Ժողովուրդը տոմսերը վերադարձնում է թատրոն, ներկայացում դիտելու սիրտ չունի. Գուժ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդն էս վիճակում արդեն թատրոն չի գալիս, մարդիկ գնած տոմսերը հետ են բերում: Սիրտ չունեն: Ներելի է եւ հասկանալի»,- «Ժողովուրդի» հետ զրույցում հայտնեց Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը` խոսելով ապրիլի 2-ից ղարաբաղյան ճակատում ստեղծված իրավիճակի մասին:

Նա ընդգծեց, որ հիացած է մեր զինվորների արիությամբ. «19-20 տարեկան երեխաները, որոնք, իմ պատկերացմամբ, դեռ չպետք է հասկանային, թե ինչ բան է հայրենասիրությունը, կանգնել են թշնամու առաջ եւ հերոսացել: Էդ ի՞նչ «դուխ» է նրանց մեջ: Էդ ի՞նչ մայրեր են նրանց ծնել, էդ ո՞նց են դաստիարակել իրենց որդիներին»:

Փոխարենը դերասանի համար անըմբռնելի է հակառակորդի վարքը, նրա մարդկային տեսակը. «Դա այն ազգն է, որ մեռած մարդուն էլ կարող է անդամահատել. զարհուրելի բան է, գազանն այդպիսի բան չի անի… Էդպիսի ազգը իրավունք չունի ապրելու»:

Գ. Մանուկյանի համոզմամբ` այս օրերին մեր ժողովուրդը պետք է համախմբվի, ընդհանուր հայտարարի գա. «Պետք է մոռանանք անձնական ամբիցիաները, որ դրսից նայողը հասկանա` ինչ ժողովրդի, պետության հետ գործ ունի»,- ասաց նա:

13006564_1036378679776531_2357139012881158287_n

Դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն էլ այն համոզման է, որ հայ ժողովուրդն այս օրերին պարզապես պետք է հավատա սեփական ուժերին եւ անցյալին. «Համբերել է պետք, իսկ ամենավատ բանը հուսահատվելը կլինի: Դժվարությունները կգան ու կգնան»:

Սիրված դերասանը տեղեկացրեց, որ որդին` երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը, ապրիլի 13-ին մեկնել է Արցախ. «Էնպես որ իմ տանը արդեն մի հոգի կամավոր կա»,- ասաց նա` հավելելով, որ չգիտի` որդին այնտեղ կոնկրետ ինչով է զբաղված, բայց վստահ է, որ հարկ եղած դեպքում իր ուժերի ներածին չափով կօգնի Արցախին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս