«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վարդաշատ գյուղում: Ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ համայնքի ղեկավար Արգամ Կարապետյանը. «Հակոբն ընդամենը 28 տարեկան տղա էր, ուներ երկու անչափահաս երեխա: Ընտանիքն ապրում էր շատ վատ պայմաններում, քանի որ տան միակ աշխատողը Հակոբն էր»:
Իսկ ի՞նչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ. «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասաց. «Մի քանի տարի առաջ նա քաղաքում վիճաբանություն էր ունեցել, նրան դանակահարել էին: Ասում են, որ այդ դանակից վարակ էր անցել Հակոբի աղիների մեջ: Դեպքից հետո նա երկար անկողնային վիճակում պառկեց եւ անհույս էր՝ կարծելով, թե այլեւս չի բուժվի: Նա այնպիսի օր է ընտրել դեպքի համար, որ հայրը տանը չլինի: Ընտանիքի անդամներին ասել է, թե գնում է պետքարան: Ու այնտեղ էլ տուկի թելով կախվել է»: Կարապետյանը նաեւ հավելեց, որ դեպքը ցնցել է ողջ գյուղը:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ