ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՇՆՈՂ ԳԵՏԸ ԴԱՐՁԵԼ Է ՌԻՍԿԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Համահայկական բնապահպանական ճակատը ահազանգում է, որ Թեղուտի հանքավայրի պոչամբարից դուրս եկող թափոնաջրերը լցվում են Շնող գետը՝ դառնալով աղտոտման լուրջ աղբյուր: ՀԲՃ-ն նույնիսկ տեսանյութ է հրապարակել, որտեղ կարեւոր հարցեր է բարձրացրել:

Խնդրի կապակցությամբ Համահայկական բնապահպանական ճակատը դիմել է բնապահպանության նախարարությանը եւ առաջարկել «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ իրականացնել` պարզելու, արդյոք «Թեղուտ» ՓԲԸ-ի ողջ գործունեությունը համապատասխանում է հանքավայրի շահագործման նախագծին ու ՀՀ օրենսդրությանը: ՀԲՃ-ի ահազանգերի հետքերով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից ուսումնասիրություն է իրականացվել: Պարզվել է, որ վերջին շրջանում Լոռու մարզում կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության (տեղումներ, արագ ձնհալ) հետեւանքով այս տարվա փետրվարի 5-ին եւ 6-ին «Թեղուտ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանով երկրորդային պարզեցման ավազանում կուտակվող շրջանառու ջուրն ամբողջությամբ հնարավոր չի եղել մղել արտադրություն, ինչի արդյունքում ոչ տեւական ժամանակով վթարային պարզարանից արտահոսք է տեղի ունեցել դեպի Շնող գետ: Խնդիրը կարգավորելու նպատակով ընկերությանը հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանը լրացուցիչ հզորությամբ համալրելու ուղղությամբ: Ընկերությունից հավաստիացրել են, որ ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ:
Ստացվում է, որ եթե ՀԲՃ-ն նման տեսանյութ չհրապարակեր եւ չդիմեր բնապահպանության նախարարություն, ընկերությունը իր թափոնաջրերով կշարունակեր աղտոտել Շնող գետը: Ահա թե ինչպես են մեր ընդերքից միլիոններ կորզող այս ընկերությունները վարվում մայր բնության հետ` աղտոտելով նաեւ գետերը: Իսկ վերահսկող կառույցներն էլ, ինչպես միշտ, քնած են համապատասխան կենդանու ականջում:
Կառավարման նորմալ համակարգ ունեցող որեւէ զարգացած երկրում նման երեւույթի համար կզրկեին հանքարդյունաբերությամբ զբաղվելու լիցենզիայից: Մինչդեռ մեզ մոտ բնապահպանության նախարարությունը բավարարվեց միայն ցուցում տալով եւ հավատալով ընկերության հավաստիացմանը, թե համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Սակայն արդյոք այդպիսիք ձեռնարկվել են: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի պետ Աղասի Հարությունյանի հետ, ով փոխանցեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից վթարային պարզարանում արդեն իսկ տեղադրվել է լրացուցիչ չորրորդ պոմպը: Բացի այդ՝ պոմպակայանի աշխատանքները լրացուցիչ հզորություններով հագեցնելու նպատակով ընկերության կողմից նախատեսվում է հինգերորդ պոմպի, ինչպես նաեւ վեցերորդ ռեզերվային պոմպի տեղադրում:
Տեղեկացնենք, որ անցած տարի Թեղուտ գյուղից հարավ-արեւելք սկսվել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Իսկ հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները՝ հարյուրավոր հեկտարներով անտառահատում, արտադրական կառուցապատում, մակաբացում եւ այլն, սկսվել էին դեռեւս 4-5 տարի առաջ: Ներկայումս ընկերությունը շինարարական նպատակներով վերցնում է գետի ջրի զգալի մասը (ինչի արդյունքում այն սակավաջուր է դառնում), եւ կեղտաջուրը թափում է գետը: Շնող գետ են թափվում նաեւ «Թեղուտ» ՓԲ ընկերության կոյուղաջրերը: Ի դեպ, Շնող գետը Թեղուտ եւ Շնող համայնքների (3908 բնակիչ) համար ոռոգման հիմնական աղբյուրներից է:
Նշենք, որ վերջերս ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանը ներկայացրել է «Շնող գետի ջրերի որակի դինամիկան 2009-2015թթ. ընթացքում» հետազոտությունը, ըստ որի՝ Թեղուտի հանքավայրի շահագործումն առաջացրել է նաեւ այլ լուրջ բացասական հետեւանքներ: Դրանցից մեկն է հանքավայրին հարակից տարածքներում հոսող գետերի ջրերի որակի խիստ վատթարացումը: Հիմնական եզրակացության համաձայն՝ բնապահպանական նպատակային միջոցառումներ չիրականացնելու դեպքում Շնող գետի էկոհամակարգը մոտակա տարիներին կնմանվի Ախթալա եւ Կարճեւան «գետերի» ջրային էկոհամակարգերին:
Նշված խնդրի պարզաբանման համար իրականացվել է նաեւ Շնող գետի ջրերի որակի վերլուծություն` 2012-2015թթ հիմնականում Եվրոմիության Քուռ-Արաքս 3 եւ EPIRB Project ծրագրերի շրջանակներում ստացված մոնիտորինգային տվյալների հիման վրա: Արդյունքում պարզվել է, որ Շնողի գետաբերանի ջրերի ջրածնային ցուցիչի արժեքները 2014-2015թթ ընթացքում նվազել են:
Շնող գետը, ըստ Եվրամիության ՋՇԴ դասակարգման, ներկայումս արդեն դասվում է «ռիսկային» ջրային մարմինների դասին: Մինչդեռ այն մինչեւ 2011 թվականը չէր համարվում ռիսկային: Իսկ գետաբերանի հատվածում մոլիբդենի բարձր պարունակության պատճառով գետի ջրերի որակը մի քանի անգամ գնահատվել է որպես է 5-րդ՝ «վատ» դասի, այսինքն՝ խիստ աղտոտված: Եվ, բնականաբար, այս ամենի արդյունքում գետաբերանում տեղի է ունեցել ջրային կենսաբազմազանության կտրուկ անկում:
Ահա թե ինչպես են հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները ոչնչացնում մեր շրջակա միջավայրը` հայրենի կառավարության անտարբեր հայացքի ներքո:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՆՏԵՆՍԻՎ ԲՈՒԺՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն: «Արեւիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է, Գեւորգ Գրիգորյանը ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդնային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա: Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանն այսօր վիրահատվել է, տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Լիարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները եւ շտապօգնության ծառայությունը: Ի դեպ, Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:
Երեւանից ժամանած մասնագետները տեղի բժիշկների հետ աշխատում են Ստեփանակերտի եւ շրջանների բժշկական հաստատություններում: Արցախ է բերվել նաեւ «Էրեբունի» ԲԿ շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ եւ անվտանգ Երեւան տեղափոխելու համար: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղարկվել են դեղամիջոցներ եւ բժշկական պարագաներ, պուլսօքսիմետրեր, որոնք կտրամադրվեն նաեւ զիվորական հոսպիտալին:

 

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտերի օրերին Հայաստան տեղափոխված կինը երրորդ որդուն է լույս աշխարհ բերել: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ծննդկանը Քնարիկ Հարությունյանն է։ Նա երեխային ունեցել է ապրիլի 5-ին: Մոր եւ նորածնի վիճակը լավ է: Ծննդկանի ամուսինը զինվորական է, գտնվում է դիրքերում: Նշենք, որ Քնարիկը Մարտակերտի Հովտաշեն գյուղի բնակիչ է։ Երեխան ծնվել է Աշտարակի բժշկական կենտրոնում:
Սոցիալական աջակցության Աշտարակի տարածքային գործակալությունից հայտնում են, որ երեք որդի ունեցող կինը օգնության կարիք ունի:

 

 

ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Բուենոս Այրեսի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական լայնածավալ հարձակումների կապակցությամբ:
Ավելի քան հազար ցուցարարներ պահանջել են անհապաղ հրադադար հաստատել: Նրանք հարձակումները դատապարտող եւ դրանց առնչությամբ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք հնչեցնելու պահանջով խնդրագիր են ներկայացրել: Քաղաքացիական բողոքի ակցիայի սկզբում Արգենտինայի հայկական եկեղեցու հովիվ, արքեպիսկոպոս Կիսաք Մուրադյանն աղոթք է հնչեցրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհերի հիշատակին:

 

 

ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ
Արցախում վիրավորված եւ Հայաստան տեղափոխված զինծառայողների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Այս մասին երեկ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ զինծառայողները գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են ե՛ւ դեղորայքով, ե՛ւ մասնագիտական օգնությամբ: Նախարարի խոսքով զինծառայողներից մեկը, ով գլխուղեղի վնասվածք է ունեցել, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն արդեն երեկվանից նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:
Ա. Մուրադյանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիական հիվանդանոցներում եւս կան հիվանդներ, մեծ մասամբ նրանց վիճակը գնահատվում է թեթեւ ծանրության: ԱՆ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ զանգահարել են եւ իրենց պատրաստակամությունը հայտնել ինչպես նյութական, այնպես էլ մասնագիտական օգնության հարցում:




Լրահոս