20 ՏՈԿՈՍ ԱԱՀ-ԻՑ ՈՉ ԲՈԼՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ից սկսած՝ ԵՏՄ տարածքից Հայաստան ներմուծված մեքենաների համար 20 տոկոս ԱԱՀ չի գանձվի: Կատարված օրենսդրական փոփոխության համաձայն` մեկ տարվա ընթացքում մեկ ֆիզիկական անձը կարող է ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներկրել մեկ ավտոմեքենա եւ ազատվել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից: Սակայն այս բարեփոխումը գործելու է ոչ բոլոր ներմուծողների եւ ներմուծված ոչ բոլոր մեքենաների համար:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան այս տարվա սկզբին Մոսկվայի, Երեւանի ու Աստանայի միջեւ կազմակերպված տեսակամուրջի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները, միության երկրներից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծող քաղաքացիներից ավելացված արժեքի հարկ գանձելով, խախտում են միության իրավապայմանագրային սկզբունքները:
Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը անցած տարում ԵՏՄ տարածքից ավտոմեքենա ներկրող ֆիզիկական անձանցից ապօրինի ավելացված արժեքի հարկ է գանձել: Իսկ ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք՝ ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս պատճառով նախագծով առաջարկվել է վերացնել անհիմն հարկումից առաջացած հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:
Այսպես՝ մարտի 26-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին փաթեթը: Այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Եվ ուրեմն այսուհետ ՀՀ տարածք ԵՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներկրող ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկ չի գանձվի:
Միեւնույն ժամանակ դեռեւս հստակեցումներ չկան, թե ինչ է լինելու այն մեքենաների հետ, որոնք ներմուծվել են մարտ կամ փետրվար ամիսների ընթացքում: Գործող օրենսդրության համաձայն` ԱԱՀ-ն պետք էր վճարել մինչեւ ներմուծմանը հաջորդող ամսվա 20-ը, այսինքն` մարտին ներմուծված մեքենաների դեպքում` մինչեւ ապրիլի 20-ը: Հետեւաբար, նրանք, ովքեր ԵՏՄ տարածքից ավտոմեքենա են ներկրել մարտի 1-ից մինչեւ մարտի 31-ը, հայտնի չէ, թե որ ընթացակարգով են շարժվելու:
Այս խնդրի հետ կապված «Ժողովուրդ»-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից: Նրանք, ովքեր փետրվար կամ մարտ ամիսների ընթացքում ՌԴ-ից ավտոմեքենա են ներկրել, այսօր հայտնվել են անելանելի դրության մեջ: Քանի որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մաքսազերծման կետերում տեղեկացնում են, որ օրենքը չի տարածվում այն քաղաքացիների վրա, ովքեր վերոնշյալ ամիսներին են ավտոմեքենա ներկրել ՀՀ:
Խնդրի առնչությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ»-ից փոխանցեցին հետեւյալը. «Օրենքը մարտի 31-ից կամ ապրիլի 1-ից է ուժի մեջ մտնում: Այսինքն՝ երբ այն (մեքենաները, Ս. Հ) ներմուծվել է, այդ օրենքը չի եղել, դրա համար քաղաքացիները պետք է վճարեն ԱԱՀ-ն»: Պարզվում է՝ օրենքը հետադարձ ուժ չունի եւ հստակորեն չի տարածվի մինչեւ մարտ ամիս ներմուծված մեքենաների վրա:
Իսկ մինչ այդ հազարավոր քաղաքացիներ անհամբեր սպասում էին օրենքի ուժի մեջ մտնելուն. նրանք գերադասեցին տույժ ու տուգանքներ ունենալ, բայց ԱԱՀ չվճարել՝ հույս ունենալով, որ կազատվեն դրանից:
Ի դեպ, ըստ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ իրավական ակտերով: Այս դեպքում դա նախատեսված չէ: Սա հուշում է, որ այս կերպ կառավարությունը կրկին շարունակելու է ապօրինի կերպով գանձել ՀՀ քաղաքացիներից 20 տոկոս ԱԱՀ-ն՝ մինչեւ ապրիլի 1-ը ԵՏՄ տարածքից ներմուծված ավտոմեքենաների համար: Հետաքրքիր է, երբ այս մասին տեղեկանա Եվրասիական տնտեսական միության ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, ինչպես կարձագանքի:
Ի դեպ, նշենք, որ 2015 թվականին Հայաստան է ներկրվել 22 մլրդ դրամի, իսկ 2014 թվականին՝ 44-45 մլրդ դրամի ավտոմեքենա: Ըստ մասնագետների՝ Հայաստանի քաղաքացիները անցած տարի ԵՏՄ տարածքից ներկրված ավտոմեքենաների համար որպես ԱԱՀ վճարել են ավելի քան 10 մլն դոլար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ
Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Արմենպրես»¬ին հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` նշելով, որ առաջիկա օրերին եվրոպական խոշոր քաղաքներում Հայ դատի գրասենյակների նախաձեռնությամբ հայկական համայնքները կանցկացնեն բողոքի ցույցեր` ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ գործողությունների: «Առաջիկա շաբաթ օրը սպասվում է Փարիզում, կիրակի օրը՝ Բրյուսելում: Արդեն եղավ Հունաստանում ու Լոնդոնում: Գործընթացը շարունակվում է: Հիմնականում բողոքի ցույցերն անցկացվելու են տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների մոտ»,¬ ասել է Պետո Դեմիրճյանը: Նա նաեւ նշել է, որ գործի են դրվել Հայ դատի բոլոր գրասենյակները, եւ ակտիվ աշխատանք է տարվում քաղաքական հարթությունում, տարբեր երկրների կառույցներում: «Մեր նպատակն է, որ մատնացույց արվի Ադրբեջանը: Հիմնականում երկու կողմերին զսպվածության կոչ են անում, որը ճիշտ չէ, ուղղակի պետք է թիրախավորել Ադրբեջանին, որն ագրեսոր է ու ինքն է նախահարձակը: Մենք հաղթանակած կողմն ենք, մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հարկ եղավ, բնական է, որ պետք է մեզ պաշտպանենք»- ամփոփել է Պ.Դեմիրճյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Հայ երիտասարդները բողոքել են Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակողական գործողությունների դեմ:

 

 

ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
ԱՄՆ հայ համայնքից «ժողովուրդի»-ին հայտնել են, որ երեկ Գլենդել քաղաքում բողոքի հզոր ցույց է անցկացվել` ի նշան բողոքի Արցախում հակառակորդի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեմ: ԱՄՆ հայ համայնքը Central + Lexington փողոցների խաչմերուկում տեղակայված հայկական հյուպատոսության դիմաց բողոքել է Ադրբեջանի վտանգածին արկածախնդրությունների դեմ: Մեր հայրենակիցների փոխանցմամբ` ապրիլի 8-ին` ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո բողոքի մեծ ակցիա կանցկացվի ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ:

 

 

ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝2000 ՎԻՐԱՎՈՐ
ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նոր տվյալներ է հրապարակել: Բացի այդ՝ նա ներկայացրել է նաեւ հակառակորդի տարածքում գտնվող երկու բնակիչների խոսակցություն: Գնդապետ Առուստամյանը նշեց, որ հակառակորդի մարդկային կորուստները անհամեմատ շատ են եւ որպես ապացույց ներկայացրեց հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույց, որտեղ սահմանին ապրող կինը պատմում էր, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորվածներ տարել հիվանդանոց, մի մասին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախում է: Նա այսօր Արցախում բացված օպերատիվ տեղեկատվական կենտրոնում պատասխանեց լրագրողների հարցերին եւ նշեց, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն եւ խախտել ոչ միայն Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած մարդասիրական պարտավորություններն ու միջազգային մարդասիրական իրավունքը, այլ ՄԱԿ-ի՝ ստեղծման օրից մինչեւ օրս ձեւավորած բոլոր սկզբունքները:
«Մինչեւ Հայաստանից ԼՂՀ ժամանելը, իմ կողմից մանրամասն ուսումնասիրություններ են կատարվել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչի արդյունքները ներկայացվել են միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Եվրոպայի Խորհրդին, ՄԱԿ-ին, ոչ կառավարական, բայց վերպետական իրավապաշտպան կազմակերպություններին: Շարունակելու եմ իմ գործունեությունը՝ փաստերը ավելի հիմնավոր դարձնելու ու հիմնավոր առաջարկներ ներկայացնելու համար»,- ասաց նա:
Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր ՀԿ-ներին, լրագրողներին ու միջազգային կառույցներին, որոնք մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից կարեւոր գործունեություն են ծավալել այս օրերին, որը հնարավորություն է տվել քննարկման առարկա դարձնել իրավունքների նման կոպտագույն խախտումները ու դրանք ներկայացնել միջազգային հանրության քննարկմանը ու քաղհասարակությանը:
Հարցին, թե Հաագայի դատարան հայցադիմում ներկայացնելո՞ւ են, ՄԻՊ-ը նշեց, որ իր իրավասության շրջանակում անպայման դիմելու են կոնկրետ ատյաններ, սակայն մինչ այդ առավել մանրամասն ուսումնասիրություններ են իրականացնելու:

 

ԲԱՑԱՌՈՒՄ Է ԲԼԻՑԿՐԻԳԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում իրադարձություններին, հնարավոր ելքերի, կողմերի ռազմական պոտենցիալներին, դրդապատճառներին: Ըստ նրա` հայկական ու ադրբեջանական զինուժերը համարժեք են, ինչը բացառում է բլիցկրիգի (կարճ եւ արագ պատերազմի) հավանականությունը: Նաեւ քաղաքագետը որպես իր անձնական կարծիք նշեց, որ անմիջապես պետք է կանգնեցվի, եթե ոչ դադարեցվի ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ սպառազինությունների ոլորտում համագործակցությունը:




Լրահոս