Հայերը քիչ են, բայց միշտ ուժեղ կլինեն, եթե միասին լինեն. իտալական Rai News 24-ի ռեպորտաժը շփման գծից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական RAI NEWS 24 հանրային լրատվական հեռուստաալիքի թղթակից Աննամարիա Էսպոզիտոն ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ, ինչպես նշում է հեռուստաալիքը, իրավիճակը լարված է մնում։Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:

Էսպոզիտոն Ստեփանակերտից ուղևորվում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ։ Ռեպորտաժում երևում են դեպի շփման գիծ տանող ճանապարհը, ռազմական մեքենաները, ավտոշարասյանը ողջունող զինվորները… Լրագրողը նշում է, որ զինվորականների թվում կան շատ կամավորներ, շատերը երկարաձգում են երկու տարվա իրենց պայմանագիրը և շարունակում ծառայել բանակում։

Հասնելով շփման գիծ՝ լրագրողը նշում է, որ առջևում երկու կողմերի միջև գտնվող չեզոք գոտին է։

«Այսօրվա օրը, սակայն, հատուկ օր է զինվորների համար, ովքեր այստեղ են մնում օրուգիշեր»,- ասում է լրագրողը՝ հավելելով, որ նրանց ողջունելու է եկել հայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Ես այստեղ եմ, որովհետև ուրիշ ոչ մի տեղ չեմ կարող լինել։ Բոլոր հայերը ցանկանում են աջակցել իրենց երկրին»,- ասում է Նազենի Հովհաննիսյանը։

Լրագրողը հարցնում է, թե ինչ է կարծում Բաքվում տեղի ունեցած ցույցերի մասին, որտեղ ցուցարարները պնդում են, որ «Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ»։

Հաղորդավարուհին լրագրողի հարցին ի պատասխան նշում է, որ Ադրբեջանն այս հողի տերը չէ, «եթե Խորհրդային միությունը սխալ է գործել, չենք կարող միշտ վճարել դրա համար»։

«Երիտասարդները, որոնք մասնակցում են ցույցերին, չեն տեսել պատերազմը և չգիտեն ողջ պատմությունը»,-ասում է նա և հավելում, որ թեկուզ հայերը քիչ են, բայց միշտ ուժեղ կլինեն, եթե միասին լինեն։

Զինվորները լրագրողին պատմում են, որ հրադադարի հայտարարումից հետո լուրջ միջադեպեր չեն գրանցվել և պատմում են ապրիլի 2-4-ը ծանր ընդհարումների մասին։ Նրանք ավելի ուշ՝ հրադադարից հետո արդեն հրաման են ստացել չպատասխանել, անգամ, երբ սադրանքներ են տեղի ունենում։ Զինվորները պատմում են լրագրողին, որ վիրավորներ ու զոհեր են ունեցել շփման գծի ողջ երկայնքով:

Շփման գծից հեռուստաալիքի լրագրողական թիմը Ստեփանակերտ է վերադառնում ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։ Թևան Պողոսյանը ճանապարհին ցույց է տալիս Շուշիի և Ստեփանակերտի դիրքը և բացատրում, որ քաղաքի բնակչությունն աշխարհագրական դիրքի պատճառով տարբեր կողմերից ադրբեջանցիների հարձակման թիրախում էր հայտնվել դեռ պատերազմի ժամանակ: Լրագրողը հիշեցնում է, որ օրերս հրադադարի հայտարարումից առաջ Ադրբեջանը սպառնացել է ռմբակոծել Ստեփանակերտը:

«Անգամ եթե տարիներ պահանջվեն, միակ լուծումը բանակցություններն են և ոչ երկու կողմից զոհվող երիտասարդ զինվորները», -ասում է Թևան Պողոսյանը լրագրողին:

Տեսանյութը՝ այստեղ:




Լրահոս