Ռազմական ակտիվ գործողությունների մեջ ներքաշված հասարակությունները դրանց մեկնարկի պահին մշտապես հայտնվում են շոկային տրամադրություններում, որոնք հաղթահարվում են օրերի կամ միայն շաբաթների ընթացքում: Հայաստանի նման իրավիճակում հաճախ է հայտնվում Իսրայելը, որ իր հիմնադրման օրից գտնվում է հակամարտության մեջ: Հիշենք, որ 8 տարի առաջ նույնպիսի մի իրադրություն էր նաեւ հարեւան Վրաստանում:
Նկատենք, որ եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը միայն ժամանակ առ ժամանակ է խստագույնս լարվում, ապա Իսրայելում նման ռազմական բախումները պետության հիմնադրությանը զուգահեռ կրում են մշտական բնույթ: Ի տարբերություն Հայաստանի, սակայն, 1948թ.-ից տոտալ թշնամություն է հաստատվել Իսրայելի ու շրջակա արաբական պետությունների միջեւ: Հենց նույն տարում էլ Արաբական երկրների լիգան ռազմական գործողություններ ձեռնարկեց Իսրայելի դեմ` սատար կանգնելով պաղեստինյան արաբներին: 2015թ. սեպտեմբերից հակամարտությունը համակվեց բռնությունների նոր ալիքով, որ մերթ ընդ մերթ սրվելով՝ շարունակվում է մինչ այս պահը: Խոշորամասշտաբ վերջին բախումները տեղի ունեցան 2014թ., որ պատմության մեջ մնացին «Իսրայել-Գազա պատերազմ» անունով: Վերջինիս արդյունքում սպանվեց 2220 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմը տվեց 66 զինվորականի եւ 5 քաղաքացիականի կորուստ:
Հակամարտության հենց այս փուլը դիտարկելով` նկատենք, որ Իսրայելի հասարակության մեծամասնությունը սատար կանգնեց իշխանությունների ռազմական ձեռնարկներին: Թեեւ Իսրայելի խորհրդարանի ընդդիմադիր որոշ պատգամավորներ քննադատում էին վարչապետ Նաթանյահուին, սակայն քաղաքական ներկապնակը պահպանեց իր համերաշխությունը կառավարության գործողությունների հետ: 7 շաբաթ տեւած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական ԶԼՄ-ները եւս պահպանում էին կառավարամետ դիրքորոշումը: Ռազմական գործողությունների ընթացքում սոցիալական ցանցերում եւս ահաբեկիչներին պատժելու տրամադրություններն էին գերիշխում: Հատկանշական է, որ ռադիոհաղորդումներից մեկը, որ թվարկում էր պաղեստինյան անմեղ զոհերի անունները, կառավարության ուղղակի միջամտության արդյունքում դադարեցվել էր:
Նկատենք, որ հակամարտության 7 շաբաթների ընթացքում Իսրայելի հասարակությունը եւս համակված էր ռազմական տրամադրություններով: Ի տարբերություն Հայաստանի` այստեղ հակառակորդի ու հատկապես նրա անմեղ զոհերի հանդեպ կարեկցանքը բավականին բարձր մակարդակի վրա է: Իսրայելի Կնեսետի պատգամավորները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ բազմաթիվ քաղաքացիներ հստակորեն դեմ էին արտահայտվում կառավարության գործողություններին: Իսրայելի բազմաթիվ քաղաքներում ռազմական գործողությունները դատապարտող բողոքի ակցիաներ են ընթացել, որոնց արդյունքում ձերբակալվել են 700 բողոքավորներ: Հարկ է արձանագրել, որ ներհասարակական դժգոհությունը գերազանցապես պայմանավորված էր Իսրայելի կառավարության ագրեսիայով, եւ հազիվ թե նույն վերաբերմունքին ականատես կլինեինք, եթե Իսրայելն ինքը ենթարկվեր հարձակման: Ի դեպ, չի կարելի նաեւ անուշադրության մատնել այն հանգամանքը, որ իսրայելական հասարակությունն ակտիվ ռազմական գործողությունների ականատեսն է պետության ստեղծման պահից ի վեր, ուստի լիովին օրինաչափ է, որ ամբողջ հասարակության ուշադրությունը կենտրոնացած չի եղել ճակատի վրա:
Մեր անմիջական հարեւաններից Վրաստանն էլ ռազմական ագրեսիայի ենթարկվեց 2008թ. ամռանը: Շատերը կհիշեն, որ Վրաստանում եւս հասարակական լարվածությունը հասել էր գագաթնակետին, եւ ներվրացական մթնոլորտն էլ գերշիկացած էր ամբողջ 8 օրերի ընթացքում: Վրացական հասարակությունն ամենուր քննարկում էր երկրի ռազմա-քաղաքական իրավիճակը, ԶԼՄ-ներն էլ կենտրոնացել էին կռվի թեժ կենտրոններից տեղեկատվություն փոխանցելու վրա: Իսկ իշխանությունն էլ վերից վար ձեռնամուխ էր եղել պատերազմին:
Հետաքրքիր է, որ ռուս-վրացական պատերազմ սկսող Ռուսաստանում նույն տրամադրությունները չէին գերիշխում՝ գերազանցապես պայմանավորված Ռուսաստանի հարձակողական կարգավիճակով: Անշուշտ, ռուսական եթերը կրկին լի էր Վրաստանը սեւացնելով, բոլոր մեղքերի մեջ վրացիներին մեղադրելով, բայց անհնար է հավասարության նշան դնել այդ երկու հասարակությունների մոտ գերիշխող տրամադրությունների միջեւ: Կարող ենք վստահաբար պնդել, որ այսպիսի իրավիճակը խիստ բնորոշ է այն երկրներին, որոնք անակնկալի են գալիս ռազմական ագրեսիայից:
Արդ, Հայաստանում հնգօրյա պատերզամն իսկական շոկային վիճակ առաջացրեց: ԶԼՄ-ների, հասարակության, քաղաքական ուժերի, պետական մարմինների ամբողջ ուշադրությունն ուղղված էր ռազմաճակատին, ինչն առաջին հերթին բացատրելի է իրավիճակի աննախադեպությամբ: Չափազանցություն չթվա, սակայն վերջին օրերի ռազմական գործողությունների շարունակականության կամ մոտ ապագայում «փուլային» տարեբարակով կրկնման դեպքում իրավիճակն անխուսափելիորեն ընկալվելու է իբրեւ ստանդարտ ու օրինաչափ: Վերջապես, եթե Իսրայելում հակամարտության 2014թ. սրումը տեւել էր 7 շաբաթ, եւ հարձակվող կողմն էլ հենց հրեաներն էին, ապա մեզ մոտ պատերազմի մեկնարկն ու ավարտը հապճեպորեն եղան: Հաշվի առնելով հայկական կողմի զոհերի աննախադեպ քանակը` կարող ենք փաստել, որ համատարած ուշադրությունը դեպի առաջնագիծ լիովին բնական էր: Իհարկե, իշխանություններն էլ, իրենց հեռուստաընկերություններով նվազ ներդրում չունեցան հասարակական տրամադրությունների գերլարման վրա, բայց նման պայմաններում հազիվ թե տրամաբանական այլընտրանք էր հնարավոր առաջարկել:
Հիշեցնենք, որ 1990-ականների սկզբի պատերազմը տեւել էր ավելի քան 4 տարի եւ, բնականաբար, պատերազմի վերջում արդեն հասարակության ուշադրությունը ռազմական գործողությունների վրա մարում էր: Բայց չէ՞ որ Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում նույն էյֆորիան էր տիրում, ինչի ականատեսը եղանք օրեր առաջ: Պարզապես այսօր հեռուստալիքների սփռվածությունն ու համացանցի առկայությունը պատկերն ավելի ցցուն են դարձնում: Միանշանակ է, որ բոլորին պարուրած սպասումի ու ամենօրյա աշխատանքով զբաղվելու անկարողությունը հաղթահարվելու էր շաբաթների, եթե ոչ օրերի ընթացքում ճիշտ այնպես, ինչպես 1990-ականներին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
«ԻՆԵԿՈԲԱՆԿԸ» ԴԵՌ ՀԱՊԱՂՈՒՄ Է ՕԳՆԵԼ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Արդյո՞ք հայկական բանկերը պատրաստվում են առաջիկայում զրոյացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքների՝ բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անատոլի Տիրոսյանի հետ:
-Պարո՛ն Տիրոսյան, հնարավո՞ր է, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն էլ փոխզիջման գնա:
-Եթե լինի համապատասխան որոշում, ապա անպայման դա կիրագործվի: Ընդհանրապես, երբ վարկառուն մահանում է, կայացվում է համապատասխան որոշում:
-Խոսքը վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների մասին է: Երբ զինծառայողը իր անունով վերցրած վարկ չունի, բայց ընտանիքի անդամներն ունեն: Այս դեպքում հնարավո՞ր է՝ զրոյացվեն այդ վարկային պարտավորությունները:
-Ցանկացած վարկ ունի անհատական պատմություն եւ պայմաններ: Մարդիկ տարբեր են, հետեւաբար վարկերն էլ են տարբեր: Երբ գոյանում է որոշակի խնդրանք վարկառուից կամ նրա ծանոթներից, հարազատներից, ապա բանկը միշտ պատրաստ է քննարկել, որոշումներ կայացնել: Առայժմ որեւիցե խնդրանք, առաջարկ նմանատիպ վարկերի մասով մենք դեռ չենք ստացել:
-Պարո՛ն Տիրոսյան, այսօր (երեկ, Ս. Հ.) պարզ դարձավ, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն պատրաստակամ է զրոյացնել ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների՝ բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները:
-Եթե «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն դա արել է, ապա հիմքեր է ունեցել: Եթե նմանատիպ հիմքեր մենք ունենանք, անպայման մենք պատրաստ ենք վերանայել նաեւ մեր մոտեցումները:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՄԻ ԴԱՏԱՎՈՐ՝ ՈՂՋ ՄԱՐԶՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ներկայումս քաղաքացիական հայցերով գործեր քննող միայն մեկ դատավոր կա՝ Արման Կուրեխյանը: Վերջինիս նստավայրը Նոյեմբերյան քաղաքն է, սակայն նա դատական նիստեր է անցկացնում նաեւ Իջեւանում, Դիլիջանում՝ կտրելով տասնյակ կիլոմետրեր: Դատավորն այդ ընթացքում իրեն վտանգի է ենթարկում, քանի որ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մի հատվածը՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը, ձգվում է ադրբեջանական դիրքերի դեմ դիմաց: Այդ հենակետերից երբեմն հրաձգային կրակ է բացվում ճանապարհով երթեւկող ավտոմեքենաների վրա: Արման Կուրեխյանն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Օրինակ՝ մարտի 31-ին, ապրիլի 6-ին, ապրիլի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Կուրեխյանը թվով 20-ական նիստեր ուներ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ այդ օրերին տարբեր գործերով դատական նիստերը նշանակված էին իրարից 5-10 րոպե հետո: Բնականաբար նման մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելը կարող է ազդել արդյունավետության վրա: Քաղաքացիական հայցերի մեծ մասը վերաբերում է հայցվորների պահանջով պարտապաններից գումար բռնագանձելուն: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից տեղեկացանք, որ Տավուշում դատավորների համալրում սպասվում է առաջիկա ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին: Այսպիսով` մինչ Երեւանում դատավորների քանակի ավելցուկ կա, սահմանամերձ Տավուշի մարզը քաղաքացիական հայցեր քննող մեկ դատավորով է յոլա գնում:
ԲԱՂԱՆԻՍՈՒՄ ՎՆԱՍՆԵՐ ՉԿԱՆ
Ապրիլի 6-ի երեկոյան՝ ժամը 23-ից մինչեւ 23-անց 30-ը, ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Կրակը բացվել է 12.7 մմ տրամաչափի գնդացիրներից՝ «ԴՇԿ»-ներից: Բաղանիսի բնակիչներն ասացին, որ ադրբեջանական կրակոցներն իրենց համար արդեն սովորական են դարձել, ապրիլի 6-ի կրակոցներից գյուղում էական վնաս չկա: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը, որը ձգվում է սահմանի երկայնքով, բաց է, շատ վարորդներ այժմ այդ վտանգավոր ճանապարհով են երթեւեկում: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Տավուշի սահմանագոտու բնակավայրերում համեմատաբար հանգիստ է, ապրիլի 6-ի գիշերը ադրբեջանական գնդակոծությունը Վարդենիսի վրա ավելի ուժեղ է եղել, քան Բաղանիսի վրա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ