ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես իմ մեքենան որոշ ժամանակ վստահել եմ ընկերոջս, եւ այդ ընթացքում վարչական իրավախախտում է կատարվել: Լուսանկարահանող սարքը դա ֆիքսել է, որի համար նախատեսված է 30.000 դրամ տուգանք: Հիմա ես չգիտեմ, թե ով է եղել խախտում կատարողը: Տուգանքի կտրոնի հետ ստացել եմ նաեւ սեւացրած լուսանկար, որում չի երեւում վարորդի դեմքը: Ո՞ւմ կարող եմ դիմել, որպեսզի պարզվի, թե լուսանկարում ով է: Եվ արդյո՞ք  հնարավոր է տուգանքը վճարել մաս-մաս, եթե ոչ, ապա քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարումը կատարվի:

 Արթուր Հարությունյան (28 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերի համաձայն՝ վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա նշենք, որ դա կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ եթե սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս: Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, եւ հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձեւը սահմանվում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է հորդորել մեր հայրենակիցներին հնարավորինս հեռու մնալ նմանատիպ դեպքերից եւ իրենց մեքենան չվստահել մեկ ուրիշի: Լավ է, որ անբարեխիղճ ընկերը մեզ դիմած քաղաքացու մեքենայով որեւէ վթարի մեջ չի հայտնվել:




Լրահոս