ԻԲՐ ԹԵ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` Հայաստանում կա գերատեսչություն, որը պետք է պաշտպանի տնտեսական արդար մրցակցությունը: Սույն կառույցի գործառույթներից են` հետեւել շուկայում տիրող վիճակին, արձագանքել ոչ բարեխիղճ մրցակցությանը, պայքար մղել մենաշնորհների դեմ, բարձրաձայնել եւ տուգանքներ նշանակել այն դեպքերի համար, երբ մենաշնորհատերերը պայմանավորվում են միեւնույն ապրանքի շուկայական գնի շուրջ կամ անհիմն բարձրացնում գները: Ահա այսպիսի լուրջ լծակներով օժտված կառույց է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:Չէ, չմտածեք, թե այս կառույցը ստեղծվել է միայն երեկ: Այն գոյություն ունի երկար տարիներ, սակայն մշտապես աչքի է ընկել իր «համեստությամբ» եւ«չափավորությամբ»: Իր ողջ գործունեության ընթացքում հանձնաժողովի  նշանակած տուգանքները հազիվ թե գերազանցեն սեփական աշխատակազմի ծախսերը: Սակայն երեկ տեղի տվեցին նաեւ հանձնաժողովում աշխատող պաշտոնյաների նյարդերը  (երեւի առաջին անգամ էին այցելել խանութ), եւ նրանք տարածեցին մի հաղորդագրություն, որով սպառնում են  խիստ միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ, եթե շաքարավազի շուկայում լինեն չարաշահումներ եւ գնային սպեկուլյացիաներ:«ՀՀ  ՏՄՊՊՀ-ը պարբերական մոնիթորինգի միջոցով հետեւում է շաքարավազի շուկայում տեղի ունեցող զարգացումներին  եւ հայտարարում է, որ եթե լինեն չարաշահումներ եւ գնային սպեկուլյացիաներ, հանձնաժողովը օրինախախտների նկատմամբ կկիրառի պատասխանատվության խիստ միջոցներ»-,ասված է հանձնաժողովի  հայտարարության մեջ: Փաստորեն, հանձնաժողովը հետեւում է Ս. Ալեքսանյանին եւ անգամ սպառնում:Նշենք, որ Ս. Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը տիրապետում է շաքարավազի շուկայի 99 տոկոսին: Նրան է պատկանում  նաեւ Ախուրյանում կառուցված շաքարի արտադրությամբ զբաղվող «Լուսաստղ Շուգր»  գործարանը: Ո՞ւմ պետք է հաշիվ տա կամ ինչո՞ւ չպետք է մենաշնորհատերը իր հայեցողությամբ բարձրացնի շաքարավազի գինը` մնում է անհասկանալի: Երբ օրերս շաքարավազի գինը թանկացավ եւս 10 տոկոսով, ՀՀ կառավարությունը եւ ՏՄՊՊ հանձնաժողովը որեւէ կերպ չարձագանքեցին: Այժմ հայտնի է, որ առաջիկա օրերին այն կրկին թանկանալու է,  եւ իշխանությունները չեն ցանկանում, որ Ալեքսանյանի պատճառով սոցիալական բունտն  արագանա: Նույն պատկերն է նաեւ օլիգարխին պատկանող մյուս մենաշնորհների պարագայում` ցորեն, ձեթ, դեղորայք: Սակայն հանձնաժողովը դեռ երկար պետք է մոնիթորինգի ենթարկի, որպեսզի հասկանա, որ այստեղ եւս անհրաժեշտ է տղամարդկային խոսք ասել:Մինչդեռ իշխանություններն ավելի  ճիշտ կանեն` պարզեն, թե ինչպես է պատահում, որ տարբեր տարիներին  Հայաստանում  սպառվում է  տարբեր քանակության շաքարավազ: եվ դա այն դեպքում, երբ մեր երկրի բնակչությունն ու կենսամակարդակն էական փոփոխություններ չեն կրել: Ընդ որում, շաքարավազի քանակությունն այնքան շեշտակի է տարբերվում, որ դա հնարավոր չէ պատճառաբանել ո՛չ դեմոգրաֆիական, ո՛չ էլ սոցիալական  ամենալուրջ փոփոխություններով: Ուստի, սա շատ ավելի կարեւոր հարց  է, քան շուկայում մենաշնորհային դիրք ունեցող օլիգարխին  մոնիթորինգի ենթարկելը, որովհետեւ ակնհայտ է, որ  քանի դեռ կան մենաշնորհներ, գները, անկախ միջազգային շուկայի ցնցումներից, բարձրանալու են: Նույն պատկերը տիրում է  նաեւ բենզինի շուկայում: Համաշխարհային  բորսաներում նավթի  բարելի գինը թանկանում է մեկ դոլարով, Հայաստանում բենզինը թանկանում է 20 դոլարով: Իսկ երբ բարելի գինը իջնում է, պարզվում է` բենզինի մենաշնորհատերերը այդ օրը հեռուստացույց չեն դիտել, ուստի  չեն կարող իջեցնել բենզինի գինը: Անկախ հանձնաժողովի կայացնելիք որոշումից` նշենք, որ  Ալեքսանյանի նկատմամբ օրենքով նախատեսված ծիծաղելի տուգանքների կիրառմամբ  ոչինչ չի փոխվելու, քանի որ թանկ գներով վաճառած շաքարի մեկօրյա եկամուտը  լիուլի բավական է վճարելու  հանձնաժողովի նշանակած տասը տուգանքներ: ԱՐԻՍ  ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս