Նոր ԸՕ-ն կքննարկվի Աժ առաջիկա քառօրյայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ից սկսած` ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ընթացող պատերազմական գործողությունները երկրորդ պլան մղեցին բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում եւ նոր ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը: Վերջին օրերին, սակայն, սահմանային հարաբերական հանգստության ֆոնին վերստին սկսվեցին ԸՕ նախագծի քննարկումները: Թե որ փուլում են այժմ գտնվում այդ աշխատանքները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից:

-Պարո՛ն Սահակյան, ընտրական նոր օրենսգրքի քննարկումները այժմ ո՞ր փուլում են գտնվում:

-Քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ ե՛ւ մեր, ե՛ւ հասարակության, ե՛ւ բոլորի ուշադրությունը մեկ տեղ էր` հայ զինվորի հետ, Արցախում: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է խախտենք ընտրական օրենսգիրքը ընդունելու համար Սահմանադրությամբ ամրագրված ժամկետները:

Առաջիկա քառօրյայում, կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք ԸՕ-ն առաջին ընթերցմամբ քննարկել: Բայց մինչեւ առաջին ընթերցմամբ ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ լիագումար նիստերում քննարկելը, կունենանք մաքսիմալ քննարկված ընտրական օրենսգրքի նախագիծ:

Այս փուլում նորից ամփոփումներն են, քննարկումներն են: Մեզ են ներկայացվել բազմաթիվ գրավոր առաջարկություններ, որոնք մենք ի մի ենք բերում: Իրատեսական առաջարկությունները փորձում ենք ընդգրկել նախագծի մեջ, մյուսները քննարկման առարկա ենք դարձնում: Անցած քառօրյայում չքննարկելու իմաստը կայանում էր նրանում, որ կարողանանք ավելին անել այս առումով:

Քննարկումներ են ընթանում նաեւ 4+4+4 ձեւաչափի շրջանակներում եւ նմանատիպ մի քանի քննարկումներ մենք ունենք արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ: Կարծում եմ՝ ժամկետների մեջ մենք անպայման կհասցնենք:

-Նշվում է, որ հնարավոր է՝ ընդունվի ողջ ընտրական գործընթացը, այլ ոչ թե միայն գրանցումը էլեկտրոնային տարբերակով անցկացնելու եղանակը: Այդպե՞ս է, թե՞ ոչ:

-Ընտրական գործընթացը մենք պայմանական բաժանում ենք երեք փուլի` ընտրողների գրանցում, քվեարկություն եւ հաշվարկ: Մեր հնարավորությունները թույլ են տալիս ըտրողների գրանցման գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականցնել: Ըստ մեզ՝ դա բավականին կմեղմի կամ կփոքրացնի ընտրական գործընթացների հանդեպ անվստահությունը:

Մենք, անձամբ ես, ուսումնասիրել եմ ամբողջովին շղթայական էլեկտրոնային համակարգին անցնելու միջազգային փորձը, սակայն այն այդքան էլ չի խրախուսվում, դա պետք է լինի աստիճանաբար: Փորձել ենք այս պահին զերծ մնալ ամբողջապես ընտրություններն էլեկտրոնային համակարգով անցկացնելու գործընթացից: Բայց այս փուլում ընտրական գրանցման այն մեխանիզմները, որոնք որ մենք պատկերացնում ենք եւ որոնք կկարողանանք անխափան կիրառել, բավականին խնդիրներ կլուծեն:

զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս