Արամ Դանիելյանի ընտրական շտաբը վերսկսել է ապրիլի 2-ից դադարեցրած նախընտրական հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբը վերսկսել է ապրիլի 2-ից դադարեցրած նախընտրական հանդիպումները:

Քաղաքի Միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածներում կայացած բակային հանդիպումների ընթացքում Հրազդանի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը նշել է, << Այս օրերին դժվար է խոսել նախընտրական հարցերի մասին: Մեր հայրենիքի սահմաններում կա լարվածություն և մենք բոլորս այս օրերին եղել և լինելու ենք մեր սահմանապահ տղաների կողքին:

Հավերժ փառք բոլոր հերոս նահատակներին և հավերժ փառք վերջին օրերին զոհված մեր հերոս հրազդանցիներ Սարգիս Սահակյանին ու Վահե Զաքարյանին:

Մենք արդեն օրեր շարունակ դադարեցրել ենք մեր նախընտրական հանդիպումները, քանի որ տեղին չէր այս օրերին խոսել ընտրությունների մասին:

Մենք չէինք կարող հրազդանցի զոհերին դեռ հողին չհանձնած գալ ու ժողովրդի հետ նախընտրական հարցեր քննարկել:

Բայց, սիրելի՛ հրազդանցիներ, թաղամասի հարգարժա՛ն բնակիչներ, արդեն մի քանի օր է մնում Հրազդանի քաղաքապետի ընտրություններին և մենք պետք է հավաքենք մեր ուժերը, ու եթե ոչ մի բանի  մասին չխոսենք էլ, ապա գոնե խոսենք մեր քաղաքը կայուն պահելու մասին:

Պահպանենք քաղաքի կայունությունը, բոլորիս ուշադրության կենտրոնում պահենք մեր հայրենիքի սահմանները, գնանք ու պաշտպանենք մեր հայրենիքը>>:

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչները ևս կողմ են արտահայտվել համընդհանուր այս իրադրության մեջ քաղաքը կայուն պահելու գաղափարին ու նշել, որ հիմա ամենակարևորը մեր հայրենիքի անվտանգությունն է և իրենք այդ տրամադրվածությունից ելնելով էլ հանրապետության՝ իր մեծությամբ 4-րդ քաղաքը չեն տանի ապակայունացման:

Խոսելով Հրազդան քաղաքում առկա հիմնախնդիրներից և վերջիններիս լուծման ուղղություններից՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Ա. Դանիելյանն ընդգծել է, որ << Ես շատ լավ գիտեմ մեր քաղաքի բոլոր խնդիրները,  գիտեմ նաև, որ Դուք՝ այս թաղամասի բնակիչներդ, մտահոգ եք որոշ  շենքերի տանիքների, բակերի ասֆալտապատման, վերելակների վերագործարկման, բակերում խաղահրապարակներ ունենալու, մանկապարտեզների հիմնանորոգման և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ:

Նախ նշեմ, որ մենք տանիքների վերանորոգում շատ ենք արել: Բայց այստեղ պահանջվում է անընդհատ աշխատանք: Հրազդանի նման բարդ բնակլիմայական պայմաններ ունեցող քաղաքում դժվար է հիմնանորոգված տանիքների բարվոք վիճակը երկար պահել:

Վստահեցնում եմ, որ այս աշխատանքները լիովին կատարելու ենք, ունենք մեծ ծրագիր:

Երկրի իշխանությունների, Կոտայքի մարզպետի հետ համատեղ մեծածավալ ծրագիր ենք իրականացնելու մեր բազմաբնակարան շենքերի բակերի ու քաղաքի տարբեր թաղամասերի ասֆալտապատման ուղղությամբ: Շուտով այս ասպարեզում Դուք կտեսնեք նկատելի դրական առաջընթաց:

Քաղաքի տարբեր թաղամասերում մենք սկսել ենք ինչպես բակային ասֆալտապատումը, այնպես էլ ներթաղամասային ճանապարհների ասֆալտապատումը:

Շատ լավ գիտեմ, որ տեղի բնակիչները հետաքրքրված են բակերում մանկական խաղահրապարակներ ունենալու խնդրով: Ասեմ, որ դա ներառված  է մեր ծրագրերում և շուտով մեր քաղաքում արդեն իսկ առկա բազմաթիվ մանկական խաղահրապարակների կողքին, այս թաղամասի շատ բակերում ևս կձևավորվեն նոր խաղահրապարակներ>>:

Հրազդանի միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածների բնակիչները ողջունել են քաղաքի շարունակական զարգացումն ապահովելուն միտված՝ Ա. Դանիելյանի ծրագիրը և վստահեցրել, որ իրենց քաղաքապետի հետ են շարունակելու առաջիկա 4 տարիները:

Ա. Դանիելյանի ընտրական շտաբի մամուլի ծառայություն




Լրահոս