«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ՀՀ կառավարության գործարար-նախարարների կողմից Արցախին օգնության համար փոխանցված գումարների չափը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ինչպես հայտնի է, «Ավշարի» գինու-կոնյակի գործարանի համասեփականատերն է:
Իր կողմից ներկայացրած պաշտոնական հայտարարագրով 2015 թվականի տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 776 հազար դոլար, 300 հազար ռուբլի, 969 մլն 167 հազար դրամ: Նախարարը նաեւ հայտարարագրել է շահաբաժնից ստացված 31 մլն 730 հազար դրամի եկամուտ, իսկ այլ աղբյուրներից հայտարարագրել է 46.5 մլն դրամի եկամուտներ: Մի խոսքով, Արամայիս Գրիգորյանն իրականում ոչ թե նախարար է, այլ գործարար, որը ձեռքի հետ նաեւ նախարարի գործ է անում:
Բնապահպանության նախարարությունից տեղեկացանք, որ միլիարդատեր նախարարը, ի տարբերություն իր մյուս գործընկեր նախարարներից մի քանիսի, ոչ թե մեկ, այլ երկու ամսվա աշխատավարձն է փոխանցել Արցախի օգնության հաշվեհամարին: Տվյալ դեպքում խոսքը 1 մլն 160 հազար դրամի մասին է: Նկատենք, որ այդ գումարը կազմում է նախարարի տարեկան եկամուտների մեկ տոկոսը: