Հարց քաղաքացիներից` բնակարանի համասեփականատերն առանց մյուսի համաձայնության իրավունք ունի՞ վաճառել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եւ տղաս ապրում ենք մի բնակարանում, որի վրա դատական վճիռ կա (50% բաժնեմասով ապրելու եւ օգտագործելու): Ամուսինս, որը հանդիսանում է տվյալ բնակարանի սեփականատերը, կարո՞ղ է առանց իմ կարծիքը հաշվի առնելու վաճառել այդ բնակարանը: Ես իրավունք ունե՞մ արգելել նրան վաճառել բնակարանը:

Տաթեւիկ Հարությունյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի գրությանն ի պատասխան՝ հայտնվում է հետեւյալը.
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց:

Նույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Միաժամանակ անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով:

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝

1. Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու եւ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ օրենքներով նախատեսված չեն այնպիսի դեպքեր, երբ անձի կողմից բնակարանի ձեռքբերման հիման վրա կդադարեցվի իր մյուս բնակարանի նկատմամբ սեփականության կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, բացառությամբ սեփականության իրավունքով պատկանող եւ նոր ձեռքբերվող բնակարանների փոխանակման դեպքում:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պետական գրանցման սուբյեկտները պարտավոր են գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների փոփոխության հետ կապված ցանկացած իրավական գործարք 30 օրվա ընթացքում ներկայացնել անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում: Պետական գրանցման հետ կապված վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:




Լրահոս