանվանվել է Բերքաբեր: Ջողազի ջրամբարը մեծ շուքով բացվեց 1980 թ. աշնանը: 1980-1990 թթ. Ջողազի ջրամբարի ջրերով ոռոգվում էին Հայաստանի Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջանների եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հազարավոր հեկտար հողեր: Հայ-ադրբեջանական լարվածության մեկարկից` 1990 թվականից հետո Ջողազի ջրամբարից սնվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին իրենց տարածքում գտնվող ոռոգման պոմպակայանը, որը ջուր էր մղում Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղեր: Բերքաբեր գյուղի դեմ-դիմաց՝ արհեստական լճի ձախ ափին, գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղը: Ջրամբարի այդ ափին ադրբեջանցիները խողովակներ են դրել 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ արհեստական ջրամբարի մեջ եւ ոռոգման նպատակով ջրամբարից ջուր են մղում: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց, որ Մազամի ադրբեջանցիները Ջողազի ջրով ոռոգում են ոչ միայն իրենց տնամերձ հողամասերը, այլ նաեւ Բերքաբերին պատկանող, սակայն ներկայումս ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող 860 հեկտար հողերը: Նշենք, որ Ջողազի ջրամբար են լցվում նաեւ Ոսկեպար գետի ջրերը: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը նկատեց. «Ադրբեջանցիները մեր ջրերով մեր հողերը ոռոգում են եւ մեզ վրա կրակում»: Նա հայտնեց, որ մարտի 31-ին Բերքաբերի մի խումբ բնակիչներ փորձել են իրենց հողամասերը մշակել, սակայն ադրբեջանցիների կրակի պատճառով չեն կարողացել աշխատել: «Ժողովուրդը» գյուղապետից հետաքրքրվեց, թե ինչու իրենք Ջողազի ջրամբարից ոռոգման ջուր վերցնելու նպատակով պոմպակայան չեն գործարկում: Նա ասաց, որ այդ նպատակով ինքը տարբեր կազմակերպությունների է դիմել, սակայն անօգուտ: 1997թ. ՄԱԿ-ի փախստականների հարցերով նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ Ջողազի ջրամբարի պատվարի տակ կառուցվեց միկրոՀԷԿ, որը խմելու ջուր էր մատակարարում Սարիգյուղ, Բերքաբեր համայնքներին: Այդ ժամանակ միկրոՀԷԿ այցելեց Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկինը՝ Լյուդմիլան:
2012 թվականից Բերքաբերը ղեկավարող Արթուր Մադաթյանը, սակայն, ասաց, որ այդ միկրոՀԷԿ-ը վաղուց արդեն չի գործում եւ գտնվում է թալանված վիճակում: Նա հայտնեց, որ իր համագյուղացիները ադրբեջանցիների կրակի պատճառով չեն համարձակվում ջրամբարից ձուկ որսալ: Ա. Մադաթյանի կարծիքով՝ սահմանում տիրող նման իրավիճակը անթույլատրելի է, նա անգամ տեսակետ հայտնեց, որ ավելի լավ է պատերազմ լինի, որպեսզի իրավիճակը հստակեցվի: Հիշեցնենք, որ մարտի 25-ին ադրբեջանական զինուժի կրակոցներից ուսից վիրավորվել էր Բերքաբերի 58-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը, ով այժմ Երեւանում բուժվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս