ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ԳՆԱՆՔ, ՀԱՂԹԵՆՔ` ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի լույս 2-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության բնակչությունն արթնացավ` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունների վերսկսման լուրով: Արդեն չորրորդ օրն է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով դաժան մարտեր են ընթանում: Այլեւս ակնհայտ է, որ սա հրադադարի խախտման հերթական դեպքը չէ, որը որոշ ժամանակ անց դադարելու է: Թշնամին հայկական զինուժի դեմ պատերազմ է սկսել: Իսկ դա նշանակում է, որ մենք պարտադրված ենք հաղթել: Հաղթանակից բացի՝ ցանկացած ելք Հայաստան աշխարհի համար, մեր երկու պետությունների խաղաղության համար պարզապես չկա: Հաղթանակն իր հերթին պետք է արտահայտվի Ադրբեջանի տիրապետման տակ գտնվող պատմական հայկական հողերի մի մասի ազատագրմամբ: Ասել կուզի, եթե մինչ այս Ադրբեջանը պնդում էր, թե իբր Հայաստանն իր տարածքի 20 տոկոսն է խլել, ապա այդ թիվը պետք է դառնա 25-30 կամ ավելին: Սա միակ երաշխիքն է, որ հաջորդ տասը կամ քսան տարիներին թշնամին «պոչը կքաշի եւ կմտնի իր բունը»: Հայկական զինուժը ստիպված է թշնամուն պարտադրել, որ նա զինադադար մուրա, ինչպես 1994-ի մայիսին: Ավելին՝ նախորդ զինադադարի կնքումից անցել է 22 տարի, եւ Հայաստանի` հաղթողի հաղթաթուղթն անցած տարիների ընթացքում դիվանագիտական միջանցքներում մաշվել, գնացել է: Հայաստանի` հաղթող կողմի կարգավիճակը պետք է թարմացվի, եւ դա պետք է նշանավորվի նոր տարածքների ազատագրմամբ: Իհարկե, գիտակցում ենք, որ հաղթանակները տրվում են հայորդիների զոհողության գնով, այլընտրանք չկա, քանի որ երկարաժամկետ խաղախության հասնելու միակ ճանապարհը դա է:

 

 
Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսման առաջին օրվանից կոնկրետ իրավիճակում սկսեցին գծագրվել, թե Հայաստանի կառավարման համակարգի օղակներից յուրաքանչյուրը որքանով է պատրաստ նման իրավիճակի: Արդյունքում, արդեն իսկ ակնհայտ է, որ հայկական զինված ուժերը լիարժեք ի վիճակի են մեր հայրենիքը պաշտպանել: Հասարակությունն իր միասնականությամբ եւ կամավորականների չդադարող հոսքը եւս ապացուցեցին, որ հասարակությունը եւս պատրաստ է իր կյանքի գնով պաշտպանել հայրենիքը թշնամու ոտնձգություններից: Նույնիսկ լրատվական դաշտն իր գունագեղությամբ ստեղծված իրավիճակում շատ արագ կողմնորոշվելով սկսեց գործել, որպես մեկ ամբողջական օրգանիզմ` չեզոքացնելով թշնամու քարոզչական դիվերսիայի բոլոր փորձերը: Մի խոսքով, բոլոր օղակներն այս պահին նորմալ իրենց գործն են անում, բացառությամբ Հայաստանի արտգործնախարարության: Այս կառույցը փաստացի ընդհանուր զարգացումներից մի տեսակ հետ է մնում, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն դարձել է Հայաստանի միակ «թույլ օղակը»: Թերեւս ակտիվանալը չէր խանգարի:

 

 

 
Երեկ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» կայքը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի բիզնես գործունեության մանրամասները: Ըստ այդմ, պարզվում է, որ 40-ամյա գեներալն իր ուսադիրների աստղերը մեծացնելուն զուգահեռ՝ նույնքան արագ հարստություն է կուտակել: Իսկ ամենակարեւորն այն է, որ ըստ հրապարակված տվյալների՝ Միհրան Պողոսյանն իր հարստությունը կուտակել է՝ պետական պաշտոնն օգտագործելով: Պարզվում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ժամանակ անշարժ գույքն հիմնականում գնահատվում է հենց Միհրան Պողոսյանին պատկանող «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի միջոցով: Հրապարակված նյութը փաստացի ամբողջությամբ նկարագրում է «գեներալին» եկամուտներ ապահովող կոռուպցիոն համակարգը, որի համեմատ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապվող «օֆշորի» սկանդալը մանկական խաղ է: Կարծում ենք՝ ժամանակն է, որպեսզի Միհրան Պողոսյանը վայր դնի իր պաշտոնը եւ միայն բիզնեսով զբաղվի:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա հունվարի 30-ին գրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն 2015 թվականին կալանավորել է պահեստազորի մայոր Գարիկ Մարությանին, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել պետական գաղտնիք պարունակող տվյալներ: «Ժողովուրդ»-ը գրել էր նաեւ մի գործի մասին՝ ըստ որի՝ Վանաձորի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանը բնակվելով Թուրքիայում՝ իր որդուն՝ Սերգեյին, ներքաշել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատանքում, որը ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր ձեռք բերած տեղեկությունները փոխանցել է նրանց 750 ԱՄՆ դոլլարի դիմաց: Սերգեյին ադրբեջանցիները ցուցում են տվել, որ ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնի: Նկատենք, որ Ադրբեջանի հետախուզական ծառայության հետաքրքրությունների հիմնական թիրախը եղել են Մատաղիսի եւ Մարտունու զորամասերը, որտեղ այսօր թեժ մարտեր են ընթանում:

 

 

 

ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Հումորի համաշխարհային օրվա գիշերը սկսված ռազմական գործողությունները սպասվածից ավելի լրջացան, ինչը մեզ սթափվելու կարեւոր ազդակ պետք է լինի: Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ապրիլի 2-ին կայացած անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, «Կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ, այդուհանդերձ, ինչպես ես բազմիցս եմ ասել, մեր խնդիրները մենք պետք է լուծենք»:
Իսկապես, դատելով միջազգային կառույցների սովորական դարձած սին հորդորներից՝ կարելի է վստահ պնդել, որ արտաքին աշխարհն առանձնապես մտահոգված չէ մեր երկրում տիրող իրավիճակով: Արցախում զոհված զինվորների, տարեցների ու երեխաների ցավը մերն է: Ուստի պետք է ինքներս դիմակայենք առկա եւ սպասվող փորձություններին: Իսկ ո՞րն է դրա ճանապարհը: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը եւ Արցախը երկու ռազմաճակատում են կռվում՝ սահմանին եւ տնտեսական ուղղությամբ:
Հայկական բանակը, հուրախություն մեզ, պատվով կատարում է իր առջեւ դրված խնդիրը, մեր սահմաններն ամուր են, երկրորդ թիրախը մեզ համար պետք է լինի տնտեսությունը: Որքան տնտեսապես հզոր լինենք, այնքան կավելանա անկախության մեր չափաբաժինը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում իրապես գործարարությունը խթանող նոր օպերատիվ գործիքներ մշակվեն: Պետք է մանր ու միջին գործարարներին իրապես «շնչելու» ազատ հնարավորություն տրվի, որ ֆինանսական աշխուժություն սկսվի երկրում: Այլեւս ժամանակ չկա քննարկելու, թե ով է ալյուր բերում, պետք է ընդառաջել էժան գին առաջարկողին: Չպետք է քննարկվեն, թե մաքսային ծառայության այս կամ այն «պապկան» ում է պատկանում, ո՞վ կարող է էժան ու ձախ ճանապարհով ապրանք մաքսազերծել, չպետք է տանիք կանգնեն «կարգոներին», այնուհետեւ նեղացնեն վաճառականներին: Այսպես ասած՝ «հարկային համաներում» է մեզ անհրաժեշտ:
Ինչո՞ւ, որովհետեւ Արցախի սահմանին տեղի ունեցող իրավիճակը լրջապես կարող է վախեցնել մեր երկրում տարբեր ծրագրերով ներդրումներ իրականացնողներին կամ նման պլաններ ունեցողներին: Ինչը նշանակում է որ «դրսի փողերի» վրա հույս դնելը սխալ է: Մենք պետք է կենտրոնացնենք մեր ռեսուրսներն ու ռեալ շեշտադրում անենք արտադրության եւ արտահանման ծավալների մեծացման վրա:
Ի դեպ, նույն իրավիճակն է նաեւ Ադրբեջանում: Նրանք եւս տնտեսապես կայուն վիճակում չեն, քանի որ նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել, Ադրբեջանի շատ ձեռնարկություններում նույնիսկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում:
Այնպես որ, մեզ մնում է՝ սթափվենք:




Լրահոս