Ադրբեջանը փորձեց օգտվել էսկալացիայից, սակայն փորձը ձախողվեց. Դելյագին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Դելյագինը:

-Նախ կցանկանայի, որպեսզի Դուք օբյեկտիվորեն գնահատեիք, թե ինչ տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին. ո՞վ էր նախաձեռնողը, ո՞վ սկսեց առաջինը:

– Նման դեպքերում տեղեկությունները մշտապես հակասական են լինում, բայց անվիճելի է, որ լարվածությունը հատկապես աճել էր վերջին 2 ամիսների ընթացքում, և հարձակումը սկսել է Ադրբեջանը: Երկրի իշխանությունները հասցրեցին հայտարարել հարձակման և գյուղերի, ռազմավարական նշանակության տարածքների գրավման մասին: Հետագայում, ինչպես կարելի է հասկանալ, պարզվեց, որ նրանք շտապել են: Սակայն, անկախ նրանից, ով սկսեց էսկալացիան, դրանից օգտվել փորձեց Ադրբեջանը, և նրա փորձը ձախողվեց:

-Իսկ սահմանին տեղի ունեցածը կարելի՞ է պատերազմ անվանել:

-Ոչ, դա պատերազմ չէր, սակայն, հնարավոր է, որ դա ԼՂՀ-ի վերացման փորձ էր: Անպետք միջոցներով արված փորձ էր, որը ամենաքիչը նպատակ ուներ Ադրբեջանի բնակչությանը շեղել սոցիալ-տնտեսական խնդիրներից, որն առաջացել էր նավթի գների նվազման հետևանքով, և դա իրագործվեց, սակայն այդ ամենի ծանր գինը մարդկային կյանքերն են:

-Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հենց հիմա որոշեց նման քայլի դիմել, և այստեղ կարո՞ղ ենք տեսնել Թուրքիայի հետքը:

-Միգուցե, թուրքական իշխանությունները հիացմունքի ճիչով պաշտպանեցին Ադրբեջանին Ռուսաստանին զայրացնելու համար: Ես լիովին իրենց հասկանում եմ. այն բանից հետո, երբ Ռուսաստանը թուրքական իշխանություններին թույլ չտվեց Սիրիայում սպանել մեր քաղաքացիներին, նրանք մեզ խոստացան ղարաբաղյան կոնֆլիկտի սրացում և շատ ուրախացան, որ կարող են հայտարարել իրենց սպառնալիքների իրականացման մասին: Բնականաբար, Թուրքիան օգնել է Ադրբեջանի իշխանություններին, բայց հարձակման որոշում վերջիններս ինքնուրույն են կայացրել:

Պետք չէ մոռանալ նաև ԱՄՆ-ի դերի մասին. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այնտեղ էին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները: Սակայն հայկական կողմի ներկայացուցիչները, ի տարբերություն ադրբեջանականի, չտարածեցին ամերիկյան գործիչների հետ լուսանկարները: Եվ արդյունքում տպավորություն ստեղծվեց, որ Ադրբեջանի հարձակումը լիազորված էր ԱՄՆ-ում, ինչպես 2008թ. Սաակաշվիլիի հարձակումը Օսեթիայի վրա:

-Սահմանին կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ ձեզ` որքա՞ն երկար կարող  դա տևել:

-Չեմ կարող ասել: Սակայն ես կարծում եմ, որ իրենց հարազատներին կորցրած ընտանիքների վիշտը կհանդարտեցնի տաք գլուխները, և հուսով եմ` երկար: Ապրիլի 2-ը` այդ դաժան օրը, հիշեցրեց Գրոմիկոյի խոսքերի իրավացիությունը. «Ավելի լավ է 10 տարի բանակցություններ վարել, քան` 10 րոպե պատերազմ»: Եվ ես հավատում եմ, որ մենք բոլորս կկարողանանք հետևել Չերչիլի հորդորին, ով նկատել էր. «Մարդկության պատմության մեջ պատերազմների մեծ մասից կարող ենք խուսափել` ուղղակի հետաձգելով դրանք»:

-Իսկ ինչպե՞ս եք Դուք տեսնում կոնֆլիկտի կարգավորումը:

-Առանց Անդրկովկասի տնտեսական վերածնման այս կոնֆլիկտն անլուծելի է, քանի որ աղքատությունն ատելություն է ծնում, իսկ պրակտիկան ցույց է տվել, որ առանց Ռուսաստանի հետ համագործակցության նույնիսկ նավթը չի բերում զանգվածային բարեկեցություն: Լարվածությունը կարելի է մեղմել երկու կողմերի պահանջները հասկանալով, և դրանց մաքսիմալ բավարարմամբ` այն առաջարկների հիման վրա, որոնք, եթե դատելու լինենք, արվել են Ռուսաստանի, սակայն չեն ընդունվել Ադրբեջանի կողմից:

Այդ առաջարկն իրենից ենթադրում էր աստիճանաբար մոտեցում այն դիրքին, որի դեպքում Ադրբեջանը ստանում է հաստատուն և անվտանգ տրանզիտ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և իր բնակչության վերադարձ անվտանգության տարածքի 7 շրջաններից 5-ում:  Այդ հինգ շրջանները համարվում են ապառազմականացված և պարբերաբար երկուստեք ստուգվում են, այնտեղ տեղակայվում են ռուս խաղաղապահներ, իսկ Ադրբեջանն էլ ճանաչում է Արցախի ինքնորոշումը:  Պարզ է, որ դա վերջնական տարբերակ չէ, սակայն մեկ քայլ առաջ է:

– Հայերիս համար միշտ ցավոտ թեմա է եղել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Օրեր առաջ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը, ապա և Դմիտրի Մեդվեդևը հայտարարեցին, որ Ռուսաստանը հետագայում էլ շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին: Արդյոք ճի՞շտ էր նման հայտարարություն անել կոնֆլիկտի սրացման ֆոնին:

– Իրավիճակի սրացումը, բնականաբար, Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարման առումով հարցեր առաջացրեց: Ռոգոզինը հաստատել է, որ երկու կողմերն էլ մնում են ռազմավարական գործընկերներ, և Ռուսաստանը կշարունակի կատարել իր պարտավորությունները` չկանգնելով որևէ մեկի դեմ: Ռուսական կողմի պարտականությունների կատարման հաստատումը Հայաստանի նկատմամբ նաև նպատակ ուներ հանգստացնել Ադրբեջանի տաք գլուխները:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս