Ինչո՞ւ է «Հայբիզնեսբանկ»-ը օդում զոհերի անվան տակ շոու անում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթվա ընթացքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքների՝ իրենց բանկում ունեցած վարկային պարտավորություններն ընդհատելու մասին: «Հայբիզնեսբանկի» այս հայտարարությունը հայաստանյան որոշ բանկերի կողմից համարվեց փիառ քայլ եւ «անլուրջ շոու»:

«Ժողովուրդ»-ը «Հայբիզնեսբանկ»-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենք արդեն գիտեն, թե զոհված ազատամարտիկի, զինծառայողի քանի՞ ընտանիք է իրենց բանկում վարկառու: Պարզվեց` ոչ: «Գոնե մեկ շաբաթ պետք է սպասենք, որովհետեւ մարդիկ զբաղված են հուղարկավորությամբ, հոգեհանգստի արարողությամբ եւ վարկերն իրենց մտքով չի անցնում: Բայց մեր մասնաճյուղերի կառավարիչներին հանձնարարված է, որ իրենց բազաներում ուսումնասիրեն, ընդառաջ գնան եւ հաճախորդներին լրացուցիչ տեղեկացնեն:

Մյուս շաբաթվա սկիզբ մենք հանդես կգանք տվյալներով»,- պատասխանեցին բանկից: Իսկ ինչո՞ւ է «Հայբիզնեսբանկ»-ը օդում զոհերի անվան տակ շոու անում: Մեր այս հարցին բանկից պատասխանեցին. «Այս պարագայում ճիշտ չէ նման մեկնաբանություններ անել, ամոթ է: Բայց կան նաեւ այլ բանկեր, որոնք նույնպես այս նախաձեռնությամբ են հանդես եկել: Փիառ անելու խնդիր չկա, սա զուտ սրտացավության աջակցության նպատակ է հետապնդում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս