ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած 4-օրյա պատերազմը նմանեցրեց 1973թ. արաբա-իսրայելական 20-օրյա պատերազմին: Բազմաթիվ տողատակերով հագեցած այդ հարցազրույցի հիմնական մեսիջը՝ ուղղված հատկապես միջազգային հանրությանը, կարծում ենք, հենց այդ համեմատությունն էր: Ստորեւ փորձենք պարզել, թե որքանով է իրատեսական Յոմ Կիպուրի ու Ալիեւի քառօրյա ագրեսիայի միջեւ համեմատություններ անցկացնելը, ինչը թույլ կտա նաեւ հասկանալ ԼՂ-ի հարցի շուրջ ընթացող բանակցությունների առաջիկա զարգացումների տրամաբանությունը:
Նախ հարկ է հասկանալ, թե ինչպիսին էր քաղաքական իրավիճակը մինչեւ 1973թ. հոկտեմբերի 6-ի ռազմական գործողությունների մեկնարկը: 1948թ. Իսրայելի ստեղծումը ծայրահեղ թշնամանք առաջացրեց շրջակա արաբական պետությունների մոտ: Թշնամանքը հապճեպորեն վերածվեց պատերազմների մի ամբողջ շարքի, որոնցում որոշիչ էր, սակայն, 1967թ. 6-օրյա պատերազմը, որի հետեւանքով Իսրայելը Եգիպտոսից վերցրեց Սինայի թերակղզին, ինչպես նաեւ զգալի տարածքային կորուստներ պատճառեց Սիրիային ու Հորդանանին: Ցանկացած պատերազմ եւ հատկապես ռազմական նվաճում հաղթող կողմի մոտ առաջացնում է նոր խնդիր` ինչպես վարվել հաղթանակի հետ: Հետաքրքիր է, որ Իսրայելի կառավարությունը հակված էր ետ վերադարձնել գրաված տարածքները խաղաղության հաստատման դիմաց, իսկ ժողովրդի կարծիքը միտված էր ոչ ամբողջական զիջումներին մշտական խաղաղության ակնկալիքով: Արաբական պետությունների` Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի, Քուվեյթի, Սուդանի, Ալժիրի ու Իրաքի համախմբված ուժերը մերժում էին Իսրայելի առաջարկը` պնդելով ստատուս-քվոյի վրա, այն է` ո՛չ խաղաղություն, ո՛չ բանակցություն, ո՛չ էլ, առավել եւս, Իսրայելի ճանաչում:
Պարտված արաբական կողմը հույսը դրել էր, ինչպես այս պարագայում Ադրբեջանը, աստիճանաբար հզորանալու արդյունքում ռազմական կտրուկ գործողություններով կորցրածը ետ նվաճելու վրա: Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը համոզված էր, որ Իսրայելին պարտադրված չնչին կորուստները ունակ են փոփոխելու քարացած ստատուս-քվոն: Ընդգծենք, որ եթե Սադաթը հույսը կապում էր «թուլացած» Իսրայելին բանակցությունների սեղանի առաջ ծնկի բերելու հետ, ապա Սիրիայի նախագահ Հավեզ ալ-Ասադը բացառապես ռազմական գործողությունների կողմնակիցն էր: Նա համոզված էր, որ Եգիպտոսի օժանդակության պայմաններում իր բանակը, նոր տեխնիկական վերազինվածության հետ մեկտեղ կարողանալու է Իսրայելին աղետի առաջ կանգնեցնել: Ի դեպ, Եգիպտոսում նշյալ ժամանակաշրջանը համարվում է տնտեսական անկման ու ներհասարակական գերլարումների շրջափուլ, ուստի իշխող վարչակազմից վտանգները հեռացնելուն կարող էր նպաստել միայն պատերազմը:
Կարծես թե նույն իրավիճակն առաջացավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը չհամաձայնեց ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախ ապրելու իրավունքը եւ իր թշնամանքը հասցրեց ռազմական գործողությունների մակարդակի: Հայկական կողմին, սակայն, հաջողվեց լուրջ դժվարություններ պատճառել թուրքական աջակցությունը վայելող, տնտեսական ու աշխարհագրական շատ ավելի լավ պայմաններում գտնվող Ադրբեջանին: Անշուշտ, եթե 1967թ. Իսրայելին պահանջվեց ընդամենը 6 օր ծանրակշիռ հակառակորդներին հարկադրված խաղաղություն պարտադրելու գործում, ապա մեզ մոտ համանման գործընթացը տեւեց ավելի քան 4 տարի: Հիրավի, մեր հակառակորդը մեծագույն աջակցություն էր ստանում Թուրքիայից, իսկ պատերազմի սկզբնական շրջափուլում նաեւ Ռուսաստանից, իսկ Իսրայելն ուներ ԱՄՆ-ի պես հզոր դաշնակից:
Բայց եւ այնպես, հայկական կողմը հաղթանակից հետո Իսրայելի պես հանգեց նույն բարդությանը` ինչպես վարվել նվաճումների հետ: Ադրբեջանին վճռական կապիտուլյացիա պարտադրել չհաջողվեց: Այսօր հեշտ է համակարգիչների առաջ բազմած աղաղակել, թե պետք էր 1994թ. Ադրբեջանին պարտադրել ոչ թե զինադադար, այլ պարտություն: Իրականում Ադրբեջանին պարտության պայմանագիր պարտադրել հնարավոր չէր ոչ միայն այդպիսի ռեսուրսներ չունենալու, այլեւ աշխարհաքաղաքական հզորագույն խաղացողներ Ռուսաստանի ու արեւմուտքի անհամաձայնության պայմաններում: Ի վերջո, Իսրայելն էլ 1967-ին լրջագույն հաջողություններ արձանագրելով հանդերձ` անկարող եղավ արաբներին մշտական խաղաղություն պարտադրել:
Մեկ այլ հետաքրքիր զուգահեռ է դրսեւորվում 1994թ. զինադադարից հետո ստեղծված հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված զարգացումների եւ 1967-1973թթ. ընդգրկող փուլերի միջեւ: Իսրայելի կառավարությունը համաձայն էր զիջումների, ինչպես Հայաստանում, մինչդեռ ժողովուրդը այնքան էլ հակված չէր դրան: Բայց, ամենակարեւորը, Իսրայելի փոխզիջումային առաջարկին արաբները պատասխանել էին մերժումով, ինչպես 1997թ.-ին՝ Ադրբեջանը: Չի կարելի մոռանալ, որ 1997թ. առաջարկները մերժվել էին ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Ադրբեջանի կողմից: Այս տարիների ընթացքում, թեեւ մեր դեպքում, բանակցություններն ընթանում էին, սակայն ակնհայտ էր, որ հայկական կողմն ի վիճակի չէ զիջել այն, ինչն ատամները սրած պահանջում էր Ադրբեջանը:
Եվ եթե Թուրքիան պնդում էր, որ մեկ-երկու շրջանների զիջումներից հետո բանակցություններով հնարավոր կլիներ հարցը կարգավորել /ինչպես երկու անգամ բացեիբաց տեքստով հայտարարել է Թուրքիայի վարչապետ Դավութողլուն/, ապա Իլհամ Ալիեւը որդեգրել էր Սիրիայի նախագահ Ասադի դիրքորոշումը, այն է` հարցի միակ լուծումը ռազմական գործողություններն են: Մեկ այլ նմանություն է դրսեւորվում նաեւ Եգիպտոսի ու Ադրբեջանի ներքին իրավիճակներում, որոնց ղեկավարները որպես իշխանության պահպանման միակ տարբերակ տեսնում էին պատերազմը: Արդ, 1973թ. հոկտեմբերի 6-ին նման իրավիճակում Եգիպտոսն ու Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը 2016թ. ապրիլի 2-ի առավոտյան` Արցախի վրա:
Շարունակելի
Ն. Հովեսփյան