Անտառների ապօրինի հատումներ եղել են, շարունակվում են. Արամայիս Գրիգորյանը չի՞ խոստովանում, որ թերացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2015 թվականի տարեկան զեկույցում տեղ գտած իր ոլորտի քննադատություններին ու թերություններին, ասաց. «Մենք չենք թերացել, այո, կա խնդիր, անտառների ապօրինի հատումներ եղել են, շարունակվում են, բայց դա ներկայացնել, որ մենք գործունեություն չենք իրականացնում, բնականաբար, ճիշտ չեմ համարում»:
Հիշեցնենք, որ այդ զեկույցը հեղինակել է Մարդու իրավունքների նախորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը: Պարզապես գործող օմբուդսմենը իմի բերեց եւ հրապարակեց այն:

-Պարո՛ն Գրիգորյան, անցել է 15 օր, ինչ ՄԻՊ զեկույցը հրապարակվել է, ուսումնասիրել եք, թե ինչ խնդիրների մասին է բարձրաձայնել օմբուդսմենը:

-Ճիշտ ասած չեմ ուսումնասիրել:

-Ինչո՞ւ, ի՞նչն էր խանգարում:

-Զուտ ժամանակի առումով:

-Քանի որ Դուք դեռ չեք հասցրել ուսումնասիրել, ես կարող եմ կոնկրետ ասել, թե Ձեր ղեկավարած ոլորտում ինչ թերություններ են առկա, որը արձանագրել է օմբուդսմենը: Ըստ զեկույցի՝ նախարարությունն իր լիազորության շրջանակներում չի ձեռնարկել արդյունավետ միջոցներ բնապահպանության ոլորտում խախտումների բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ, ինչպես նաեւ չի իրականացրել ի սկզբանե նախատեսված քանակի բնապահպանական տեսչական ստուգումներ:

-Միգուցե զեկույցի մեջ նման տողեր կան, բայց Դուք պիտի նաեւ բացեք եւ նայեք մեր կայքը, որտեղ զետեղված են բոլոր նյութերը եւ հստակ գրված, թե մենք ինչ աշխատանքներ ենք արել: Բոլոր առումներով ներկայացրել ենք, թե ինչ աշխատանքներ են կատարվել նաեւ քրեական գործերի հետ կապված: Այսինքն՝ ոչ միայն տուժ-տուգանքներ կիրառելով անցել ենք, այլ նաեւ քրեական գործեր են եղել: Մենք պետք է հասկանանք, որ պահպանվող տարածքները եւ «Հայանտառը» դրանք տարբեր բաներ են, եւ «Հայտանտառում», եթե կատարվում են որոշակի չարաշահումեր, եւ այսօր արդեն կան քրեական գործեր հարուցված, բնական է՝ մենք այնտեղ անելիք չունենք: Բանն այն է, որ իրավապահ մարմինները մեզ պիտի ներկայացնեն համապատասխան փաստաթուղթ, թե երկրորդ անգամ ինչի հիման վրա պետք է ստուգում իրականացվի: Որտեղ որ կան քրեական խնդիրներ, այնտեղ բնական է, որ իրավունք չունենք ստուգումներ իրականացնել:

-Խոսքը ի սկզբանե նախատեսված քանակի բնապահպանական տեսչական ստուգումների մասին է:

-Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, այն բոլոր տեղերը, որոնք առնչվում են բնապահպանության նախարարությանը եւ պարտադիր տեսչական ստուգումներ են պահանջում, մենք դա իրականացնում ենք:

-Զեկույցում անդրադարձ կա նաեւ, որ Ձեր ղեկավարած կառույցը 2015թ.-ին պատշաճ կերպով վերահսկողություն չի իրականացրել ապօրինի անտառահատումների դեպքերի հայտնաբերման, ինչպես նաեւ դրանց կանխարգելման եւ բացառման ուղղությամբ:

-Ապօրինի անտառահատումների հետ կապված դա իրականություն է, կան ապօրինի հատումներ, բայց եւս մեկ անգամ կուզենայի, որ տարբերակեին «Հայանտառ» եւ հատուկ պահպանվող տարածքներ հասկացությունները:

-Այսինքն՝ ՄԻՊ-ի ներկայացրած բացթողումներ ձեւակերպման հետ այդքան էլ համամիտ չե՞ք:

– Կիսում եմ տեսակետը, որ կան ապօրինի հատումներ, բայց ինչ է նշանակում, որ աշխատանք չի արվել, եթե մենք գնում ենք, ֆիզիկական անձին եւ իրավաբանական անձին տուժեր ենք ներկայացնոմ կամ քրեական գործ հարուցում, դա աշխատա՞նք չէ: Կրկնում եմ՝ մենք չենք թերացել, այո, կա խնդիր, անտառների ապօրինի հատումներ եղել են, շարունակվում են, բայց դա ներկայացնել, որ մենք գործունություն չենք իրականացնում, բնականաբար, ճիշտ չեմ համարում:

-Իսկ պատրաստվո՞ւմ եք Ձեր դժգոհությունները ներկայացնել ՄԻՊ գրասենյակին՝ հայտնելով, որ համամիտ չեք:

-Նախորդ մարդու իրավունքների պաշտպանի հետ մենք զրուցել ենք եւ մենք կարողացել ենք ներկայացնել մեր տեսակետները եւ պնդել, որ մենք մեր աշխատանքները կատարել ենք:

-Իսկ ներկայիս Մարդու իրավունքների պաշտպանի՞ն:

-Դե, բնական է՝ նոր մարդ է, ինքը ներկայացրել է նախորդ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքները, եթե լինեն առանձնահատուկ խնդիրներ, բնական է՝ մենք կքննարկենք միասին:

Քնար Մանուկյան




Լրահոս