«ԼՂՀ ճանաչումը խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է». ԼՂՀ փոխարտգործնախարարի հարցազրույցը իսպանական GARA պարբերականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական «GARA» պարբերականը, որի թղթակիցն անցած տարի եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ու չի արձանագրել դրության լարվածություն, անդրադարձել է ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական կոնֆլիկտի պատճառներին և թեմայի շուրջ հեռախոսային հարցազրույց է ունեցել ԼՂՀ փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանի հետ:

Վերջինս նշել է, որ ապրիլի առաջին հնգօրյակում բռնկված պատերազմի և դրա արդյունքում տեղի ունեցած բռնության ու վայրագությունների ողջ պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է:

«Մինչև էսկալացիան որևէ լուրջ բան չկար, որը կարող էր հիմք տալ պատերազմի վերսկսման ենթադրությունների համար: Սովորական օր էր: Ադրբեջանցիներն են հարձակվել հայ-ադրբեջանական զորքերի շփման ճակատի ողջ երկայնքով: Սակայն այս անգամ նրանք կիրառեցին ոչ թե միայն դիպուկահարներ, ինչպես սովորաբար անում են, այլ գործի դրեցին ծանր հրետանի, տանկեր, ռազմական ուղղաթիռներ: Սա նշանակում է, որ այս ամենը նախապես ծրագրված ու պլանավորված է եղել: Հարձակումն ուղղված է եղել ոչ միայն սահմանապահ զինված ուժերի, այլև սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության դեմ: Հրետանակոծվել են սահմանամերձ երկու քաղաք և երկու գյուղ, արդյունքում առաջին զոհը  եղավ 12-ամյա մի երեխա: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց  հակահարված տալ, և իրադրությունն այժմ հանգիստ է»,-պարբերականի հետ զրույցում նշել է ԼՂՀ փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը:

Պարբերականի հարցին, թե արդյոք խաղաղությունը կլինի երկարատև, փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ այն կլնի հավերժ:

«Մենք պատրաստ ենք անել մեր հնարավորությունների սահմաններում ամեն բան, որպեսզի առկա հակասությունները լուծվեն խաղաղ միջոցներով:  Ադրբեջանն է, որ միշտ դեմ է արտահայտվել շփման գծում պատահարների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների հաստատմանը: Եթե լինեին նման մեխանիզմներ, ապա մենք կկարողանաինք հստակ իմանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել իրականում: Ղարաբաղը խաղաղության կողմնակից է, բայց մենք ստիպված ենք պաշտպանվել: Ադրբեջանական մամուլը փորձում է մոլորեցնել բնակչությանը, քանի որ Ադրբեջանն ունի բազմաթիվ ներքին խնդիրներ: Սա հասարակության ուշադրությունը տնտեսական և սոցիալական խնդիրներից, ինչպես նաև լրագրողների ու իրավապաշտպանների ձերբակալություններից շեղելու տարբերակ է: Նրանք ռազմական գործողություններ  սանձազերծելու  պատճառներ ունեն»,-ընգգծել է Արմինե Ալեքսանյանը:

Պարբերականի այն դիտարկմանը, թե արդյոք նավթի գների անկումը միջազգային շուկայում կարող է լրացուցիչ ռիսկայնություն հաղորդել ստեղծված իրավիճակին,  ԼՂՀ փոխարտգործնախարարը նշել է, որ դրանում ևս պետք է վտանգ տեսնել.

«Խաղաղության պահպանման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է: Մի մոռացեք, որ, օրինակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը վերջերս ասաց, թե Լեռնային Ղարաբաղը «պետք է վերադարձվի»: Եթե միջազգային հանրությունը  հստակ ուղերձ չհղի և չդատապարտի բռնության նմանատիպ դրսևորումները, Ադրբեջանն իր ուժերին վստահ լինելու դեպքում մշտապես կտրվի էսկալացիայի գնալու գայթակղությանը»:

«GARA»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Ադրբեջանը գործում է Թուրքիայի իր դաշնակցի հետ և ինչ դեր կարող է խաղալ միջազգային հանրությունը ստեղծված իրադրության մեջ, ԼՂՀ փոխարտգործնախարարը նշել է.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որն ունի խնդրով զբաղվելու մանդատ և արժանացել է հակամարտության բոլոր կողմերի  հավանությանը:  Միջազգային հանրության  մնացած բոլոր ջանքերը պետք է միայն աջակցեն այս ձևաչափին, այլ ոչ թե թյուրիմացություն առաջացնեն: Նրանք պետք է դատապարտեն բռնության բոլոր դրսևորումները: Միջազգային հանրությունն աչք է փակում  Ադրբեջանում կատարվող իրադարձությունների վրա,  ինչը վերջինիս իշխանությանը  թույլ է տալիս մտածել, որ իր ձեռքերն ազատ են ցանկացած բան անելու համար»:

Խոսելով Ադրբեջանի հետ 240 կմ սահմանագծի երկայնքով ռազմական ուժերի կենտրոնացման մասին՝ Արմինե Ալեքսանյանը  ընդգծել է.

«Լեռնային Ղարաբաղն իրականացրել է իր ինքնորոշվելու իրավունքը՝ առանց  որևէ  ապօրինի գործողությունների: Դրան Ադրբեջանը պատասխանել է բռնությամբ. բռնկված պատերազմում  Լեռնային Ղարաբաղը հաղթել է: Այժմ մենք պաշտպանում ենք մեր իրավունքները, մեր անվտանգությունն ու մեր ազատությունը»,-եզրափակել է փոխարտգործնախարարը:




Լրահոս