ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՀԱՐՑԱՔՆՆԵ՞Ն
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանին ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում 23 գործարարների հետ առերեսման են կանչել: Գործարարը  NEWS.am-ին ասել է, թե շատ հնարավոր է՝ առաջիկայում առերեսման կանչեն նաեւ նախարարների, անգամ կարող են հարցաքննության հրավիրել օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված վարչապետին:

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԿՏԱ՞Ն
Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը պաշտոնանկ արվելուց  հետո մի շարք աշխատանքային հրավերներ է ստացել, սակայն դեռ մտածում է եւ առաջիկայում որոշում կկայացնի: ՀՔԾ նախկին պետը չի մանրամասնել, թե աշխատանքային առաջարկները որ համակարգից են: «Ես հանգստացողներից չեմ: Ինքս ինձ համար աշխատանք գտնում եմ: Անընդհատ ինձ մոտ մարդիկ գալիս եւ խորհուրդներ են հարցնում, իրավաբանական խորհրդատվություն եւ այլն, եւ այլն»,-NEWS.am-ին ասել է Միրզոյանը:

ՆԵՄԵՑՆ Է ԱՋԱԿՑԵԼ
Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով կալանավորված Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով լուրերին, թե իր եղբոր գերեզմանը կառուցելու համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու գործարար Ռուբեն Հայրապետյանը, գրել է. «Արա Աբրահամյանը կապ չունի գերեզմանի հետ, թյուրիմացություն է եղել: Ծախսերն արվում են Հայրապետյանի կողմից»: Ռուբեն Հայրապետյանը մի առիթով ասել է, որ չի սիրում բարձրաձայնել իր կատարած բարեգործությունների մասին, կարծես թե սա եւս այդպիսի դեպք է:

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ: Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ս. Սարգսյանը եւ Հ. Ռոհանին ընդգծել են երկկողմ համագործակցությունը նոր, ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեկ` մինչ ՀՀ վերաքննիչ դատարանում դատական նիստի սկիզբը, ասել է. «Այս ամենը վերածվել է խեղկատակության: Ես այս դատարանից ակնկալիքներ չունեմ: Ես ինձ լավ եմ զգում, հավանաբար նրանից է, որ այս ամենին լուրջ չեմ վերաբերում»:

ԴԵՌ ՈՉ ՈՔ
Երեկվանից Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մանդատի համար թեկնածություն առաջադրելու ժամկետը մեկնարկեց, սակայն օրվա ավարտին դեռ  ոչ ոք թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չէր ներկայացրել:

ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՏՈՒԳԱՆԻ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներին, ասել է, թե հաշվի առնելով, որ կարգը նոր է, եւ շատ քաղաքացիներ, հնարավոր է, դեռ տեղեկացված չեն, իրենք առաջարկել են վարչական իրավախախտումները կիրառել  սեպտեմբերի 1-ից:




Լրահոս