Վերադարձ անցյալին չի լինի. սա հստակ է. Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ղարաբաղա- ադրբեջանական սահմանում քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված վիճակին, ասել է, որ այսօր բանակցությունների սեղանին շարունակում է դրված մնալ, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: «Ժողովուրդ»-ը Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն արդյոք ԼՂՀ-ի համար ընդունելի են:

«Գիտեք, տարբեր տիպի մոտեցումներ են քննարկվել, եւ դեռես շատ ու շատ մոտեցումներ եւ տարբերակներ քննարկվելու են: Մենք պետք է սառնասրտորեն մոտենանք այդ ամենին, դրանք ընդամենը որոշ առաջարկներ են, դա չի կարող դիտարկվել վերջնական կարգավորման տարբերակ, առավելեւս, որ բանակցային գործընթացը ընթանում է ոչ լիարժեք ձեւաչափով: Արցախյան պետությունը չի մասնակցում որպես լիարժեք կողմ բանակցային գործընթացին, դա ակնհայտ է: Բացի դրանից՝ Ադրբեջանը իր քաղաքականությամբ վնաս հասցրեց բանակցային գործընթացին եւ երեւի թե հետ գցեց բանակցային գործընթացը եւ վերջնական կարգավորումը:

Դրա համար ինչ մոտեցումներ էլ քննարկվեն, նախեւառաջ պետք է նշենք, որ առանց Արցախի մասնակցության բոլոր փուլերին անհնարին է անցնել բանակցային այս համապարփակ կարգավորմանը, երկրորդը, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, կլինի դա տարածքների, թե կարգավիճակի առումով, սա հստակ  է»,- պատասխանեց Բաբայանը:




Լրահոս