Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների առաջին օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ և կողմերին հանդարտության կոչ արել: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ռուսաստանի դերն ակնհայտ է, քանի որ մենք Մինսկի խմբի մասնակից ենք, մենք համանախագահներ ենք և երբեք չենք փախել պատասխանատվությունից: Նախագահն անմիջապես կապ է հաստատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է իր դիրքորոշումը և կոչ արել կողմերին հանդարտանալ, վերադառնալ բանակցային սեղանին, սկսել խորհրդակցությունները, հրադադար հայտարարել», -ասել է Մեդվեդևը Բաքու կատարած այցի ժամանակ:
Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի լուծման մեխանիզմներն ու ֆորմատներն արդեն գոյություն ունեն, և որևէ նոր բան ստեղծելը «կրկնակի վտանգավոր է»: «Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանին, որը ստեղծվել է վերջին 20 տարիների ընթացքում»,- ընդգծել է Մեդվեդևը: