ՂԱԶԱԽՆԵՐՆ ՍԿՍԵՑԻՆ, ԻՍԿ ՄԵՐՈ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին կայանալու է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Ինչպես հայտնել է sports.kz-ն, այդ խաղին ընդառաջ՝ տանտերերն ուսումնամարզական հավաք անցկացրին: Նախապատրաստական միջոցառումը կարճաժամկետ եղավ ու տեւեց չորս օր: Մարզումներն անցկացվեցին Աստանայի «Աստանա արենա» մարզադաշտում: Անցկացվեց նաեւ երկկողմ հանդիպում:
Առայժմ մեր հավաքականի ուսումնամարզական հավաքի, նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ նորություն չկա, բայց հույս ունենք, որ շուտով մերոնք էլ կսկսեն նախապատրաստվել այդ հանդիպմանը: Իսկ մինչ այդ հիշեցնենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը միայն մեկ հանդիպում է անցկացրել, որում 1:2 հաշվով զիջել է Իսլանդիայի ընտրանուն: Ընդ որում, չնայած պարտությանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մամուլի ասուլիսում նշել էր, որ գոհ է տղաների խաղից: Թիմը պարտվել է, իսկ գլխավոր մարզիչը գոհ է… Դե ինչ, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Նշենք, որ ղազախները նույնպես մեկ խաղ են անցկացրել, բայց ունեն 3 միավոր, քանի որ արտագնա մրցավեճում 1:0 հաշվով պարտության են մատնել Բելառուսի իրենց հասակակիցներին: Իսկ խմբի առաջատարն Իսլանդիայի հավաքականն է, որը երկու խաղից հետո հավաքել է 6 միավոր:
Մինչ ֆուտբոլասերները սպասում են, թե երբ եւ որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մեր երիտասարդական հավաքականը, ովքեր կընդգրկվեն դրա կազմում, տեղեկանում ենք, որ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Երեւանի «Միկա»-ի կիսապաշտպան Սարգիս Շահինյանը կարիերան կշարունակի պորտուգալական «Բրագա»-ում: Այդ մասին հայտնել են «Միկա»-ի մամուլի ծառայությունից:
Հավելենք, որ Բրագա քաղաքի թիմը մեկ տարով վարձակալել է 17-ամյա ֆուտբոլիստին: Առաջիկայում Շահինյանը կմեկնի Պորտուգալիա: Վարձակալության ավարտից հետո «Բրագա»-ն հնարավորություն կունենա գնել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը: Ս. Շահինյանը 2013-ի ապրիլին փորձաշրջան էր անցել «Բրագա»-ում` լավ տպավորություն թողնելով պորտուգալական ակումբի մարզիչների վրա: Իսկ Պորտուգալիայի ավարտված առաջնությունում վերոնշյալ թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս