Միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները պարտավոր են պաշտոնապես արձագանքել ՌԴ փոխվարչապետ Ռագոզինի այն հայտարարությանը, որ իրենք հետագայում էլ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին: ArmLur.am-ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
– Պարո՛ն Քոքոբելյան, Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle պարբերականին, որտեղ անդրադարձ է եղել նաև հայ-ռուսական հարաբերություններին: Ըստ ձեզ, որո՞նք էին այդ հարցազրույցի հիմնական մեսիջները:
– Նախ, անկախ ամեն ինչից, գերմանական պարբերականին տված հարցազրույցում կար այն մեսսիջները, որը իմ կարծիքով, պետք է վաղուց արվեր: Երբ երկրի մակարդակով հնչեցվում է, որ 1980-ական թվականների զենքով ենք կռվում, դա փաստացի նշանակում է, որ Ռուսաստանը` մեր ռազմավարական դաշնակիցը, որ ամբողջ աշխարհին թվում է մեզ զինելով է զբաղված, իրականում չի զինել: Այստեղ տեղին է նշել, , որ Հայաստանն այդպես էլ չի ստացել 200 մլն վարկային պայմանագրով նախատեսված զինատեխնիկան: Ավելին, այդ զինտեխնիկաների ցուցակը, խախտելով վարկի ձեռք բերման պայմանագրի 10-րդ կետը, հրապարակվեց ռուսական լրատվամիջոցներով: Եվ մենք այդ տեխնիկան չենք ստացել այն դեպքում, երբ պատերազմ էր, որի ժամնակ օգտագործվեց Ադրբեջանի ողջ զինանոցը: Եվ այդ պարագայում հստակ էր, որ մենք չենք զինվել ռուսների կողմից այդ ժամանակակից տեխնիկայով և 2015թ. պայմանագրով տրվելիք զենքերը չենք ստացել: Եվ միջազգային հանրությունը պետք է հետևություն անի, որ տարածաշրջանի կայունությունը չպետք է ոչ մի դեպքում վստահել Ռուսաստանին: Նույն հարցազրույցում հստակ մեսսիջ էր այն, որ Ռուսաստանը Հայաստանին չի օգնում այնպես, ինչպես Թուրքիան Ադրբեջանին:
– Իսկ այս ֆոնին ինչպե՞ս կգնահատեք ՌԴ փոխվարչապետի հայտարարությունն այն մասին, որ իրենք շարունակելու են զինել Ադրբեջանին:
– Դա ուղղակիորեն միջազգային պայմանագրերի խախտում է, քանի որ այս պահին կրակի դադարեցում ուղղակի չունենք, այսինքն փաստագրված չէ, որ հրադադար է և պաշտոնական փաստաթուղթ չկա: Այն պահին, երբ ԼՂՀ-ում են գտնվում Մինսկի եռանախագահողները, երբ զինադադարի հետ կապված գործընթաց է սկսվել, Ռագոզինը նման հայտարարություն է անում և դա պատահական չեմ համարում: Եվ դա տեղի ունեցավ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հայտարարություններից հետո: Այսինքն, Մեվդեդևի այցից հետո փոխվարչապետը հայտարարություն է անում այն դեպքում, երբ մենք ասում ենք, որ ՌԴ-ն պետք է դադարի զենքի վաճառքը, քանի որ որպես Մինսկի խմբի անդամ նրանք պարտավոր են նպաստել խաղաղությանը, այլ ոչ թե հակառակը: Այդ հայտարարությունը հասկանալի պատճառներով արվում է փոխվարչապետի մակարդակով, բայց դա ոչ մի արդարացում չունի: Այստեղ պարտադիր եմ համարում, որ միջազգային հանրությունն արձագանքի հայտարարությանը, այլապես ես այս գործընթացը կհամարեմ ոչ ադեկվատ: Հստակ պետք է ամրագրվեն դիրքորոշումներ:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը