ԻՆՉՈՒ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԵԿՆԵՑ ՄՈՍԿՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգամ քառօրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի եւ մեր մյուս «դաշնակիցների» նվաստացուցիչ պահվածքից հետո ՀՀ իշխանությունները չկարողացան մազաչափ ինքնուրույնություն դրսեւորել եւ հրաժարվել Մոսկվա տեղափոխված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին վարչապետի մակարդակով մասնակցելուց:

Ինչպես հայտնի է՝ այդ նիստը պետք է տեղի ունենար Երեւանում, ապրիլի 7-ից 8-ը: Սակայն ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին հայտարարվեց, որ նիստը հետաձգվում է մինչեւ ապրիլի 13-ը եւ տեղափոխվում Մոսկվա: Այս քայլը ԵՏՄ անդամ երկրները, այսինքն՝ մեր դաշնակիցները, պատճառաբանեցին նրանով, թե իբր եթե այդ նիստը Հայաստանում տեղի ունենա, ապա հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին այն կընկալվի իբրեւ Հայաստանին սատարելու քայլ եւ անհավասարություն կմտցնի կողմերի միջեւ: Այլ կերպ ասած՝ Հայաստանի «դաշնակիցները» նախընտրեցին հանուն ԵՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանին չնեղացնելու չգալ Երեւան:
Այս փաստը հաշվի առնելով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանական վերնախավում ակտիվորեն քննարկվում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու հարցը: Մեր տեղեկություններով՝ հիմնական մոտեցումը եղել է այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպետք է գնա Մոսկվա: Սակայն մյուս կողմից ընդհանրապես չմասնակցելը եւս համարվել է սխալ: Ըստ այդմ, գերակշռել է այն տեսակետը, որ առավել ճիշտ կլինի, եթե Մոսկվա մեկնի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Հայաստանի «գործընկերներին» հասկացնի, որ նրանց վարքը ամենեւին վայել չէ դաշնակցին: Իսկ Հովիկ Աբրահամյանն, ի ցույց իր «գործընկերների», կարող էր մեկնել Արցախ:
Նախօրեին հենց այս մոտեցումն էր գերակշռում: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, կգնա Մոսկվա: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ այդ քայլը Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ է արվել, թե Սերժ Սարգսյանի հրահանգով: Ամեն դեպքում այն ոչ միայն Հայաստանի շահերից չի բխում, այլեւ ուղղակի հարվածում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը: Ավելին՝ ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի` Մոսկվա մեկնելու գլխավոր դրդապատճառներից է եղել նաեւ ռուսական հնարավոր «հարձակումից» իր եւ իշխանության մնացած բարձրաստիճան ներկայացուցիչների «անվտանգությունն» ապահովելը: Բանն այն է, որ Հայաստանի կոռումպացված իշխանավորների մեծամասնությունը Ռուսաստանում միլիոնավոր դոլարներ է ներդրել: Եվ եթե ՀՀ ղեկավարությունը համարձակվեր ռուսական կողմին ատամ ցույց տալ, ապա ռուսական մամուլը կարող էր առնվազն փաստերով ցույց տալ, թե ուր են կորել Հայաստանի պետբյուջեի փողերը: Սա կլիներ ռուսական կողմի ամենամեղմ արձագանքը: Չի կարելի բացառել նաեւ այն տարբերակը, որ եթե ՀՀ ղեկավարությունը հանդգնություն դրսեւորեր, ապա ռուսական կողմը կարող էր գործնական քայլեր ձեռնարկել` Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ:
Այսինքն՝ եթե Հայաստանի կոռումպացված իշխանությունները նախկինում արգելակում էին պետության տնտեսական զարգացումը` ՀՀ քաղաքացիներին դրդելով արտագաղթի, ապա այսօր արդեն դարձել են պետության անվտանգության ուղղակի սպառնալիք:
Ստեղծված իրավիճակում կոռումպացված պաշտոնյաներից ազատվելու խնդիրը դառնում է օրհասական հարց: Իշխանական շրջանակներից ստացվող լուրերը վկայում են, որ Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներից շատերը հույս ունեն, թե Արցախի շուրջ այս լարված վիճակը կանցնի, եւ երկիրը կվերադառնա իր նախկին կենսակերպին: Այլ կերպ ասած, հույս ունեն, որ իրենք հնարավորություն կունենան նախկինի պես պետական միջոցների հաշվին հարստանալ, եւ հայ հանրության մեծամասնությունն այդ երեւույթի նկատմամբ նույնքան անտարբեր կլինի, ինչպես նախկինում: Ցավոք, մեր իշխանավորները այդպես էլ չեն ընկալում, որ Հայաստանը ապրիլի 2-ից հետո փոխվել է: Այսօր արդեն նույնիսկ իշխանական մամուլն է արձանագրում, որ պետական միջոցներով հարստացող պաշտոնյան պետական դավաճան է: Հայաստանի հանրային մթնոլորտը փոխվել է, հետեւաբար իշխանավորները եւս պետք է փոխվեն: Սերժ Սարգսյանն առայժմ կարող է ինքը նախաձեռնել այդ փոփոխությունները: Իսկ եթե նա ինքնակամ դա չանի, ապա հանրությունն այդ փոփոխությունները կպարտադրի, ինչը հաստատ շատ ցավոտ կլինի ներկայիս իշխանավորների մեծամասնության համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
«Ժողովուրդ»-ը երեկվանից փորձում է պարզել, թե ՀՀ կառավարության գործարար անդամները որքան գումար են փոխանցել Արցախին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, ինչպես հայտնի է, գործարար-նախարարներից մեկն է: Նրա ընտանիքին է պատկանում «Արտֆուդ» ընկերությունը: Մինչեւ նախարար նշանակվելը Կարապետյանը զբաղված էր այդ ընկերությունը ղեկավարելով: Ներկայումս ընկերությունը ղեկավարում է նախարարի որդին՝ Վաչագան Կարապետյանը: Նախարարի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 198 մլն դրամ, 70 հազար դոլար, 65 հզր 400 եվրո: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 7 մլն 340 հզր դրամ, բացի այդ՝ գույքի օտարումից ստացել է 36 մլն դրամի եկամուտ: Բայց որպես օգնություն Արցախին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փոխանցել է 581 հազար 306 դրամ: Սա նախարարի մեկ ամսվա աշխատավարձն է:
Մենք կշարունակենք հետեւել այս թեմային, որպեսզի պետության հաշվին իրենց բիզնեսը ծաղկեցնող յուրաքանչյուր պաշտոնյա այսօր օգնի Արցախին ժամանակակից սպառազինություն ունենալու հարցում:

 

 

ՀԱԿ-Ի ԾԱԽՍԵՐԸ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հրապարակել է անցած տարվա ֆինանսական հաշվետվությունը: Ըստ այդմ, 2015-ի տարեսկզբին կուսակցության ֆինանսական մնացորդը եղել է 502 հազար դրամ: Անցած տարվա ընթացքում կուսակցության անդամավճարները կազմել են 2 մլն 12 հազար դրամ, իսկ ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվությունը՝ 1 մլն 60 հազար դրամ: Բացի այդ՝ կուսակցությունը պետբյուջեից ստացել է 682 հազ. դրամի ֆինանսավորում: ՀԱԿ-ը 1 մլն 818 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարների, 176 հազար դրամի հարկ եւ տուրքերի եւ 40 հազար դրամ էլ տրանսպորտային ծախսերի համար: 508 հազար դրամի ծախս էլ հայտարարագրել է «այլ ծախսեր» տողով: 2015-ի վերջին ՀԱԿ-ի մնացորդը կազմել է 1 մլն 715 հազար դրամ:

 

 

ԽՄԲԱԳՐԻ ԴԵՄ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս անցած տարվա հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մի շարք հրապարակումների հեղինակներին: Հիշեցնենք, որ այդ հրապարակումներում նախարարի կնոջը մեղադրել էին ուրիշի ավտոմեքենայով վթարի պատճառ դառնալու մեջ, որի արդյունքում մեկ մարդ էր զոհվել: Այդ նյութերը տպագրվել էին «Հայկական ժամ» կայքում, հեղինակ Ալիս Խեչոյանի կողմից: Սակայն իրավապահները հեղինակին այդպես էլ չէին հայտնաբերել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում որոշում է կայացվել կայքի խմբագիր Աննա Գեւորգյանին մեղադրանք առաջադրել սուտ մատնության հատկանիշներով: Այսպիսով, իրավապահները նախարարին եւ նրա վիճարկվող անցյալ ունեցող կնոջը սիրաշահելու համար ոտնահարում են ՀՀ օրենսդրությունը՝ հրապարակման համար լրատվամիջոցի խմբագրին մեղադրանք առաջադրելով, ինչը կարող է շատ վտանգավոր նախադեպ դառնալ:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ
Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբի փոխնախագահ Ֆրանսուազ Գրեսետետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ եւ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին գրավոր հարցադրում ներկայացրել` հորդորելով քայլեր ձեռնարկել` հրադադարի պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ: Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Խորդի Սեբաստիան էլ նշել է, որ ԼՂ¬ում տեղի ունեցած դեպքերի հետ կապված նամակ է հղել Մոգերինիին, որտեղ ընդգծել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում քաղաքացիական անձանց նկատմամբ ցուցաբերած բռնությունների փաստերը: Նա հորդորել է Եվրոպական միությանը վերջ տալ հրադադարի խախտման հարցում «կողմերին կոչեր անելուց», այն դեպքում, երբ ակնհայտ է կոնկրետ հանցագործը:

 

ԼՂՀ-Ն ՆԵՐԱՌԵԼ
Եվրախորհրդարանի Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժոզեֆ¬Մարիա Տերիկաբրասը (Իսպանիա) ելույթ է ունեցել ԵԽ լիագումար նիստում` պահանջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում: «ԼՂ-ն ամբողջությամբ ժողովրդավարական ինստիտուտ է` օրինակելի դատական համակարգով եւ կոռուպցիայի ցածր մակարդակով: Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի բանակցային գործընթացի մեջ, քանի որ նրանք են որոշում երկրի բնակիչների ապագան: Ռազմական հակամարտությունը մեկընդմիշտ լուծելու նպատակով անհրաժեշտ է միջազգայնորեն պաշտոնապես ճանաչել նոր անկախ պետությունը»,¬ ասել է իսպանացի խորհրդարանականը:

 

ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 14-15-ը մեկնելու է Թուրքիա, որտեղ մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության հերթական նիստին:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Կ. Տ Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարեւորել են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումը՝ ի նպաստ համազգային կարեւորագույն խնդիրների ու առկա մարտահրավերների լուծման:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:
 

ԱԱԽ ՆԻՍՏ
Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման եւ քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետեւանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:

 

 

ՊԱՐԳԵՎ` ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գեւորգ Մանուկյանը եւ հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանը երեկ պարգեւատրվել են մեքենաներով: Պարգեւները հերոսներին են փոխանցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նշենք որ ավտոմեքենաները նվիրվել են բարերարների՝ Կարեն Խաչատրյանի եւ Արթուր Վարժապետյանի կողմից:




Լրահոս